
Ընտրություններով իշխանափոխություն չի լինելու, բայց քանի ընդդիմությունը գզում է իրար, պարտվելու ենք
«Դասեր» հաղորդաշարում հյուրերը տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ճարտարագետ, հանրային գործիչ Հրաչյա Խաչատրյանն էին:
«Քանի դեռ ընդդիմությունը համատեղ, իրար հետ բոլոր ուղղություններով չեն աշխատում, մենք միշտ պարտվելու ենք։ Այո՛, պետք է գնալ և՛ իմպիչմենտի ճանապարհով, և՛ պատրաստվել մյուս տարվա ընտրություններին։ Ինձ համար շատ ցավալի է տեսնել՝ ինչպես են երկու խոշոր ընդդիմադիր ուժերը գզում իրար։ Հնարավոր չէ, որ ընդդիմության երկու թևերն իրար ավելի շատ հարվածեն, քան իշխանություններին»,- ասաց Հրաչյա Խաչատրյանը՝ խոսելով իշխանափոխության հնարավորության մասին:
Նրա խոսքով՝ մեզ մոտ պետականության զգացումը շատ թույլ է զարգացած։ Մարդիկ կան՝ նախկիններից նեղացած են, բայց երբ պատճառը հարցնում ես, դուրս է գալիս նեղ անձնական խնդիր։
«Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ պետությունը զոհաբերեն նեղ անձնական գզվռտոցի արանքում»,- ասաց նա։
Հովհաննես Ավետիսյանն էլ նկատեց՝ ընդդիմության պառակտվածությունը հետևանք է ունենալու։ Եվ հետևանքը լինելու է այն, որ ժողովուրդն ավելի քիչ մասնակցություն կունենա 2026-ի ընտրություններին, ինչը միայն Նիկոլ Փաշինյանին է օգուտ լինելու. կվերընտրվի ու իր ձեռքի տակ կունենա Արամ Զավենի Սարգսյանի նման խամաճիկ ընդդիմություն։
«Ընդդիմության մի թևն ասում է՝ դեմ է իմպիչմենտին, բայց նաև որևէ այլ բան, այլ օրակարգ չի առաջարկում: Ի դեպ, ես ընդհանրապես չեմ հավատում ընտրությունների միջոցով իշխանափոխությանը Նիկոլ Փաշինյանի պարագայում, բայց ընտրությունները ժողովրդական ցասման համար թրիգեր կարող են լինել»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: