ԱԺ-ն նորոգել է վերելակները, ձեռք բերել նոր տեխնիկա և գույք, կազմակերպել հյուրասիրություն. Մայիսը՝ ԱԺ-ում

Մայիսյան զարթոնք է Ազգային ժողովում. խորհրդարանի աշխատակազմը հերթական թարմացումներով է որոշել հրաժեշտ տալ գարնանը։

Հենց ամսվա սկզբին Ազգային ժողովի 2024 թվականի կարիքների համար աթոռների և սեղանների ձեռքբերման նպատակով 3 միլիոն 381 600 դրամ արժողությամբ պայմանագիր է կնքվել։ Գնումը կատարվել է էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով, իսկ որպես մատակարար է ընտրվել խորհրդարանի սրտի մատակարար Արգավանդ կահույք ՍՊԸ-ն։

Այս ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկեր, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի ընտանիքին։
Հիշեցնենք՝ Վահան Նարիբեկյանն Արգավանդ համայնքի նախկին համայնքապետ Սամվել Նարիբեկյանի որդին է։ ԱԺ-ում պաշտոն ստանձնելուց հետո Վահան Նարիբեկյանը ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը փոխանցել էր եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանին։

Կարդացեք նաև

168.amը պարբերաբար նկատել է՝ ԱԺ-ում պաշտոնի նշանակվելուց հետո պետգնումներում այս ՍՊԸ-ն գերակտիվությունը չէր դադարեցրել, ու հենց նույն ոգով էլ շարունակում է մատակարարումները պետական տարբեր գերատեսչություններին՝ նաև 2023 թվականի փետրվարին Վահան Նարիբեկյանի՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացումից հետո։

Գնանշման հարցում ընթացակարգով էլ Ազգային ժողովը ԲԻԼԴԵՐՍ ՍՊԸ-ին պատվիրակել է ԱԺ 3 վերելակների մեքենայական սրահների ընթացիկ նորոգման աշխատանքները։ Այս պայմանագրի գինը 2 միլիոն 130 630 դրամ է։
Այս ընկերությունը, ի դեպ, պետգնումներում ակտիվություն է սկսել 2018 թվականից՝ e-register իրավաբանական անձանց գրանցամատյանի համաձայն՝ գրանցումից 2 ամիս անց։

Մայիսի 10-ին կնքված երկու պայմանագրերով ԱԺ ընթացակարգով ԱԺ աշխատակազմը ՆԱՌ-ԱՎ ՍՊԸ-ից ձեռք է բերել սառնարաններ՝ 498 հազար դրամով, և 1 միլիոն 180 008 դրամով հեռուստացույցներ՝ ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ-ից։

Մի քանի օր անց խորհրդարանի աշխատակազմը մեկ անձ գնման ընթացակարգով Ազգային ժողովի կարիքների համար պաշտոնական պատվիրակությունների ընդունելության՝ հյուրասիրության ծառայություններ է ձեռք բերել Կամո Սմբաթյան ԱՁ-ից. պայմանագրի գինը՝ 3 միլիոն դրամ։ Տեխնիկական բնութագրի համաձայն՝ մատուցման հասցեն Գառնի գյուղում է, իսկ պաշտոնական հյուրասիրությունը պետք է ներառի սառը և տաք խորտիկներ, աղցաններ, տաք ուտեստներ, ապուրներ, սառը և տաք ըմպելիքներ և այլն։

Տեսանյութեր

Լրահոս