Նարիբեկյանի «Արգավանդ կահույքը»-ը շարունակում է կահույք մատակարարել պետական տարբեր մարմիններին

Փետրվարին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը «գուժեց» Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացումը:

Բայց սա դեռ ամենը չէ. լրատվամիջոցը տեղեկացրել էր՝  հեռացումը պայմանավորված է մամուլում շրջանառվող այն տեղեկություններով, ըստ որի՝ Վահան Նարիբեկյանն Ազգային ժողովին կցված մեքենաների պետական համարանիշները տրամադրել է իր ազգականներին ու մտերիմներին՝ դրանով իսկ չարաշահելով իր իսկ աշխատանքային լիազորությունները։

«Նույն լուրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ հրահանգել էր րոպե առաջ աշխատանքից ազատել Վահան Նարիբեկյանին, հանձնարարել քննության առնել Վահան Նարիբեկյանի գործունեությունը ու ջրի երես հանել նրա հետ կապված բոլոր կոռուպցիոն դրսևորումները»,- Փաշինյանի «սկզբունքայնությունը» ի ցույց դնելու նպատակով՝ գրել էր Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը:

Պատմությունը Նարիբեկյանի գործունեությունը «ջրի երես» հանելու Փաշինյանի գործուն քայլերի մասին դեռևս լռում է, բայց ահա armeps պետգնումների համակարգը շարունակում է «խոսել» Նարիբեկյանների ընտանեկան բիզնեսի՝ «Արգավանդ կահույք»-ի նոր հաջող գործարքների մասին:

Կարդացեք նաև

Վահան Նարիբեկյանի հեռացումից հետո շուրջ երկու ամիսների ընթացքում այս ընկերությունը պետական տարբեր մարմինների հետ հասցրել է կնքել 7 պայմանագրեր, որից երկուսը՝ մեկ անձ ընթացակարգով:

Պատվիրատուների թվում են Էկոնոմիկայի և Շրջակա միջավայրի նախարարությունները՝ 600 հազար և 570 հազար դրամ արժողությամբ պայմանագրերով, Մասիսի համայնքապետարանը՝ 255 հազար դրամի գնմամբ,  «Հայաստանի հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն՝ 800 հազար դրամ,   Կոտայքի մարզպետարանը՝  756 հազար դրամ, և ՀՀ Սահմանադրական դատարանը՝ 660 հազար դրամ արժողությամբ պայմանագրերով:

Դեռ նախորդ տարի մայիսին տեղեկացրել էինք, որ Նարիբեկյաններին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է մեկ տասնյակ պայմանագրեր, այդ թվում՝ մեկ անձից գնման կամ առանց մրցույթի ընթացակարգով:

Այդ հրապարակումից հետո միլիոնավոր դրամների այլ պայմանագրերով «Արգավանդ կահույքը» շարունակում էր ընթացքը՝  տասնյակ պայմանագրեր կնքելով վարչապետի աշխատակազմի, Հանրային հեռուստաընկերության, Երևանի պետական համալսարանի, ոստիկանության, ՊԵԿ-ի և  մի շարք նախարարությունների հետ:

Հիշեցնենք՝ 2021 թ. օգոստոսի 3-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվեց Ալեն Սիմոնյանի ընկեր Վահան Նարիբեկյանը՝ հենց Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։ 

168.am-ն այդ օրերին ամփոփ նկարագրով անդրադարձել էր Վահան Նարիբեկյանին՝ մասնավորապես տեղեկացնելով, որ նա Արգավանդ համայնքի նախկին համայնքապետ Սամվել Նարիբեկյանի որդին է, «Արգավանդ կահույք» խանութների տնօրենը և սեփականատերը:

Ըստ բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերի՝ հենց Նարիբեկյանի «Արգավանդ կահույքն» էր անմիջապես իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականի դեկտեմբերին, հաղթող ճանաչվել «Ազգային ժողովի կողմից զանազան կահույքի ձեռքբերման նպատակով կազմակերպված էլեկտրոնային աճուրդում»։

Ի դեպ, այս նշանակումից հետո նա տնօրենի պաշտոնը փոխանցել է եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանին, բայց նշանակումից հետո գնումները ոչ միայն չեն պակասել, այլև մեծ թափ են ստացել: Հեռացումից հետո էլ, փաստորեն, Նարիբեկյանին չեն մոռացել:

Տեսանյութեր

Լրահոս