Պետք է անհապաղ ներկայացնել իրական իշխանափոխության ծրագիր, Սրբազանի օհնությամբ ժողովրդին վերջապես ներկայացնել քաղաքական առաջնորդի արժանավոր թեկնածուին. Դավիթ Անանյան
Փաստերն այնպիսին են՝ ինչպիսին կան, դրանք ընդունելն առաջին քայլն է դեպի ճշմարտություն, այն հիմքը, որի վրա կարելի է կառուցել և զարգացնել ազգային և համաժողովրդական ձգտումը։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Մենք կանգնած ենք փոփոխությունների շեմին և շարժումը՝ աննկուն Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, դեռ շարունակում է հանդիսանալ հույսի փարոս՝ արդարության և ճշմարտության ծարավ ժողովրդի համար։
Բայց ժամանակն է առերեսվելու ճշմարտությանը. այս շարժումը, չնայած իր բոլոր ակնհայտ ազդեցիկ բնութագրերին, այնուամենայնիվ, չի դարձել լիովին ազգային կամ համաժողովրդական: Այո, եթե այդպես լիներ, ներկա վարչախումբը վաղուց անցյալում կլիներ։
Եվ խնդիրը ոչ այնքան շարժման ռազմավարական ու մարտավարական մոտեցումների մեջ է, և, ակնհայտորեն՝ նրա առաջնորդ Բագրատ Սրբազանի մեջ չէ, ում ուսերը ստիպված են կրել սպասելիքների հսկայական բեռ, շատ հաճախ գերագնահատված և ուռճացված։ Խնդիրը մեր մեջ է՝ մարդկանց մեջ։ Մեզանից շատերը դեռևս մնում են անհաղորդ ու անտարբեր մեր երկրի ճակատագրի և մեր երեխաների ապագայի նկատմամբ։
Բագրատ Սրբազանը և ՀԱԵ բարձր հոգևորականությունը հայտնվել են ժամանակի պահանջների առջև, երբ ամբողջ հանրությունը նրանցից ոչ միայն հոգևոր առաջնորդություն, այլև քաղաքական խորաթափանցություն է ակնկալում։ Ժողովուրդը նրանցից պահանջում է ընդունել այնպիսի որոշումներ և կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք տասնամյակներ շարունակ մնացել են ակնկալիքների երազանքներում։ Մենք արագ փոփոխություններ ենք ուզում՝ հենց հիմա և հենց այստեղ, այնինչ՝ իրական փոփոխությունները պահանջում են ժամանակ, համբերություն և, առաջին հերթին, մասնակցություն:
Շատերը պետք է գիտակցեն, որ իրենց գործուն ներկայությունն ու մասնակցությունը կարևոր է շարժման համար: Եվ ոմանք էլ գուցե կարիք ունենան գիտակցելու, որ իրենց ակտիվ ու աչքի ընկնող մասնակցությունը ոչ թե օգնություն է, այլ խոչընդոտ: Եթե վստահ չեք, թե որ կատեգորիային եք պատկանում, ամենադյուրին ճանապարհը ժողովրդի մեջ, ձեր զուտ մասնակցությամբ ընդհանուր գործին նպաստելն է:
Ակնհայտ է, որ Տավուշյան շարժման ներուժը հսկայական է և այն դեռ ամբողջությամբ չի իրացվել, քանի որ մեզանից շատերը դեռ չեն «արթնացել»։ Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ վճռականություն դրսևորենք և արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում և որոշումների մեջ։ Պետք է անհապաղ ներկայացնել իրական իշխանափոխության ծրագիր, Սրբազանի օհնությամբ ժողովրդին վերջապես ներկայացնել քաղաքական առաջնորդի այն արժանավոր թեկնածուին, ով պատրաստ կլինի վերցնելու քաղաքական պայքարի ղեկն իր ձեռքը։
Մենք կանգնած ենք խաչմերուկում և ամեն օր կարող է լինել կամ վերելքի, կամ անկման սկիզբ: Ակտիվ մասնակցեք շարժմանը, քանի որ մեզանից յուրաքանչյուրից է կախված՝ կհասնենք գագաթի՞ն, թե՞ դրան չհասած ցավալիորեն վայր կընկնենք, ինչը կհանգեցնի ազգային ողբերգության։ Ամեն ինչ մեր ձեռքերում է: Եղեք համարձակ և վճռական, սեփական մասնակցությամբ ձգտեք միասնության, քանզի դրա մեջ է հաջողության բանալին»,- գրել է նա։