Պետք է բացառել հայկական ԶՈՒ ցանկացած նահանջ. Դիվանագետների համահայկական խորհրդի կազմած փաստաթուղթը

Տավուշի գործընթացը պետք է որակել անօրինական` ուժի սպառնալիքի ներքո, թվացյալ խաղաղության պայմաններում։ Հանրապետության հրապարակում այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության հանրահավաքին հայտարարեց ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։

«Մեզ սպառնում են պատերազմով` ասելով, որ իրենց անօրինականության այլընտրանքը պատերազմն է, բայց մեր այլընտրանքը խաղաղությունն է։ Ալիևը լավ էր ձևակերպել` առանց կրակոցի, իրենց պայմաններով ստացել են գյուղեր։ Որևէ երաշխիք չկա պատերազմը կանխելու, և հերթական պատերազմի վտանգը կախված է ժողովրդի գլխին։ 2 երկրների միջև խաղաղության պայմանագրի և դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ սահմանազատում անելը աննախադեպ է և հակաօրինական, և հակասահմանադրական»,– հայտարարեց նա։

Ըստ նրա` սահմանազատման համար հիմք է բանակցող կողների համատեղ մեթոդաբանությունը` հիմնվելով ԽՍՀՄ ներպետական ակտերի վրա, հետևաբար Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող նման հիմք հանդիսանալ։

«Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների միջև սահմանների որոշման վերաբերյալ տեղի է ունեցել ընդամենը երկու օրինական գործընթաց` 1928-29 թթ. երկու հանրապետությունների Գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզներ, իսկ մյուսը` 1984-87 թթ. Հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից երկուստեք ստորագրված որոշումները։ Մյուս բոլոր փաստաթղթերը չունեն իրավական ուժ»,– ընդգծեց Մելիքյանը։

Նրա խոսքով` Տավուշում ներկայումս սահմանազատման և սահմանագծման գործընթացում կոպտորեն խախտվում են նաև ԵԱՀԿ կողմից ընդունված սահմանազատման և սահմանագծման սկզբունքները, որոնցով առաջնային կարևորություն է տրվում բնակչության կենսաապահովմանը, տրանսպորտային և այլ կարևորագույն ենթակառուցվածքների անընդհատելիությանը։

«Այլևս կասկած չի հարուցում, որ միակողմանի զիջումները տարածվելու է հայ–ադրբեջանական ողջ սահմանով։ Հանձնելով կենսական նշանակություն ունեցող պաշտպանական դիրքերը` էլ ավելի է թուլանում մեր պահպանողականությունը։ Հետևաբար պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխում` մինչև հայ–ադրբեջանական սահմանի մաբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտ»,– ընդգծեց նա։

Մելիքյանը հիշեցրեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի համար առաջին հերթին պետք է հայ–ադրբեջանական միջպետական համաձայնություն, որը պետք է պարտադիր վավերացված լինի երկու երկրների խորհրդարանների կողմից։

«Եթե այդ գործընթացի ընթացքում ՀՀ–ից որևէ տարածք անցնի Ադրբեջանին, ապա այդ հարցը պետք է լուծվի հանրաքվեով»,– նշեց նա։

ՀՀ ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը հայտարարեց, որ Ադրբեջանը հրահրելու է նոր, տեղային սադրանքներ հայկական բնակավայրերի վրա` հոգեբանական ճնշումներով, լոկալ ընդհարումների միջոցով վախի մթնոլորտ ստեղծելով։

«Միակողմանի զիջումների պարագայում Ադրբեջանն անընդհատ առաջ է քաշելու նոր պահանջներ` միջանցքի տրամադրում, փախստականների վերադարձ, Սահմանադրության փոփոխություն, Ադրբեջանի դեմ հայցերի չեղարկում և այլն»,– նշեց նա։

Ու այս ամենը, նրա խոսքով, մեր երկրում լինելու է մի իշխանության օրոք, որի ղեկավարման տարիներին եղել է 4 պատերազմ, բազմահազար զոհեր, կորուստներ ու նվաստացման ճանապարհ։

«Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը, և իշխանությունների վարած արկածախնդիր քաղաքականության արդյունքում հայտնվել է չափազանց ծանր իրավիճակում և ոչ կենսունակ պետության վերածվելու կացության մեջ»,– հայտարարեց Մելիքյանը։

Նա այն համոզմանն է, որ պատերազմն այսօր կարող է սկսվել միայն ՀՀ ներկա իշխանությունների ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխադարձ համաձայնության արդյունքում։

Տեսանյութեր

Լրահոս