Հայ-ռուսական հարաբերություններից անվտանգության բաղադրիչը դուրս է գալիս, մնում է տնտեսականը այս փուլում․  Տարասով

Մայիսի 8-ին Կրեմլում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստից հետո կայացավ Փաշինյան-Պուտին առանձնազրույցը։ Ամիսներ ձգվող շփման բացակայության ֆոնին հանդիպումը բավականին ինտրիգային էր, քանի որ ՀՀ իշխանությունները հասցրել էին այս ընթացքում մի շարք հակառուսական նախաձեռնություններ ու հայտարարություններ անել։ Տևական ժամանակ էր, ինչ ռուսական կողմը հայտարարում էր, թե սպասում է Փաշինյան-Պուտին շփման, սակայն դա տեղի չունեցավ ոչ մի առիթով, այդ թվում՝ Պուտինի վերընտրությունից հետո, երբ Փաշինյանը կարող էր հեռախոսազանգով շնորհավորել ռուս գործընկերոջը։ Այնուամենայնիվ նախօրեին կողմերը հանդիպեցին ԵԱՏՄ հոբելյանական միջոցառման շրջանակում։ Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես որոշակի դժվարություններ կան, սական դրանք չպետք է ուռճացվեն, սա բնական երևույթ է։

«Պետք չէ չափազանցնել զրույցի բարդությունը։ Իհարկե, մեր երկկողմ հարաբերություններում կան որոշակի խնդրահարույց թեմաներ։ Բայց, մյուս կողմից, որքան սերտ է երկու երկրների փոխգործակցությունը, որքան լայն է երկկողմ հարաբերությունների համալիրը, այնքան հաճախ են տարբեր խնդիրներ հանդիպում և առաջանում»,- հայտարարեց Պեսկովը՝ նշելով, թե Մոսկվան հիմնականում դրական է վերաբերվում Երևանի հետ հետագա հարաբերությունների հեռանկարներին։

Ըստ նրա՝ «առաջնորդներն ունեն քաղաքական կամք՝ դրանք քննարկելու համար»։

Հանդիպումը մեկնարկեց կարճ հրապարակային մեկնաբանություններով, որից հետո շարունակվեց մի փոքր ավելի, քան մեկ ժամը։ Հանդիպման ավարտին կողմերը տարածեցին միայն հանդիպման հրապարակային հատվածում Փաշինյանի ու Պուտինի կարճ ելույթները, չմանրամասնելով, թե մեկ ժամ տևող հանդիպման ընթացքում իրականում ինչ հարցեր են քննարկվել։

Կարդացեք նաև

ՌԴ նախագահն իր խոսքում նշեց, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ: Ըստ Պուտինի՝ առաջին հերթին ուշադրություն են դարձնում տնտեսական համագործակցությանը, իսկ նախորդ տարվա ընթացքում առևտրաշրջանառության աճը զգալի է եղել, ինչը կապված է ՀՀ-ի կողմից արտահանման աճի հետ ՌԴ:

«Առևտրաշրջանառությունը մեր երկրների միջև կազմել է ավելի քան յոթ միլիարդ դոլար, նման ծավալ մեր առևտրատնտեսական կապերում երբեք չի եղել: Իհարկե, կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության աճի հետ կապված, կան հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում անվտանգությանը, այժմ բաց ռեժիմով դրանք չենք քննարկի, բայց կա հնարավորություն ԵԱՏՄ աշխատանքի հարթակում խոսել մեր հարաբերությունների ողջ համալիրի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության հարցերին անդրադառնալ»,- ուշագրավ շեշտադրմամբ անվտանգության հարցերը կապելով ԵԱՏՄ հարթակի հետ՝ նշել է Պուտինը։ Իր հերթին՝ Փաշինյանն ասել է, որ վերջին անգամ մենք հանդիպել ենք դեկտեմբերին, այս ընթացքում, իհարկե, կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել: «Իհարկե, տնտեսական հատվածն արդեն քննարկել ենք նիստի ընթացքում, և վստահ եմ, որ այժմ կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցերը, տարածաշրջանային հարցերը»,- նշել է Փաշինյանը։ Այս հատվածից այն կողմ հանդիպումն անցավ փակ մթնոլորտու։

Սակայն այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից, ՌԴ սահմանապահների գործունեությունը կդադարեցվի նաև «Զվարթնոց» օդանավակայանում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերման մասին, սակայն դրանք կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին։ «Այո, դա ճիշտ է, 2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականներն ու սահմանապահները տեղակայվել են Հայաստանի մի շարք շրջաններում։ Փաշինյանն ասել է, որ այսօր փոփոխված պայմանների պատճառով այլևս դրա անհրաժեշտությունը չկա, այդ պատճառով էլ նախագահ Պուտինը համաձայնել է, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է»,- ասել է Պեսկովն «Ինտերֆաքս»-ին:

Միաժամանակ նա նշել է, որ «կրկին հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին»։ «Նրանք կմնան այնտեղ և կշարունակեն կատարել իրենց գործառույթները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ընդհանուր առմամբ, ըստ Պեսկովի, Պուտինի և Փաշինյանի հանդիպմանը «հիմնականում քննարկվել է մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան»։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ հանդիպումը սպասվածից ավելի հանգիստ մթնոլորտում է անցել, քանի որ հայկական կողմը ցանկացել է հանել սահմանապահներին, այդ նախաձեռնությամբ հանդես էր եկել ամիսներ առաջ, և այս հանդիպումը հաստատեց այդ որոշումը։

Ըստ նրա, ՌԴ նախագահի խոսքում շեշտադրությունը տնտեսական, առևտրատնտեսական հարաբերությունների և ԵԱՏՄ-ի վրա պատահական չէր, որով ռուսական կողմը ցույց տվեց, որ դեմ չէ դրան։

«Կարծում եմ՝ ռուսական կողմը պատրաստ է հետագա զարգացումների ևս։ Այս պահին հարաբերություններում մնում է տնտեսական բաղադրիչը, իսկ անվտանգային պատասխանատվությունը Ռուսաստանից դուրս է գալիս, ինչը նշանակում է, որ նաև մեղադրանքներ չեն լինի։ Ավելին՝ պատասխանատվությունը ՀՀ անվտանգության կհայտնվի Արևմուտքի տիրույթում, քանի որ ՀՀ-ում եվրոպացի դիտորդներ են սահմաններին։ Թեև նրանց ներկայությունը կարծես չի վերացնում պատերազմի սպառնալիքները, ինչպես ՀՀ իշխանություններն իրենք են հայտարարում, որ կա նման վտանգ։

Կարծում եմ՝ այլ ինտրիգներ փնտրելու կարիք չկա, քանի որ տնտեսական հարցերում կողմերի միջև կա փոխըմբռնում, իսկ անվտանգության բաղադրիչը դուրս է գալիս, ինչը կանխատեսելի էր, դատելով ՀՀ իշխանությունների քայլերից, ինչպես նաև ՌԴ իշխանությունների տրամադրվածությունից»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նա նշեց, որ ՌԴ-ն արդյունավետ համագործակցում է Ադրբեջանի հետ։

«Պատկերացումն այն է, որ Անդրկովկասում դա բավարար է։ Սակայն իրավիճակը չպետք է դիտարկել ստատիկ, քանի որ անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, այդ թվում՝ ուշագրավ են զարգացումները Վրաստանում, ռեգիոնալ ուժերի միջև ևս, ուստի հայ-ռուսական մակարդակում տեղի ունեցողը կանխատեսելի է, սակայն դա երկարաժամկետ ու ռազմավարական հանգրվան չէ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս