Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Պեկինում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում չինական կողմին կոչ է արել օգտագործել Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ հարաբերություններում իր հեղինակությունը՝ նրանց աշխարհաքաղաքական որոշումների վրա ազդելու համար:

Այս մասին նա ասել է Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների արդյունքների շուրջ ապրիլի 26-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք նաև քննարկել ենք մի քանի տարածաշրջանային ու գլոբալ ճգնաժամեր, որտեղ Չինաստանը կարող է կառուցողական դեր խաղալ: Ես կոչ արեցի Չինաստանին օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի Իրանն ու նրա համախոհները հետ կանգնեն Մերձավոր Արևելքում հակամարտությունն ընդլայնելուց», – Բլինքենի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

«Ես նաև խնդրել եմ ճնշում գործադրել Փհենյանի վրա՝ դադարեցնելու իր վտանգավոր պահվածքը և երկխոսության մեջ մտնելու», – հավելել է Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում, որտեղ հանդիպումներ է ունեցել իր պաշտոնակից Վան Իի, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ինչպես Շանհայում, այնպես էլ Պեկինում։

Տեսանյութեր

Լրահոս