Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
Ասիայում տաքացումն ավելի արագ է տեղի ունենում, քան աշխարհում, և 2023 թ. այն մոլորակի մյուս տարածաշրջաններից ամենաշատն է տուժել կլիմայի և եղանակի հետ կապված բնական աղետներից: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության զեկույցում։
«Կլիմայական վիճակն Ասիայում 2023 թվականին» ուսումնասիրության հեղինակներն արձանագրել են «կլիմայի հիմնական ցուցանիշների փոփոխության տեմպերի արագացում, ինչպիսիք են միջին ջերմաստիճանը, տեղումների քանակը, սառցադաշտերի նահանջը և ծովի մակարդակի բարձրացումը»: Նրանք կանխատեսում են, որ դա «լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանի բնակչության, տնտեսության և էկոհամակարգերի վրա»։
Ինչպես նշում է կազմակերպությունը, 2023 թ. Ասիան «մնացել է աշխարհի այն տարածաշրջանը, որն ամենից շատ է տուժել բնական աղետներից՝ եղանակային, կլիմայական և ջրի հետ կապված երևույթներով պայմանավորված»։
«Ասիայում տաքացումն ավելի արագ է տեղի ունենում, քան աշխարհում միջին տեմպերը: Տաքացման արագությունը գրեթե կրկնապատկվել է 1961-1990 թթ. ընկած ժամանակաշրջանի համեմատությամբ», – ասվում է զեկույցում:
2023 թ. Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում ծովի մակերևույթի ջերմաստիճանն «ամենաբարձրն է եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում»: 12 ամսում Ասիայում տեղի է ունեցել, ընդհանուր առմամբ, վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների հետ կապված 79 աղետ։ Դրանց ավելի քան 80 %-ը պայմանավորված է եղել հեղեղումներով ու փոթորիկներով, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 2 000 մարդ և անմիջականորեն տուժել 9 միլիոն մարդ։
«Տարածաշրջանի շատ երկրների համար 2023 թ. ամենաշոգն է եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում և ուղեկցվել ծայրահեղ երևույթների փոթորկմամբ` երաշտից ու տապի ալիքներից մինչև ջրհեղեղներ ու փոթորիկներ:
Կլիմայի փոփոխությունը մեծացրել է նման երևույթների հաճախականությունն ու ինտենսիվությունը՝ խորը ազդեցություն ունենալով հասարակության, տնտեսության և, ինչն ամենագլխավորն է, մարդկանց կյանքի ու միջավայրի վրա, որտեղ մենք ապրում ենք», – զեկույցի հրապարակման կապակցությամբ ասել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Անդրեա Սելեստե Սաուլոն: