Փաշինյան-Պուտին ի՞նչ շփում նկատի ունի Պեսկովը

«Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ «կարճաժամկետ հեռանկարում»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի մասին հարցին՝ Պեսկովն ասել է, որ Երևանից որևէ ազդանշան չի եղել ռուսաստանյան ռազմակայանի՝ Հայաստանից դուրսբերման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ստեփանավանում, «Ազատության» հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը փաստացի հաստատել էր, որ ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշից։

Դրա վերաբերյալ Պեսկովը նշել է․ «Կրկին այդ առումով ազդանշաններ չեն եղել։ Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»։

Կարդացեք նաև

Ի դեպ, հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակում 2021 թվականին Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանին ռուսական սահմանապահ կետեր են տեղակայվել։

Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել էր Պուտինի հետ շփմանն իր ոճի մեջ՝ տարօրինակ ձևակերպումներով։ Նա, մասնավորապես, ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կլինի՝ շեշտելով՝ չհանդիպելու պլաններ չունեն։ Իսկ թե երբ, Փաշինյանն ասել էր, որ այս պահին չի կարող ասել։

«Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց ե՞րբ, կոնկրետ ո՞նց, այս պահին չեմ կարող ասել»,- ասել էր Փաշինյանը։ Մայիսի 8-ին Ռուսաստանում տեղի կունենա՝ ինչպես ԵԱՏՄ հոբելյանական հավաքը, այնպես էլ՝ Պուտինի երդմնակալության արարողությունը։ Նշենք, որ ՌԴ նախագահական ընտրություններից հետո ՀՀ իշխանությունները հեռախոսազանգով չեն շնորհավորել ՌԴ նախագահին, այլ պարզապես ուղերձ են հղել։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական, տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ ՌԴ նախագահի խոսնակն ամենայն հավանականությամբ «անձնական շփում» ասելով՝ նկատի ունի կա՛մ հեռախոսազրույցը, կա՛մ ուղիղ հանդիպումն առաջիկա միջոցառումների շրջանակում։

Ըստ նրա, երկար ժամանակ կողմերի միջև հեռախոսազրույց չի կայացել հայկական կողմի նախաձեռնությամբ, ուստի չի բացառվում, որ պարիտետը պահելու նպատակով Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններից հետո ռուսական կողմը նման շփում նախաձեռնի, որը առիթ կարող է հանդիսանալ նաև հրավերների համար։

«Սակայն չի բացառվում, որ նման բան ռուսական կողմը չնախաձեռնի, սպասի հայկական կողմից զանգի կամ գրավոր հրավերով հանդես գա՝ սպասելով հայկական կողմի արձագանքին։ ԵԱՏՄ հոբելյանական միջոցառումը, այնուամենայնիվ, այնպիսի միջոցառում է, որին ՀՀ-ն կարող է մասնակցել, և դա Արևմուտքից լուրջ արձագանքի չի արժանանա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն չի լքում ԵԱՏՄ-ն, քանի որ համարժեք բոնուսներ չի կարող ստանալ Արևմուտքից։

Սակայն մասնակցություն-չմասնակցությունը հայ-ռուսական հարաբերություններում միմիայն մի բաղադրիչ է։ Ընդհանուր առմամբ, հարաբերությունները խախտված են, ՀՀ իշխանությունները քիչ-քիչ ՌԴ ներկայությունը ՀՀ-ում նվազեցնում են, դուրս բերեցին սահմանապահներին օդանավակայանից, հիմա անցել են սահմաններին»,- նկատեց նա։

Սրան, նրա կարծիքով, կհաջորդեն այդ ներկայությունը նվազեցնելու բոլոր հաջորդ փուլերը։

«Սակայն, կարծում եմ, էական է մնում այն, որ ՀՀ-ն ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ է, այս անդամությունը պահպանվում է, սակայն մյուս կողմից՝ ռուսական ներկայությունը դուրս է բերվում։ Արևմուտքից լուրջ երաշխիքների դեպքում ՀՀ իշխանությունները վաղուց կլքեին եվրասիական կազմակերպությունները։

Իսկ առաջիկա շփումն այս ամենի մեջ շատ փոքր նյուանս է, որը կարող է տեղի ունենալ թե Մոսկվայի, թե Երևանի նախաձեռնությամբ, թե նաև հանդիպմամբ, քանի որ առջևում ՌԴ-ում միջոցառումներ են սպասվում։ Սակայն կոնկրետ երդմնակալության արարողության մասնակցությունը, թերևս, ՀՀ արևմտյան գործընկերների համար խնդիր կդիտարկվի։

Հենց դա է պատճառը, որ Երևանն այդ մասին դեռ որևէ որոշում չի հայտնում՝ փորձելով ցույց տալ, թե չի մասնակցելու։ Գուցեև այդպես լինի, բայց չի բացառվում նաև հակառակը, քանի որ նախատեսվում է նաև ԵԱՏՄ միջոցառում, որոնք Երևանը չի բոյկոտում։ Ուստի ՀՀ իշխանությունները բարդ ընտրության առջև են կանգնած՝ մեկնել Մոսկվա, մասնակցել ԵԱՏՄ միջոցառմանն ու ՌԴ նախագահի երդմնակալությա՞նը, թե՞ բոյկոտել երկու միջոցառումն էլ»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս