Ազատազրկվածների վերաբերյալ հանրային մեկնաբանություն անել չենք կարող. Զառա Ամատունին՝ Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին

Ապրիլի 19-ին Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածած հայտարարությամբ տեղեկացրեց, որ Բաքվի բանտում պահվող Վարդանյանը հացադուլ է հայտարարել։

Հատկանշական է, որ հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին նախատեսված դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս:

«Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ և վիճակով: Ավելի քան 200 օր մենք չենք տեսել նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլն սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել»,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին։

 168.amԿարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ արդյո՞ք ապրիլի 5-ից հետո այցելել են պատանդառության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին։

Կարդացեք նաև

«Այս առիթով միակ բանը, որը կարող եմ ասել, այն է, որ մեր հերթական տեսակցությունը բոլոր ազատազրկված անձանց տեղի է ունեցել ապրիլ ամսին, ամսաթիվ չենք կարող հրապարակել, ինչպես նաև այս կապակցությամբ այլ տեղեկատվություն։

Հարցերը, որոնք վերաբերում են ազատազրկվածներին՝ չենք կարող հանրային մեկնաբանություն անել, որովհետև այդ հարցերը մեզ մոտ խիստ կոնֆիդենցիալ են։ Նման հարցերը մենք քննարկում ենք ընտանիքի անդամների հետ, անձի հետ անմիջապես և նրանց համար պատասխանատու պաշտոնյաների հետ։ Բովանդակային առումով հանրության համար որևէ տեսակի տեղեկություն, բացի այն, որ տեսակցել ենք, տվել ենք հնարավորւթյուն կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, չենք հրապարակում։ Սա է տեղեկատվության այն շրջանակը, որից դուրս այլ տեղեկատվություն, անկախ հանգամանքներից, չենք մեկնաբանում՝ մեր աշխատանքի ձևաչափից ելնելով»,- եզրափակեց Զառա Ամատունին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

Նշենք նաև, որ անցած տարի սեպտեմբերին ապօրինաբար ձերբակալված Ռուբեն Վարդանյանին և Արցախի Հանրապետության ևս 7 նախկին ու գործող պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ՝ քաղաքական դրդապատճառներով:

Տեսանյութեր

Լրահոս