Հերթական «համակարգային բարեփոխումն» է տապալման վտանգի տակ
Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը տապալման վտանգի տակ է։ Հերթական խելքից դուրս «համակարգային բարեփոխումն» են նախաձեռնել և, ինչպես միշտ, կանգնեցրել ձախողման առաջ։ Ստիպված մի քանի ամսով որոշել են հետաձգել անցած տարվա եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման ժամկետը։
Եվ սա՝ այն պարագայում, երբ եկամուտների համատարած հայտարարագրման պահանջն այս փուլում, կարելի է ասել, շատ քչերին է վերաբերում։
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել, երբ բոլորը հայտնվեն հայտարարագրման տակ։
Ի սկզբանե նախատեսված էր, որ նախորդ տարվա արդյունքներով, հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև մայիսի 1-ը։ Մայիսի 1-ը վերջնաժամկետն էր, բայց քանի որ ձախողել են, ստիպված տեղափոխել են։
«Հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը և հաշվի առնելով, որ 2023թ․ համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանում նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր, 2023թ․ համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի օրվանից 81 օրով՝ մինչև սույն թվականի հուլիսի 22-ը»,- օրերս այսպիսի իրազեկում-հայտարարություն արեց Պետեկամուտների կոմիտեն։
Սա նվազագույն քայլն էր, որին իշխանությունները ստիպված էին գնալ՝ իրենց ձախողումների հետևանքները մեղմելու համար։ Այլապես մայիսի 1-ից հետո պարզվելու էր, որ բազմաթիվ հայտարարատուներ հայտարարագրեր չեն ներկայացրել ու պետք է ենթարկվեն պատասխանատվության։
Չնայած դեռ մեծ հարց է, թե ժամկետի հետաձգումից հետո ինչքանով կհաջողվի շտկել իրավիճակը։ Սա դեռ սկիզբն է։ Խնդիրները հետո են ի հայտ գալու, երբ սկսվի հայտարարագրերի համընդհանուր ներկայացումը։ Այս տարի դա վերաբերում է համեմատաբար շատ ավելի սահմանափակ թվով քաղաքացիների։
2023թ. եկամուտների մասին պետք է հայտարարագիր-հաշվետվություն ներկայացնեն պետական և համայնքային աշխատակազմերում աշխատողները, ովքեր նախկինում չեն ներկայացրել, ավելի քան 1 մլրդ դրամ հասույթ գրանցած ընկերությունների մասնակիցները, ինչպես նաև 20 մլն դրամ և ավելի փոխառություններ ստացած քաղաքացիները։
Խոսքը շուրջ 120 հազար մարդու մասին է, իսկ արդեն խնդիրների պակաս չկա։
Այս փուլում խնդիրները ծագել են նույնականացման հետ կապված։ Հայտարարագիր ներկայացնելու համար քաղաքացիները պետք է ինքնանույնականացվեն էլեկտրոնային եղանակով: Բայց շատերն ի վիճակի չեն, շատերն էլ մեծաքանակ հերթերի պատճառով չեն կարողանում նույնականացման քարտեր ձեռք բերել։ Խնդիրն այն է, որ հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային հարթակից կարելի է օգտվել միայն նույնականացման քարտի կամ բջջային քարտի օգնությամբ։ Դա էլ ստիպել է տասնյակ-հազարավոր քաղաքացիների՝ դիմել վիզաների վարչություն՝ համապատասխան քարտերը ձեռք բերելու համար, ինչի հետևանքով համակարգը կաթվածահար վիճակում է։
Բայց նույնականացման քարտերի ձեռքբերումն էլ դեռ բավական չէ հայտարարագիր ներկայացնելու համար։ Հարկավոր է ունենալ նաև նույնականացման քարտը կարդացող սարք, էլեկտրոնային ստորագրություն։
Սրանք բոլորը փող են, որոնց դիմաց ստիպված են լինելու վճարել քաղաքացիները՝ հայտարարագիր ներկայացնելուց առաջ։
Մեկ այլ փորձություն է լինելու հայտարարագրերի ներկայացումը։ Համակարգի տեխնիկական խնդիրները դեռ մի կողմ։ Այս փուլում, քանի դեռ հայտարարագրերի ներկայացման ակտիվություն չկա, տեխնիկական խնդիրներն այնքան էլ տեսանելի չեն։ Դրանք զգացնել կտան հետո, երբ համընդհանուր հայտարարագրման պահանջն ամբողջությամբ մտնի կիրառության մեջ, եթե, իհարկե, մինչ այդ կարողանան խուսափել համակարգի ներդրումը տապալելուց։
Թվում էր, թե այս փուլում հայտարարագրերի ներկայացումն ավելի հեշտ է լինելու, շատ ավելի հարթ է ընթանալու, քանի որ առնչվելու է հիմնականում պետական ու համայնքային աշխատողներին, ովքեր համեմատաբար ավելի տեղեկացված են էլեկտրոնային համակարգերից։ Իսկ ի՞նչ է լինելու, երբ հայտարարագիր ներկայացնելու պահանջի տակ հայտնվեն հարյուր-հազարավոր թոշակառուները, ովքեր հեռու են այս ամենից։
Նրանք էլ պետք է ունենան նույնականացման քարտ, էլեկտրոնային ստորագրություն, քարտը կարդացող սարք, համակարգիչ, համակարգչից օգտվելու հնարավորություն։ Այդ ամենից հետո էլ՝ հայտարարագրերի ներկայացման հարթակ մուտք գործելու և հայտարարագիր լրացնելու հմտություն։ Կոպեկ-կոպեկ պետք է հաշվետվություն տան իրենց եկամուտների, այդ թվում՝ այն գումարների վերաբերյալ, որոնք ստացել են, ասենք, արտերկրում գտնվող իրենց հարազատներից, որպեսզի չնչին թոշակների հետ կարողանան գոյություն պահպանել։
Սա լինելու է մի խայտառակ գործընթաց, որի տակից դուրս չեն գալու։ Եթե ներդրման այս փուլում են արդեն ձախողում, հետոն դժվար չէ պատկերացնել։
Նույնիսկ փորձառուները չեն կարողանում էլեկտրոնային հայտարարագրեր ներկայացնել, ո՞ւր մնաց թե՝ թոշակառուներն ու մյուսները ներկայացնեն։
Պատահական չէ, որ արդեն այսօր այն դարձել է որոշ մարդկանց համար փող աշխատելու միջոց։ Գործ են բացել՝ փողով հայտարարագրեր ներկայացնելու հայտեր են ընդունում։ Գներն էլ պակաս չեն՝ ընդհուպ տասնյակ հազար դրամների են հասնում։
Քիչ է, մարդկանց պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել, մի բան էլ այնպիսի համակարգ են դրել, որ շատերը ստիպված են ծանր փորձությունների միջով անցնել, նույնականացման քարտ ձեռք բերել, էլեկտրոնային ստորագրություն գնել, վերջում էլ գումար վճարել ուրիշներին՝ իրենց փոխարեն հայտարարագրերը լրացնելու ու ՊԵԿ ուղարկելու համար։ Այլապես հետագայում չեն խուսափի տույժերից ու տուգանքներից։
Դեռ չհաշված, որ հայտարարագրերի ներկայացումից հետո պարտադրված են լինելու վճարել չվճարած հարկերը՝ եկամուտների, նաև այն եկամուտների դիմաց, որոնք ստացվել են դրսից, այսպես կոչված, աշխատանքային ու սոցիալական տրանսֆերտների տեսքով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ