Տավուշի 4 գյուղերն արվում է՝ որպես սահմանազատման նախնական գործողություն. Կանոնակարգը կվավերացվի ԱԺ-ում. Նիկոլ Փաշինյան
Այսօր Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանում շատ «ալերգիկ» վերաբերմունք կա անկլավների-էսկլավների թեմայի վերաբերյալ, սակայն Հայաստանը չի կարող հրաժարվել այդ թեմայից։
«Հայաստանի 29.743 քկմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը Հայաստանի տեսակետից էքսկլավ է, իսկ Ադրբեջանի համար՝ անկլավ։
Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք։ Ինչպե՞ս ենք պատրաստվում անդրադառնալ, ի՞նչ ենք պատրաստվում անել, ի՞նչ սկզբունք ենք դնում սեղանի վրա։
Մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից՝ անկլավի դե յուրե ՀՀ մաս լինելը։ Երբ մենք դա դե յուրե կհիմնավորենք, արդեն պետք է տեղի ունենա Արծվաշենի սահմանի սահմանազատում, որովհետև այնտեղ էլ ինքը պարփակված է սահմանով, և գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կան։ Ուշադրություն դարձրեք, որ Ադրբեջանի հետ երեկվա պայմանավորվածության մեջ կա, որ սահմանազատման հանձնաժողովները նախ կընդունեն համատեղ աշխատանքի կանոնակարգը, որոնք կանցնեն ներպետական համաձայնեցման ընթացակարգեր։ Նախնական մեր հետազոտությունը ցույց է տվել, որ կարծես թե մենք դա պետք է վավերացնենք ԱԺ-ում։
Դրանից հետո պետք է համաձայնեցնենք այն հատվածները, որտեղ իրականացվում է սամանազատում, և հերթով սահմանազատելով՝ գնալու ենք առաջ։
Այն պայմանավորվածությունը, որը երեկ ձեռք է բերվել, նշանակում է՝ նախնական արձանագրում, քաղաքական արձանագրում ՀՀ 29.743 քկմ տարածքի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հնարավոր է՝ Կիրանցում 1,2,3,4 տների հետ կապված խնդիրներ լինեն, եթե խնդիրներ լինեն, ապա դա երբևէ, որևէ պարագայում չի նշանակում, թե ՀՀ տարածքը 29.743 քկմ տարածքից պակասեց այդքան հատվածով՝ ամբողջի բալանսի մեջ այդքան տարածք, ըստ նրա՝ պահպանվելու է։
«Տավուշի այս 4 գյուղերն արվում է՝ որպես սահմանազատման նախնական գործողություն, բայց այդ ընթացքում շատ կարևոր է արձանագրել, որ համաձայնեցվել են կանոնակարգի հիմնարար սկզբունքները։ Եթե նկատել եք, համատեղ հայտարարությունում կա «սահմանազատման հիմնարար սկզբունք» արտահայտությունը, որը կարձանագրվի նաև կանոնակարգի մեջ։ Այսինքն՝ սա մենք, որպես նախնական սահմանագծում, իրականացրել ենք, նախնական փուլում, որպես մեկնարկ սահմանագծման։ Եվ սահմանազատման հանձնաժողովների 8 հանդիպումների ընթացքում և գործնականում մենք տեսել ենք, թե կանոնակարգն ինչ խնդիրներ պետք է լուծի, որովհետև շատ է լինում, որ օրենք ենք ընդունում, հետո կիրառելուց մեկ շաբաթ հետո գնում-տեսնում ենք, որ փոփոխության կարիք կա։ Եթե ներպետական կարգերում դա ինչ-որ ձևերով տանելի է, միջպետական հարաբերություններում՝ ոչ»,- շեշտեց նա։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից երեկ հրապարակված արձանագրությամբ հիմնական սկզբունքը ֆիքսել են։
«Ասում ենք, որ սահմանը պետք է վերարտադրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, որն ասում է, որ Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող ադմինիստրատիվ սահմանները վեր են ածվում պետական սահմանների։
Հիմա մեր խնդիրն է՝ գնալ ու տեսնել, թե որոնք են դե յուրե փլուզման պահին այդ սահմանները և ո՞ր քարտեզների վրա են դրանք արտահայտված։
Ես խորհրդարանի ամբիոնից ասել եմ, որ մեր սահմանները մեկ թվականի քարտեզով չեն։ Նախկինում գուցե իրադրության այլ պատճառով մի քիչ դժվար էր սա ներկայացնելը, բայց տեսեք՝ 2024 թվականին որոշում է Բաղանիս, Բաղանիս-Այրում, Ոսկեպար-Ասկիպարա-Կիրանց-Խեյրիմլի ինչ-որ հատվածներ։ Այստեղ մենք ունենալու ենք 2024 թվականի քարտեզ, հիմնված նախկին որևէ քարտեզի հիման վրա։ Այս տարի հնարավոր է՝ մենք այլ հատվածներ սահմանագծենք, որը կֆիքսվի 2024 թվականի քարտեզով, բայց ակնհայտորեն մենք այս տարի ամբողջը չենք ավարտելու։ 2025 թվականի քարտեզ էլ է լինելու, մեծ հավանականությամբ, 2026 թվականի էլ։
Երեկվա արձանագրության ամենակարևոր քաղաքական արձանագրումն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրը դառնում է բազային սկզբունք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի համար, որն արձանագրվում է կանոնակարգով»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում