Սամվել Վարդանյանի պաշտպանները նրան խոշտանգելու մասով հաղորդում են ներկայացրել, իսկ Սամվելին մեղադրանք առաջադրվեց թշնամանք հրահրելու համար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերն Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի հետևանքով ձերբակալված Սամվել Վարդանյանին Քննչական կոմիտեից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին դաժան ծեծի էին ենթարկել։

«Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, ձեռքերով խփում, սեռական բնույթի ամենաայլանդակ հայհոյանքները տալիս, թքում վրան, իջեցնում են տաբատը, դուբինկան դեմոնստրատիվ պահում ոտքերի արանքում»,- երեկ այդ առիթով հրավիրած ասուլիսի  ժամանակ ասել է Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ մի քանի րոպե ծեծելուց հետո Սամվելին տառացիորեն շպրտել են մեքենայի մեջ:

Մինչ այդ ինչ-որ աներևույթ զուգադիպությամբ՝ ձեռնաշղթայված Սամվել Վարդանյանին ուղեկցող ոստիկանների բնական կարիքները միաժամանակ են սկսում նրանց անհանգստացնել, ու վերջիններս, Սամվելին միայնակ թողնելով մեքենայի մեջ, գնում են դրանք հոգալու, ինչից հետո 3 դիմակավորված անձինք մեքենայից հանում են Սամվելին, ու տեղի է ունենում այն, ինչ ժողովրդավարության բաստիոնում պետք է որ տեղի չունենար։

Երեկ երեկոյան 168.am-ին ՆԳՆ-ից տեղեկացրեցին` նշանակված է ծառայողական քննություն, իսկ Քննչական կոմիտեից էլ ասացին` հանցագործության մասին հաղորդում չեն ստացել։

Կարդացեք նաև

ՔԿ մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանն այսօր ևս ասաց` ընթացակարգի համաձայն, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծվելու է այն բանից հետո, երբ Քննչական կոմիտեն կստանա պատշաճ հաղորդում։ Այս պահի դրությամբ հաղորդում չի ստացվել։

Դիմեցինք դատախազություն, քանի որ այդ կառույցն իրավասություն ունի մամուլի հրապարակումներն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին ու դրանց հիման վրա քրեական վարույթ նախաձեռնել։

«Արդյո՞ք դատախազությունը Սամվել Վարդանյանին խոշտանգելու, դաժան ծեծի ենթարկելու, արժանապատվությունը նվաստացնելու` մամուլի բազմաթիվ հրապարակումները, ԱԺ պատգամավորների գրառումներն ու նրա փաստաբանների` երեկ այդ առթիվ տված ասուլիսի ընթացքում հնչեցված փաստերը ընդունել է որպես հաղորդում հանցագործության մասին ու նախաձեռնել քրեական վարույթ, որովհետև դատախազությունն այդ լիազորությունն ունի»,- մեր հարցին ի պատասխան` գլխավոր դատախազությունից խոստացան այսօր ավելի ուշ պատասխան տրամադրել։

Մինչ դատախազությունը ձև է անում, թե մտածում է, տեղեկացանք, որ դատախազ Հայկ Ավետյանը Սամվել Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրել, այս անգամ՝ թշնամանք հրահրելու հոդվածով, ինչը արդեն կարող է կալանքի հիմք դառնալ:

Պաշտպանների խոսքով՝ Սամվել Վարդանյանն արդեն Շենգավիթի դատարանում է: Ռուբեն Մելիքյանը նաև ասաց, որ արդեն տվել են հաղորդում հանցագործության մասին Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար: Քննչական կոմիտեն արդեն գործելու լայն դաշտ ունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս