Ծեծողներից մեկը փակել է Սամվելի բերանը, որ չգոռա, օգնություն չկանչի. Իրավապաշտպանները մանրամասներ են հայտնում Սամվել Վարդանյանի դաժան ծեծի մասին

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր՝ ժամեր առաջ, գրել էր. «Երեկ` քպ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի»:

Հիշեցնենք, որ երեկ քաղաքացի Սամվել Վարդանյանը, հանրային տրանսպորտում տեսնելով Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանել էր «դավաճան վիժվածք», ինչից հետո պատգամավորը հարձակվել էր վերջինիս վրա:

Ավելի ուշ ոստիկանությունը, սակայն, Սամվել Վարդանյանին էր ձերբակալել խուլիգանության կասկածով, ապա տարածվեց Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, և քաղաքացին 72 ժամով տեղափոխվեց ՁՊՎ: Հենց Ձերբակալվածների պահման վայր գնալու ճանապարհին էլ փաստորեն Սամվել Վարդանյանը ենթարկվել էր դաժան ծեծի:

Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով մի խումբ պատգամավորների հետ ՁՊՎ-ում տեսակցել էր Սամվել Վարդանյանին, իր ֆեյսբուքյան էջում զարհուրելի մանրամասներ էր հայտնել:

Կարդացեք նաև

«Սամվելը ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ:

Վայրկյաններ անց բացվել է դուռը, երկու քաղաքացիական հագուստով դիմակավորվածներ նրան քարշ տալով իջեցրել են մեքենայից, բացառապես մի մութ տարածքում, որտեղ ոչինչ տեսանելի չի եղել մայրաքաղաք Երևանում, տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը ամենազզվելի ձևով, ապա բառացիորեն հետ են նետել ավտոմեքենայի մեջ:

2 րոպե անց ուղեկցող ոստիկանները եկել են՝ ասես ոչինչ չի եղել, ու նստել ավտոմեքենան՝ շարունակելով ճանապարհը: Իհարկե, հետաքրքրվել են, թե ինչու է հևում Սամվելը, սակայն անխռով տարել են նրան ժամանակավոր պահման վայր»,- մասնավորապես գրել էր Թագուհի Թովմասյանը:

Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը դեպքի առնչությամբ ասուլիս են հրավիրել:

Ռուբեն Մելիքյանն ասաց՝ վերջին անգամ երեկ գիշերը՝ 23:45-ին են տեսել Սամվելին, ինչից հետո նրան տեղափոխել են ՁՊՎ, և Պարույր Սևակի փողոցից մինչև Էրեբունի ճանապարհին գիշերը տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն: Դաժան ծեծի է ենթարկվել մարդ, ով ամբողջովին պետության պաշտպանության ներքո է գտնվել:

Վարազդատ Հարությունյանի խոսքով էլ՝ այն, ինչ իրենք լսել են Սամվել Վարդանյանից, կարող էին պատմել միայն Բաքվի բանտերից վերադարձած հայ գերիները:

«Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, ձեռքերով խփում, սեռական բնույթի ամենաայլանդակ հայհոյանքները տալիս, թքում վրան, իջեցնում են տաբատը, դուբինկան դեմոնստրատիվ պահում ոտքերի արանքում»,- ասաց Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ մի քանի րոպե ծեծելուց հետո Սամվելին տառացիորեն շպրտել են մեքենայի մեջ:

Նրա խոսքով՝ Սամվելը փոխանցել է, որ ծեծողներից մեկը փակել է իր բերանը, որ ինքը չգոռա, ապա տարել են ՁՊՎ, ուր արդեն եղել է Շտապ օգնության մեքենա:

Պաշտպան Հարությունյանը ենթադրեց, որ ծեծողները նախապես են կանչել Շտապ բուժօգնության մեքենան:

Ռուբեն Մելիքյանը նշեց՝ եթե մինչև վաղը քրեական վարույթ չհարուցվի, իրենք վաղը հաղորդում կտան հանցագործության մասին: Ասաց նաև, որ իրենք չեն մտածում, որ սա ոստիկանությունն է կազմակերպել:

«Այո՛, նրանք հանցակից են, բայց սա ուղիղ կազմակերպված է հենց ՔՊ-ի կողմից, ոստիկանության հանցակցությամբ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը: Վերջինս պնդեց՝ ծեծը կազմակերպել է քաղաքական իշխանությունը, իսկ քաղաքական իշխանություն ասելով՝ ինքը նկատի ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանին:

Պաշտպաններն ասացին՝ ոստիկանները վերացրել են ըստ էության խոչընդոտը, քանի որ անօգնական, թևերը կապած քաղաքացուն միայնակ թողել են մեքենայի մեջ ու հեռացել:

Ասուլիսն ընթանում էր, երբ 168.am-ին ՆԳՆ-ից տեղեկացրեցին, որ Ներքին գործերի նախարարության Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում դեպքի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից էլ 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել էին, որ դեպքի առնչությամբ հաղորդում հանցագործության մասին չեն ստացել:

Ռուբեն Մելիքյանն ի պատասխան՝ ասաց, որ մինչև առավոտ իրենք հանցագործության մասին հաղորդում չեն տալու, և ՔԿ-ն պարտավոր է քրեական վարույթ հարուցել:

Ինչ վերաբերում է Սամվել Վարդանյանի մայր գործին, նրան մեղադրանք չի առաջադրվել, քրեական վարույթը հարուցված է խուլիգանության 1-ին մասի հատկանիշներով, ինչը ենթադրում է, որ կալանքի նախանշաններ չկան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս