Չոր փաստեր՝ խավիարային/խիարային դիվանագիտության հայ շահառուների մասին
Փաստաբանությունը վճարովի ծառայություն է։ Ինչպես որ վճարովի զբաղմունք է լոբբիզմը՝ այլոց շահերի առաջմղումը։ Միջազգային փաստաբանությունն ու լոբբիզմը վճարովի են առավել ևս ու արժեն աստղաբաշխական գումարներ։ Այդ ծառայություններից օգտվում են կա՛մ համաշխարհային մասշտաբի մեծահարուստներն ու խոշոր կորպորացիաները, կա՛մ պետությունները՝ իրենց քաղաքական ու տնտեսական շահերը պաշտպանելու, առաջ մղելու համար։ Սրանք չոր փաստեր են։
1994 թվականից ի վեր Ադրբեջանը միջազգային բոլոր կառույցներում, աշխարհի առաջատար ու ոչ այնքան առաջատար երկրների խորհրդարաններում, քաղաքական, տնտեսական, մշակութային շրջանակներում իր շահերն առաջ մղելու, Արցախի հարցի վերաբերյալ իր դիրքորոշումները պաշտպանելու համար ծախսել է, ամենահամեստ գնահատականներով՝ մի քանի միլիարդ դոլար։ Եվրոպական մի քանի երկրներում «խավիարային դիվանագիտության» շրջանակներում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված՝ ամենատարբեր պաշտոնյաների, քաղաքական ու մեդիա գործիչների մասնակցությամբ։
Սրանք չոր փաստեր են։
1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո, հատկապես անցյալ դարի կեսերից, Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը եղել և մնում է Հայոց ցեղասպանության ժխտումը։ Ինչպես Ադրբեջանը՝ Արցախի հարցի առնչությամբ, այնպես էլ Թուրքիան՝ Հայոց ցեղասպանության ժխտողականության նպատակով, տասնամյակներ շարունակ միջազգային բոլոր կառույցներում, աշխարհի բոլոր երկրների քաղաքական, գիտական, իրավաբանական, տնտեսական, մշակութային և այլ շրջանակներում ծախսել է անհաշվելի միջոցներ՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու, դրա միջազգային ճանաչումը թույլ չտալու համար։
Սրանք չոր փաստեր են։
2022 թվականին Պրահայում Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։ Շուրջ 30 տարի անց Ադրբեջանը հասել է այն նպատակին, ինչի համար ծախսել է միլիարդավոր դոլարներ։
2024 թվականի Հայաստանի իշխանության պաշտոնական ներկայացուցիչը՝ հղում անելով երկրի ղեկավարին, հայտարարել է, որ վերջինս նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը՝ պարզելու համար՝ արդյոք Հայոց ցեղասպանության զոհերի թիվը եղել է 1.5 միլիո՞ն, դրանից պակա՞ս, թե՞ ավելի։ Ավելի քան կես դար անց Թուրքիան ընդհուպ մոտեցել է այն նպատակի իրականացմանը, որի համար տասնամյակներ շարունակ ծախսել է ահռելի ֆինանսական, քաղաքական, դիվանագիտական միջոցներ։
Սրանք չոր փաստեր են։
Վերը նշված մի քանի փաստերի (որոնք օբյեկտիվ իրականություն են՝ անկախ դրանց նկատմամբ վերաբերմունքից) համադրումից ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կատարել և շարունակում է կատարել գործողություններ, որոնք իրականացնելու համար այլ դերակատարների (միջազգային իրավունքի մասնագետներ, փաստաբաններ, քաղաքական գործիչներ, լոբբիստներ, և այլք) Ադրբեջանն ու Թուրքիան երկար տարիներ վճարել են միլիարդավոր դոլարներ։
Ամենապարզ լոգիզմի մեթոդով ստացվում է, որ կա՛մ Ադրբեջանն ու Թուրքիան հիմա էլ նույն գումարները վճարում են Հայաստանի իշխանություններին, կա՛մ Հայաստանի իշխանությունները՝ չգիտակցված կերպով, կատարում են գործողություններ, որոնց համար թշնամական պետությունները պատրաստ են եղել ու պատրաստ են վճարել միլիարդավոր դոլարներ։ Այլ կերպ ասած՝ փաստերի համադրումից ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները կա՛մ օտարերկրյա վճարվող գործակալներ են, կամ անմեղսունակ ազդեցության գործակալներ, որոնք չգիտակցելով՝ անում են այն, ինչի համար Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են վճարել։
Այսինքն՝ կամ Հայաստանի իշխանությունները ևս ներգրավված են «խավիարային դիվանագիտության» շահառուների ցուցակներում և վճարվում են, կամ նրանց դեպքում կիրառվում է «խիարային դիվանագիտությունը», որի շրջանակներում գործում է անմեղսունակության կանխավարկածը, և ծառայությունների դիմաց դրանք կատարողները վճար չեն գանձում։
Բացառված չէ, իհարկե, որ տեղի ունի ոչ միայն «կա՛մ-կա՛մ», այլ նաև «և՛-և՛» պարագան, որովհետև անմեղսունակությունն ուղղակիորեն չի բացառում վճարվելու հնարավորությունը։ Հայ ժողովուրդն այսպիսով կանգնած է չափազանց պարզ, բայց միևնույն ժամանակ՝ բարդ երկընտրանքի առաջ. ընտրել՝ սեփական ճակատագրի մասին որոշումներ կայացնողները լրտեսնե՞ր են, թե՞ ապուշներ։
Երկու դեպքում էլ պետությանը հասցված և հասցվելիք վնասի չափն առանձնապես չի փոխվելու, այդ ընտրությունից առավելագույնը կախված է լինելու՝ հետագայում նրանք միանգամի՞ց են տեղափոխվելու կալանավայրեր, թե՞ այնտեղ են հայտնվելու համապատասխան առողջապահական հիմնարկում գտնվելուց հետո։ Իսկ եթե հայ հասարակությունը հրաժարվի հիմք ընդունել չոր փաստերը և դրանց համարժեք գործողություններ կատարել, ինքը կարող է հայտնվել համապատասխան կոլեկտիվ բուժհաստատությունում։ Ադրբեջանն ու Թուրքիան հաստատ դեմ չեն լինի ֆինանսավորել դրա կառուցումը։
Հարություն Ավետիսյան