«Սամսոնյանին պառկեցրին գետնին, ամենավերջին ձևով ձերբակալեցին, բայց տեսեք՝ ինչպես են վերաբերվում թշնամու զինվորին…». Մարտին Եսայան

Ապրիլի 12-ին Հայաստանի Ազգային անվտանգությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել Ներքին Խնձորեսկում գրանցված միջադեպի վերաբերյալ։

«2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք.-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին, վերջինիս և վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է՝ նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն, ակնհայտ վտանգի է ենթարկվել մարդկանց կյանքն ու առողջությունը, նկարագրված գործողություններն առաջացրել են պետության անվտանգության համար սպառնալիք, ինչպես նաև պետական սահմանի նշված հատվածում պատշաճ հսկողության բացակայության վիճակ:

Միջադեպի արդյունքով վիրավորում է ստացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող»,- նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ։

ԱԱԾ-ն ափսոսանք էր հայտնել կատարվածի համար, հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ԱԱԾ այս հաղորդագրության և առհասարակ դրա վտանգավոր հետևանքների մասին, Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանը նկատեց՝ այս ամենը միայն մեկ բան է նշանակում՝ Հայաստանի իշխանությունը կատարում է թշնամու ծրագիրը՝ ասելով, որ եթե թշնամին կրակում է, հայկական կողմը չպետք է պատասխանի, եթե նույնիսկ զոհեր լինեն։

«Առհասարակ այսօր ինչ կատարվում է թե՛ ԱԱԾ-ում, թե՛ ՊՆ-ում, տրամաբանությունից դուրս է, սա բոլորիս է ցավեցնում, որ այսպես ամեն ինչ ոչնչացնում են։

Վերջերս մի երիտասարդ տղայի ձերբակալեցին, անունը չեմ հիշում՝(նկատի ունի Նարեկ Սամսոնյանին։- Զ.Խ.) պառկեցրեցին գետնին, ամենավերջին ձևով ձերբակալեցին, ի՞նչ է՝ նա ամենավերջին հանցագո՞րծն է, ռեցիդևի՞ստ է, բայց սրան զուգահեռ՝ տեսեք՝ ինչպես են վերաբերվում թշնամու զինվորին… հետևությունները թողնում եմ մեր հասարակությանը»,- նշեց Մարտին Եսայանը։

Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ իշխանությունների վարած քաղաքականությունը տանում է միայն հայ ազգի նվաստացման, հետևաբար՝ որքան շուտ հայ ազգը գիտակցի ու ազատվի այս իշխանություններից, այնքան պետությունը փրկելու հնարավորությունները կմեծանան։

«Աշխարհում, տարածաշրջանում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, եթե այս անգամ էլ մենք սխալվեցինք, կործանումն անխուսափելի է։ Սա այն իշխանությունն է, որը սյունեցի պահնորդին սպանած թուրք դիվերսանտին բռնեց, հետո հանձնեց թշնամուն՝ փոխարենը չպահանջելով որևէ հայ պատանդի։

Նիկոլ Փաշինյանը լիարժեք կատարում է թշնամու հրահանգները, 6 տարի է՝ Հայաստանը ղեկավարող այս անձնավորությունն առաջ է տանում միայն մեր թշնամիների շահերը։ Նա այնպես է անում, որ այս ազգի մեջ սերմանի, թե զինվորը ձեզ չի կարող պաշտպանել»,- շեշտեց նա։

Մարտին Եսայանի խոսքով՝ այսօր ՀՀ կառավարության ղեկին հայտնված Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ անում են, որպեսզի հիասթափվեն այն մարդիկ, որոնք լուրջ ճանապարհ են անցել, հայրենիքի շենացման համար աշխատանքներ են իրականացրել։

«Այս իշխանությունը հայաստանաբնակներին նույնիսկ տրամադրել է արցախահայերի դեմ, մեզ ասում են՝ թողել, փախել եք, ձեր Արցախը չեք պաշտպանել, ախր արցախցին 36 տարի պայքարել է։ Բա որ փախել ենք, մեկ օրում Ադրբեջանն ինչպե՞ս է այդքան զոհ տվել, Աստված է վկա, որ արցախցին պայքարել է։ Իշխանությունների վարած այս քաղաքականությունը տանում է դեպի կործանում, միայն պետք է կույր լինեն, որ սա չնկատեն։ Եթե ազգն ընտրել է ինքնակործանման այս ճանապարհը, ապա ոչինչ չունեմ ասելու»,- ընդգծեց ազատամարտիկը։

Տեսանյութեր

Լրահոս