«Զինվորականները լավ գիտեն, թե ինչ է նշանակում Տավուշի այդ հատվածների հանձնում». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին թշնամին իր կրակոցներով փորձում է ճնշումը մեծացնել, որը տվյալ դեպքում արտահայտվում է ոչ թե բուն սպառնալիքների կամ բանակցային գործընթացում կոշտացող բառապաշարով, այլ առաջնագծում։
«Եթե նկատել եք, վերջին մի քանի օրերի ընթացքում թիրախավորվում են նաև խաղաղ բնակավայրերը։ Ուզում եմ հիշեցնել, որ, օրինակ, 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ այս իշխանությունը հանձնեց Քաշաթաղը, և մեծ թվով բնակավայրեր ըստ էության դարձան Ադրբեջանի հետ սահմանակից, նույն Խոզնավարը, Արավուսը, Կոռնիձորը, Տեղը, միջադեպեր այս բնակավայրերում մինչև այդ եղել էին, սակայն չէին թիրախավորվել։
Բավականին երկար ժամանակ չէին թիրախավորվել Տավուշի մարզի այն բնակավայրերն ու գյուղերը, որոնք, օրինակ, շաբաթ օրն Ադրբեջանի կողմից գնդակոծվել են։ Որքան էլ դրանք ներկայացվում են՝ որպես անկանոն կրակոցներ, պետք է արձանագրել, որ դրանք կարող էին նաև մահվան պատճառ լինել խաղաղ բնակչության շրջանում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տիգրան Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությանը, ապա, ըստ Տիգրան Աբրահամյանի՝ նման գործողությունների վերսկսման հնարավորություն այս պահին չի տեսնում՝ ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանն ագրեսիվ չէ կամ ընդունակ չէ դրան։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի քաղաքական նպատակները, որոնք այս պահին մշակում է՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չի ենթադրում, այլ որոշակի սահմանափակ ճակատով գործողություններ՝ ՀՀ այն ուղղություններով, որոնք Ադրբեջանի համար կարող են մարտավարական ու ռազմավարական գերակայության տեսանկյունից կարևոր հանգրվան լինել։
«Չեմ բացառում, որ Տավուշի մարզի այդ գյուղերի հանձնման քննարկումները և Ադրբեջանում դրա ակտիվացումն ունի հետևյալ նպատակը՝ Ադրբեջանի կողմից կա հստակ հաշվարկ՝ «4+4» հաշվարկով, այսինքն՝ Ադրբեջանին սահմանակից չորս գյուղերի և, այսպես կոչված, «անկլավների» հանձնումը, որոնցից մեկն Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն է՝ Հայաստանի համար բավականին խոցելի իրավիճակ է ստեղծելու»,- շեշտեց Տ. Աբրահամյանը։
Նրա բնորոշմամբ՝ իրականության մեջ ՀՀ իշխանությունը ոչ թե սահմանազատման ու սահմանագծման գործընթացի է գնում, այլ միակողմանի զիջումների, և փորձում է պարզապես քողարկել բուն գործընթացը։
«Ով՝ ով, բայց զինվորականները լավ գիտեն ու պետք է լավ գիտակցեն, եթե ոչ ԳՇ-ն, ապա նրան ենթակա մյուս ստորաբաժանումները, թե ինչ է նշանակում Տավուշի այդ մասի հանձնումը, թե դա անվտանգային տեսանկյունից ինչ նորանոր խնդիրներ է առաջացնելու»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում