Եկեք իմ Հոր օրհնեալներ, ժառանգեցեք արքայությունը
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Աստվածամարդու հրաշափառ Հարությամբ այլևս «լվացվեցինք, մաքրվեցինք, արդարացվեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով» (Ա Կոր Զ11) և կանչվեցինք մասնակցելու Արքայական հարսանիքին: Քրիստոս իր արյամբ սրբեց մեղքերից ախտոտված մեր հագուստները, ինչպես խոստացել էր Իր սուրբ մարգարեի շուրթերով.
«Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես» (Ես Ա18): Ուստի ցնծությամբ կրենք այս հագուստը և տառապանքի գնով նույնիսկ ճերմակ պահենք այն, որպեսզի չպապանձվենք թագավորի ահասարսուռ խոսքերից. «հարսանեկան զգեստ չունենալով՝ ինչպե՞ս այստեղ մտար» (Մտթ ԻԲ12), այլ բարի գործերի մեջ հարատևելով լսենք Տիրոջ քացրահունչ ձայնը. «Եկեք, իմ Հոր օրհնյալներ, ժառանգեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մտթ ԻԵ34):
Ցավոք, ХХ դարասկզբում մարդկության մեջ նոր ուժգնությամբ տարածվեց նոր համաճարակ: Մի նոր ալիք սկսեց խլել մարդկային կյանքեր: Այս համաճարակը չի վնասում մարմինը, բայց քայքայում է հոգին: Խոսքը նյութապաշտության մասին է: Մարդկությունը թաթախեց իր ձեռքերը նյութապաշտության արյան մեջ: Այլևս գովերգվում է փողը, և ոչ առաքինությունը, աշխարհի մեծահարուստները փոխարինեցին Քրիստոսի Սուրբ Եկեղեցու սրբերին: Մարդու գործողության հիմքում այլևս իր մերձավորին սիրելու (Մրկ ԺԲ31) գերագույն պատվիրանը չէ, այլ սեփական շահը: Եվ այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է վերհիշել Քրիստոսի կենարար ուսմունքը և մեր հոգևոր տները շինել ժայռի վրա (Մտթ Է24), որ Տիրոջ ուղղափառ վարդապետությունն է:
Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոսը իր ուսմունքով լույս եղավ խավարի մեջ նստածներիս համար (Ղուկ Ա79) և ցույց տվեց այն «նեղ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում» (Մտթ Է13): Իր ուսմունքը Քրիստոսը հաճախ պատմում էր առակների միջոցով, որպեսզի մենք` որոշակի ջանք թափելով, հաղորդվենք աստվածային իմաստությանը: Այս առակների շարքում հանդիպում ենք հարստության վերաբերյալ պատումներ, որոնք մեզ ուղեցույց են ունեցվածքը ճիշտ կառավարելու համար:
Նախ` արդյոք մեղք է հարուստ լինելը: Չէ որ սատանան Հիսուս Քրիստոսին փորձեց նաև աշխարհի բոլոր իշխանությունները և փառքը խոստանալով: Առաջին Թագավորաց գրքում կարդում ենք. «Տերն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում» (Ա Թագ Բ7), իսկ Սողոմոն իմաստունն ասում է. «Ժրաջանները կհասնեն հարստության» (Առակ. ԺԱ16): Ցավոք, մարդիկ ստանալով հարստությունը դառնում են նրա գերին, մոռանալով մեր սուրբ հայրապետներին, որոնք նույնիսկ հարստության մեջ չմոռացան իրենց Երկնային Հորը: Այո, նրանք հարուստ էին, բայց նրանց համար նյութականը ոչինչ էր, և արդար Հոբը ամենինչ կորցնելուց հետո չտրտմեց, այլ ասաց. «Իմ մոր որովայնից մերկ դուրս եկա, մերկ էլ կվերադառնամ: Տերը տվեց, Տերն էլ առավ» (Հոբ Ա21): Արքայական ապարանքներից Դավիթ արքան աղաղակում էր. «Տեր, խոնարհիր ականջդ և լսիր, որովհետև աղքատ եմ և տնանկ» (Սղմ ՁԵ1): Արդ, մեծ է գայթակղությունը: Չլինենք Տիրոջը մոտեցած հարուստ երիտասարդի պես, որ Աստծո բոլոր պատվիրանները պահել էր մանկությունից ի վեր (Մտթ ԺԹ20), և իրոք պահել էր, քանզի գրված է, որ «Հիսուսը նայելով նրան, սիրեց» (Մրկ Ժ21): Սակայն առաքելական աղոթքի բառերը փաստում է, որ Տերը գիտի բոլոր մարդկան սրտերը (Գործք Ա24) և Քրիստոսը, տեսնելով երիտասարդի հոգու գերությունը իր հարստությանը, ասում է. «Քեզ մի բան է պակասում կատարելության հասնելու համար, վաճառիր ունեցվածքդ և արի իմ ետևից» (Մտթ ԺԹ21): Սա լսելով երիտասարդը տրտմեց և ինքն իրեն զրկեց Տիրոջ աշակերտ լինելու մեծ բերկրանքից:
Ուրեմն, չլինենք այդ երիտասարդի նման, այլ գտնելով Երկնքի Արքայության մարգարիտը, վաճառենք ամենինչ և գնենք այն (Մտթ ԺԳ45): Քրիստոսի շնորհն ընդունելով Զակքեոս մաքսապետի պես գոչենք. «Տեր, ահա ունեցվածքիս կեսը կտամ աղքատներին, ում զրկել եմ քառապատիկ կհատուցեմ» (Ղուկ ԺԹ8), և չլինենք անմիտ մեծահարուստի պես նյութապաշտ, որ իր առատ բերքով չկիսվեց աղքատների հետ, այլ ավելի մեծ շտեմարաններ շինեց, որտեղ կուտակելով իր ամբողջ բարիքները, ինքն իրեն ասաց. «Շատ տարիների համար բարիք ունես, հանգիստ արա, կեր, խմիր և ուրախ եղիր» (Ղուկ ԺԲ19): Ով անմիտ, Սողոմոնն իր հարստության մեջ մարգարեացավ, թե «Ունեցվածքը չի օգնի դատաստանի օրը, այլ արդարությունը կփրկի մահից» (Առակ. ԺԱ4):
Ով անմիտ, հոգուդ փրկությանը ծառայեցրու հարստությունդ, օգնիր կարիքավորին, կերակրիր քաղցածին, ջուր տուր ծարավին և իմացիր, որ Աստծու Միածին Որդուն ես կերակրում և ջուր տալիս, քանի Տերն ինքը ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք» (Մտթ 25:40):
Միթե հարստությունն այնքան է կուրացրել, որ քո բարիքով չես կիսվում այդ բարիքները շնորհած Աստծու հետ: Ով կույր, Տիրոջ լումայափոխներին տուր մնասներդ և ստացիր Երկնքի Արքայության մարգարիտը, տուր ապականացու գանձդ և ստացիր անապական ոսկի, հանիր բարիքներդ շտեմարաններիցդ, որոնք գողերի թիրախ են և գանձերդ պահիր երկնքում, «ուր ո՛չ գողն է մոտենում, և ո՛չ ցեցն է փչացնում» (Ղուկ ԺԲ33): Աստծո Որդին ինքն է մեզ հուշում. «անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք» (Ղուկ ԺԶ9), օրինակ վերցնելով անիրավ տնտեսից, ով իր ամբարտավանությունների պատճառով վռնդվեց իր տիրոջից: Սակայն նույնիսկ այդ վատթար վիճակում իր տիրոջ պարտապաններին իրեն ընկեր դարձրեց և արժանացավ տիրոջ գովքին (Ղուկ ԺԶ 1-8): Ուրեմն այսօրինակ հնարամտություն ցույց տանք բարի գործերի մեջ (Ղուկ ԺԶ8), չէ որ պատգամ ունենք լինել «օձերի պես խորագետ եղեք և աղավնիների պես՝ միամիտ» (Մտթ Ժ16) և ունենք զգուշացում, որ «Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային» (Մտթ Զ24):
Ծառայենք Աստծուն և չլինենք անմիտ մեծահարուստի պես ագահ, քանի որ ագահությունը, ըստ սուրբ Պողոս առաքյալի կռապաշտություն է (Եփ Ե5): Լսենք սուրբ Պողոս առաքյալի աղաղակը. «Փախեք կռապաշտությունից» (ԱԿոր Ժ14): Ծառայենք Տիրոջն ուրախությամբ (Սղմ Ճ2), ինչ էլ որ անենք, անենք «Աստծու փառքի համար» (Ա Կոր Ժ31):
Այո, դժվար է միգուցե, սակայն հիշենք մեր Փրկչի խոսքերը.«Իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև: Ինձ մո՛տ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մտթ ԺԱ 27,30): Վերցնենք խաչը և մերժենք մամոնային, թոթափենք աշխարհի բեռը և Տիրոջ լուծը վերցնենք: Չվախենանք բանսարկուից և փորձություններից, որովհետև «ո՞վ կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց» (Հռ Ը35): Ոչինչ «չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է» (Հռ Ը39): Ուրեմն, կերակրենք քաղցածին, ջուր տանք ծարավին, մաքուր պահենք Աստծո պատարագյալ Գառան արյամբ մաքրված մեր զգեստները, որպեսզի արժանանանք Տիրոջ երանելի խոսքերին. «Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մտթ ԻԵ34):
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը թող լինեն մեզ հետ (Բ Կոր ԺԳ13), այժմ և միշտ և հավիտյանս, ամեն:
Հրաչ Պետրոսյան
«Զորավոր» երիտասարդաց միության անդամ