Գլխավոր շտա՞բն է նպատակահարմար գտել սահմանագծումը սկսելը Տավուշից, ԳՇ-ի ներսում և նրա շուրջ չերևացող գործընթացնե՞ր կան

Մոտ 2 շաբաթ առաջ 168.amգրել էր, որ «Ֆակտորի» հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքելով դիտարկմանը, որ Տավուշից «ադրբեջանական» տարածքների հանձնման դեպքում, օրինակ, Կիրանց գյուղ չի կարողանալու մտնել, հաստատել էր այն պնդումները, որ Փաշինյանի քաղաքական որոշման հետևանքների վերացումը բանակի «ուսերին» է մնալու:

«Թող Գլխավոր շտաբը մտածի, թե ոնց պիտի մտնեմ: Ճանապարհը կունենա օգտագործման հնարավորություն, էսպես կօգտագործվի, թե էնպես, Գլխավոր շտաբը, մեր անվտանգային ինժեներական տրամաբանությունից ելնելով, կնախանշի մեր անվտանգային ինժեներական ուղղությունները»,- նշել էր Քոչարյանը՝ ընդունելով, որ բնագիծը երկարում է:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանն ավելի հեռուն է գնացել և Տավուշից սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսելու հեղինակ է հռչակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին:

Կարդացեք նաև

«Պարզ է, չէ՞, որ երբ սկսել ենք այդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է՝ որտեղից է ավելի նպատակահարմար, ու գտել է այդպես, դա կոչվում է Գլխավոր շտաբ»,- ընդգծել է նա՝ տպավորություն ստեղծելով, որ արդեն իսկ որոշակի գործընթաց կա:

Թե երբ, ինչ պայմաններում և ինչից ելնելով է, ըստ Անդրանիկ Քոչարյանի, ԳՇ-ն քաղաքական տարրեր պարունակող առաջարկություն արել, պարզ չէ, երբ Պաշտպանության նախարարի պաշտոնն է քաղաքական, և երբ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ժամանակ ԱԺ-ում Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ ԳՇ պետը չէ, որ կարող է փոխարինել պաշտպանության նախարարին անհրաժեշտության դեպքում: Այսինքն, ԳՇ-ն չէ, որ նման քաղաքական պրոցեսի վերաբերյալ որոշում պիտի կայացնի, հատկապես, երբ գոյություն ունի Ադրբեջան-Հայաստան սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, որի շրջանակում, ի դեպ, սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չկա էլ: Միակ հստակությունն այն է, որ սա Ադրբեջանի պահանջն է, ինչի մասին ուղիղ տեքստով հայտարարել էր ՔՊ-ական պատգամավորը, և, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է տուրք տալ այս պահանջին, ինչի մասին նա բացեիբաց հայտարարել էր մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ՝ չհիշատակելով ԶՈՒ ԳՇ անունը:

Նշենք, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ԳՇ-ն կարող է առաջարկություններ անել պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների, ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի, պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում զինված ուժերի պահպանման ծախսերի, քաղաքացիական պաշտպանության պլանավորման վերաբերյալ, և այլն: Այսինքն, ԳՇ առաջարկը կամ անհամաձայնությունը կարող է լինել դիրքերի և զորքի հետքաշման վերաբերյալ, սա էլ այն դեպքում, եթե դրանք հանձնելու քաղաքական որոշում լինի: Իսկ ցանկացած առաջարկից առաջ պետք է մշակվի «ճանապարհային քարտեզ»:

Արդյո՞ք ԳՇ-ն կամ ՊՆ-ն ունեն նման քարտեզ, արդյոք վերջերս տեղի ունեցած 2023 թվականի պաշտպանության ոլորտին առնչվող կատարողականի փակ քննարկմանն անդրադարձ եղե՞լ է դրան, թե՞ քանի որ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ այդ տարածքը դառնալու է սահման, կանգնելու է սահմանապահ, ՀՀ ԶՈւ ղեկավարությանը չի հետաքրքրում ոչինչ, 3-րդ բանակային կորպուսի ճակատագիրը, դրա ենթակայության տակ գտնվող դիրքերի ճակատագիրը:

Շատ իզուր, որովհետև ամեն օր ավելի է հաստատվում այն, որ այս վտանգավոր քաղաքական գործընթացի պատասխանատվությունը մնալու է ԳՇ-ի և ԳՇ ներկայիս պետ Էդվարդ Ասրյանի վրա: Ով գիտի՝ գուցե սա մի օր նրանից ազատվելու հի՞մք ծառայի:

Իրականությունը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարների և ԳՇ պետերի հետ կապված կոնկրետ ծրագրեր է ունեցել, կոնկրետ առաքելություն սահմանել, և նրանք կամ դա ծրագրված ժամկետում արել են, կամ չեն արել և հեռացել, հեռացվել են:

Եվ եթե Սուրեն Պապիկյանին կամ Էդվարդ Ասրյանին թվում է, որ իրենք դուրս են փաշինյանական նմանօրինակ պլաններից, թերևս, սխալվում են:

Ի դեպ, մարտի վերջին լրագրողների հետ զրույցում Ասրյանը շեշտել էր իր զբաղեցրած պաշտոնի սահմանադրական կարգավիճակը, արդյո՞ք դա օգտագործելու է՝ թույլ չտալով հյուսիսարևելյան պաշտպանական գծի ճեղքում, վերացում, ժամանակը ցույց կտա:

Մի բան պարզ է՝ Փաշինյանի քաղաքական որոշման պատասխանատվությունը մնալու է զինվորականության վրա, և չի բացառվում, ինչպես ոչ մեկ անգամ նշել ենք, որ Փաշինյանի անօրինական հրամանները կատարելու համար զինվորականությանը մեղադրանքներ առաջադրվեն:

Ապրիլի 6-ին գրել էինք, որ Փաշինյանը հերթական անգամ փորձել էր իր համար ալիբի ստեղծել: Մասնավորապես, նրա ընտանեկան կայքը՝ armtimes.com-ը, իբր (նման լուրեր չէին շրջանառվել) արձագանքելով շրջանառվող տեղեկություններին, թե ԶՈՒ-ին չկրակելու, հարձակման պարագայում նահանջելու հրաման է տրվել, «Չկրակելու, նահանջելու մասին լուրերը բացահայտ կեղծիք են» վերտառությամբ հոդված էր հրապարակել։ 

««Հայկական ժամանակ»-ի՝ 3-րդ բանակային կորպուսի աղբյուրները հայտնում են, որ չկրակելու, հարձակման պարագայում նահանջելու, դիմադրություն ցույց չտալու մասին լուրերը բացահայտ կեղծիք են։ Զինված ուժերին հրամայված է կատարել իրենց առջև դրված խնդիրը՝ պաշտպանել ՀՀ ինքնիշխան տարածքը»,- նշվել էր հոդվածում:

Ի դեպ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանի անկանոն կրակոցները, որոնք եղել են խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, դեռ չեն հուշում էսկալացիայի մասին:

«Երբ որ կտեսնենք, մենք կանցնենք լիարժեք պաշտպանության մեր բնակավայրերի»,- ընդգծել է Քոչարյանը:

Խնդիրն այն է, որ իշխանություններն առաջնորդվում են Ադրբեջանին ձեռնտու քարտեզներով, ոչ թե, ասենք, 1926 թվականի, որի համաձայն՝ այն, ինչ այսօր իրենք համարում են ադրբեջանական, բնավ ադրբեջանական չեն եղել: Եվ մի հարց էլ՝ ինչո՞ւ 44-օրյա պատերազմի օրերին չանցանք լիարժեք պաշտպանության, և ինչո՞ւ չպաշտպանեցինք Արցախը 2023 թվականի սեպտեմբերի գործողությունների ժամանակ, երբ ժամանակին դե յուրե և դե ֆակտո ՊԲ-ն չէր տարանջատվում ՀՀ-ից:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում ակնարկել է, որ սահմանագծումն առնվազն միանգամից չի ապահովելու անվտանգությունը:

«Եթե դուք կարծում եք, որ սահմանագծելը բերելու է ձեր պատկերացրած անվտանգ միջավայրի ստեղծմանը, դա երկար տարիներ է պահանջելու»,– շեշտել է նա՝ հավելելով, որ այսօր հրթիռները երկար ու նպատակային են «թռնում»: Այսինքն, անվտանգություն կարող է լինել փոխվստահության մթնոլորտի պայմաններում: Իսկ թե ինչպես է հնարավոր այդ փոխվստահության հաստատումը, երբ Ադրբեջանը զինվում է հարձակողական զենքերով, բայց սպառնում ՀՀ-ին, երբ վերջինը միայն պաշտպանողական զենքեր է գնում, երբ ՀՀ սահմանին 4 հայ դիրքապահ են սպանում՝ արդարացնելով այն, թե իբր հայ դիրքապահն ադրբեջանցի զինվոր է վիրավորել, երբ թիրախավորում են խաղաղ բնակչությանը, երբ միայն պահանջում են, բայց իրենք ոչինչ ՀՀ-ին վերադարձնել չեն պատրաստվում: Կամ՝ ի՞նչ անվտանգության մասին կարող է խոսք լինել, երբ ՀՀ-ն պատրաստ է քանդել իր ամուր պաշտպանական գիծը, այնտեղ սահմանապահ կանգնեցնել, երբ դիմացը կամ սահմանապահ չի կանգնելու, կամ լուրջ զինված սահմանապահ է կանգնելու:

Ի դեպ, լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ ուրախացել է, որ ադրբեջանցիներն ինչ-որ դիրքից նկարել են ՀՀ ամրացված շրջանները, ինժեներական դիրքերը, որոնք նախկինների կամ Սեյրան Օհանյանի «բանկա-բութուլկեքից» լավն են, և հիշում, որ նման մի բան եղել է Արցախում, որտեղ ոչ մի զոհ և վիրավոր չենք տվել, բայց ոչինչ, որ այդ դիրքերն անցել են Ադրբեջանին, ինչպես նաև նախկինների օրոք կառուցված ամուր դիրքերը:

Ի գիտություն Անդրանիկ Քոչարյանի, հիշեցնենք, որ 2022-ի մարտի 9-ին «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ադրբեջանցի գեներալ-մայոր, Հայրենական պատերազմի (2020-ի Արցախյան պատերազմ։- Մ.Պ.) հերոս Քյանան Սեիդովն անդրադարձել էր 44-օրյայի ժամանակ Ֆիզուլիի և Աղդամի մարտերին, որոնք, ըստ նրա, ծանր են եղել:

Այդ համատեքստում ադրբեջանցի գեներալը խոսել էր նաև անհաղթահարելի «Օհանյանի գծի» մասին՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ ասել է՝ «Օհանյանի գիծ» կամ պատնեշ:

«Այդ տարածքում, իրապես, ինժեներական կառույցներ կային, որոնք հակառակորդն անվանել էր «անհաղթահարելի Օհանյանի գիծ»: Ի՞նչ ասել է՝ «Օհանյանի գիծ»: Այսօր ցանկացած մարդ կարող է տեսնել այդ գիծը, տեսնել և հասկանալ, թե 28 տարի հակառակորդն ինչ աստիճանի նախապատրաստական աշխատանք է տարել: Բառի բուն իմաստով կառուցվել են մի քանի պարիսպներ, ամրաշինական կառույցներ՝ տակտիկական նորմատիվները մի քանի անգամ գերազանցող: Հսկայական աշխատանք է կատարվել, ինչը բարդացնում էր ցանկացած տեխնիկայի, անգամ՝ hետևակի շարժն ու անցումը:

Այսինքն, թշնամին լրջորեն պատրաստվել էր: Մարտական դիրքերը, երկարաժամկետ կրակային կետերն ամրացվել էին երկաթբետոնե կոնստրուկցիաներով, պատրաստվել էին պարիսպներ, հակատանկային խրամատներ և ոչ պայթյունավտանգ արգելափակոցներ, ամուր ինժեներական կառույցներ, իսկ գերիշխող բարձունքներում տեղադրվել էր տեսադիտարկման համակարգ: Պատկերացրեք, որ այդ արգելափակոցների պաշտպանության համար թշնամին տեղադրել էր նաև մեծաքանակ հակատանկային միջոցներ: Սա անխուսափելիորեն բարդացնում էր տեխնիկայի և անձնակազմի շարժը՝ այդ խոչընդոտների հաղթահարման ժամանակ»,- մանրամասնել էր նա:

Ո՞ւր է հիմա սա: Այսինքն, եթե քաղաքական իշխանությունը գործնականում նպատակ չունի պահելու այս կամ այն տարածքը, դիրքերի կամ պաշտպանական գծերի ինժեներական լուծումները չեն կարող երաշխավորել դրանց՝ Ադրբեջանի վերահսկողության տակ չհայտնվելը:

Հայկական դիրքերը, մասնավորապես՝ Տավուշի հատվածում, երբեք չեն կառուցվել կամ կահավորվել թաքնվելու տրամաբանության մեջ, այլ կառուցվել են կռվելու նպատակադրությունից ելնելով: Ի՞նչ տրամաբանության մեջ են այսօր կառուցվում 2-րդ, 3-րդ գծերը, պաշտպանական շրջանները, կարծում ենք՝ ավելորդ է կրկնել: Բնականաբար, բոլոր գծերում պետք է ամուր ինժեներական կառուցվածքներ լինեն, բայց երբ զիջում ես առաջնագիծը և հպարտանում ամրացված շրջաններով, ծիծաղելի է, որոնց պաշտպանությունը ևս կախված է երկրի քաղաքական իշխանության կամքից:

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս իշխանական փորձագետներից ու քաղաքագետներից կազմված խմբի հետ այցելել է ամրացված շրջաններից մեկը, սրանք էլ այցից հետո դրական ստատուսներ էին բաշխել՝ հիշելով նախկինների «կանսերվի բանկեքը»:

Եվ ով գիտի՝ գուցե Ադրբեջանի շրջանառած տեսանյութերը ոչ բոլորն էին նրանց իսկ ձեռքի գործը, բայց լրագրողների հետ երբևէ դիրքեր չգնացած և իշխանական փորձագետներին այնտեղ սիրով ուղեկցած Սուրեն Պապիկյանին, սա, թերևս, քիչ է հետաքրքրում:

Էլ չասենք՝ Անդրանիկ Քոչարյանին, որին, ինչպես տեսանք, չի հուզում, որ հայկական ինժեներական դիրքերն Ադրբեջանի վիզուալ վերահսկողության տակ են, կարևորը՝ առիթ լինի ասելու՝ ինչ լավն են իրենք, և ինչ վատն են նախկինները, և ոչինչ, որ դիրքերը նաև ԵԿՄ-ի ու վարժանքի մասնակիցների պաշտպանության հույսին է:

Ի դեպ, 2022 թվականին Սուրեն Պապիկյանը ճիշտ չէր համարում նախկինում եղած ձեռքբերումների նսեմացումը և, առհասարակ, համեմատականների անցկացումը:

«Նշեմ, որ որևէ մեկը չի նսեմացնում նախկինում եղած բոլոր հնարավոր ձեռքբերումները, բայց միևնույն ժամանակ ինձ համար անհասկանալի է՝ դրականի մասին խոսելիս՝ ինչո՞ւ պիտի անընդհատ համեմատություններ անենք անցյալի հետ ու փորձենք գտնել պատճառներ, կամ փորձել կապել նրա հետ, որ որևէ մեկը քննադատում է նախկինում պայմանագրային համակարգը։ Խոսքը համակարգի բարելավման մասին է»,- ասել էր նա:

Հիմա ինչո՞ւ է լռում Սուրեն Պապիկյանը, երբ, օրինակ, խոսք է գնում ամրացված շրջաններից, իր քաղաքական թիմի անդամները, կուսակիցները պարտադիր նախկիններին են հիշում: Չէ՞ որ բանակը կենդանի օրգանիզմ է, և այն պիտի մշտապես զարգացում ապահովի: Եվ հետո կորցրել եք նախկինների սարքած դիրքերը, ոչ մի դասական զորամաս չեք կառուցել, 6 միլիարդի զենք եք «նվիրել» Ադրբեջանին, ամրացված շրջաննե՞ր էլ չկառուցեք, ինչը, թերևս, ոչ բոլոր դեպքերում է խոսում լավ բանի մասին:

Տեսանյութեր

Լրահոս