Հայաստանի գլխավոր ռիսկը՝ տոտալ շրջափակում, անկլավիզացիա, էներգետիկ, սոցիալ-տնտեսական ճգնաժամ. ամենակարևոր վտանգը՝ ազգային երազանքի բացակայություն. Վահե Դավթյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Բրյուսելում մեզ ոչ թե կոնֆետ ցույց տվեցին, այլ կոնֆետի թուղթ, որովհետև 4 տարվա կտրվածքով Եվրոպայի և ԱՄՆ-ի տված գումարը Հայաստանում որևէ լուրջ հարց չի կարող լուծել։
- 2022թ. Պրահայում տեղի ունեցած հանդիպումով և հայտարարությամբ, այնուհետև՝ Բրյուսելում կայացած հանդիպմամբ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն այլևս չկա:
- 2020թ. հետո ձևավորված անվտանգային ճարտարապետությունը՝ 3+3 ձևաչափով, քանդվեց, և կողմերն այսօր գնում են լիովին նոր համակարգի կառուցման ճանապարհով, որը կարող ենք անվանել արևմտակենտրոն անվտանգային համակարգ, ինչը մեզ համար հղի է մեծ վտանգներով։ Հայաստանը կարող է վերածվել արևմտյան ֆորպոստի։
- Երբ Եվրոպայի միությունը որևէ երկրի փորձում է տանել իր ազդեցության տակ, առաջին քայլերից մեկը, որ անում է, վիզաների ազատականացումն է։ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում որևէ հայտարարություն այս առումով չեղավ։
- Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը դրվել են վաճառքի։ 270+65 միլիոն եվրո դոլարն այն գումարը չէ, որ դրանով որևէ ենթակառուցվածք զարգացնես։ Պատկերացնելու համար, որպես օրինակ՝ նշեմ, որ այդքան գումար Ռուսաստանը ներդրել է Հարավկովկասյան երկաթուղիների զարգացման մեջ։ Այսինքն՝ Հայաստանի հետաքրքրությունը՝ տնտեսական առումով, Եվրոպայի համար զրոյական է։
- Բրյուսելում արված հայտարարության տեքստում հատկապես կարևոր էր անդրադարձը միջուկային էներգիային. «Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը և ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությանը, որոնց համար միջուկային անվտանգությունը և չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են»:
Արևմուտքի որևէ երկիր չունի միջուկային ռեակտորներ ու դրանք շահագործելու փորձ։ Այդպիսի երկու երկիր կա՝ Ռուսաստան և Չինաստան։ Հայաստանը կվերածեն փորձադաշտի, որովհետև մեզ մոդուլային կայաններ են առաջարկում պետություններ, որոնք չունեն դրա փորձը։ Սա ուղիղ ճանապարհ է Հայաստանի ատոմակայանը փակելու։ Այստեղ ուզում են կիրառել Լիտվայի փորձը, ինչը նոնսենս է. ասում են՝ հրաժարվեք մեծ ատոմակայանից, մենք ձեզ կտանք փոքր հզորության մոդուլային կայաններ։ Սա քաղաքական նպատակ է հետապնդում․ Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց են աշխատում Մեծամորի ատոմակայանը փակելու ուղղությամբ։ Նպատակը պարզ է՝ Հայաստանին զրկել էներգետիկ անվտանգությունից։ Մեծամորի ատոմակայանը մեր ազգային անվտանգության հենասյուներից է, որը մենք պետք է պահպանենք մինչև 2036թ․՝ զուգահեռ հասկանալով, թե ում հետ համագործակցությամբ ենք մենք կառուցելու նոր ատոմակայան։
- Վրաստանում վերջին տարիներին իշխանությունը շատ կոմպետենտ քաղաքականություն է վարում։ Կարծում եմ՝ նրանցից սովորելու բան ունենք։ Վրաստանում շատ լավ են հասկանում՝ ինչ բան է պետական սուվերենությունն ու աշխարհաքաղաքական բալանսը։
- Ուկրաինային տրված գումարների մեծ մասը արտոնյալ պայմաններով տրված վարկային միջոցներ են։
- Փաշինյանի նկատմամբ, իհարկե, անվստահություն կա, որովհետև Եվրոպայում հիմարներ չեն նստած ու շատ լավ հասկանում են, որ Հայաստանը չի կարող ամբողջությամբ գնալ հակառուսականության ճանապարհով։ Եվրոպայում շատ լավ հասկանում են, որ Հայաստանն օրգանապես կախված է Ռուսաստանից, ու ԵԱՏՄ-ից դուրս գալով՝ Հայաստանը կհայտնվի տնտեսական կոլապսի մեջ, դա կստեղծի սոցիալ-քաղաքական ճգնաժամ, ու իրենց ոչ մի ծրագիր չի կարող կյանքի կոչվել։ Եվրոպայում շատ լավ հասկանում են նաև, որ Հայաստանի իշխանությունը մանևրում է բացառապես իր իշխանությունը պահելու համար։ Նրանց համար էական քայլ կլինի, եթե Հայաստանը հայտարարի ԵԱՏՄ-ից դուրս գալու ու 102–րդ ռուսական ռազմաբազան հանելու վերաբերյալ, ինչը ՀՀ իշխանությունների պլաններում կարծես թե չկա։ Այսինքն՝ պետք է տնտեսական ու քաղաքական բաղադրիչը հաշվի առնել։ Այո, Արևմուտքը Փաշինյանի արցունքներին չի հավատում։ Այնտեղ հասկանում են, որ Փաշինյանը հակառուսական է մինչև որոշակի գիծ։
- Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Հարավային Կովկասից։ Ավելին, Ռուսաստանը դուրս չի եկել նաև Վրաստանից ու, առավել ևս, դուրս չի գալու Ադրբեջանից։ Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի իշխանություն, որը Ռուսաստանի դեմ տոտալ ավանտյուրայի կարող է գնալ։ Դա կարող են անել միայն տեղեկատվական մակարդակում, ինչը Եվրոպայում շատ լավ գիտակցում են։
- Ակնհայտ է, որ Սևանը լինելու է Ադրբեջանի հաջորդ թիրախը՝ հաշվի առնելով խմելու ջրի այն պակասորդը, որ կա Ադրբեջանում։
- Հայաստանի իշխանությունների պասերով՝ Ադրբեջանը մեր աչքի առաջ ձևավորվում է՝ որպես քաղաքական ազգ։
- Մենք հաշվի չենք առնում մի բան, որ Իրանը շահագրգռված չէ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններով կամ ազդեցությունների պահպանմամբ։ Պատմականորեն Իրանում խորքային առումով բացասական ընկալում կա Ռուսաստանի և ռուս ժողովրդի նկատմամբ։ Չմոռանանք, որ Ռուսաստանի և Իրանի միջև հասունացել է դեռևս չթմբկահարվող, բայց առկա հակասություն՝ Պարսից ծոցում գտնվող որոշ կղզիների մասով։ Իր հերթին՝ Թեհրանը չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Իրանում այնքան էլ շահագրգիռ չեն Ռուսաստանի հզորացմամբ Հարավային Կովկասում:
- Ֆրանսիայի համար Իրանը միջուկային պետություն է, և այս առումով Իրանն ու Ֆրանսիան շատ նման են իրար։ Ֆրանսիային պետք է ուրան, որն ունի Իրանը։ Ուրանով է պայմանավորված նաև այդ երկու պետությունների հետաքրքրությունը Սյունիքի նկատմամբ։ Մակրոնը գտնվում է միջուկային հումքի փնտրտուքների մեջ։
- Այն, որ փաստացի Զանգեզուրի միջանցքը դեռևս գործարկված չէ, դա ոչ թե Երևանի, այլ Թեհրանի կոշտ դիրքորոշման հետևանքն է։
- Տավուշի այդ հատվածով է անցնում Հայաստան մտնող գլխավոր մայրուղային գազատարը։ Եթե այդ սցենարը կյանքի կոչվի, Ադրբեջանը դառնում է ուղիղ մասնակից կամ վերահսկող կողմ Հայաստան մտնող գազամատակարարման վրա։ Արդյունքում դե յուրե մենք կախված կլինենք Ադրբեջանի մատակարարումներից։
- Երբ սկսեցին խոսել անկլավների մասին, «Սիմենս» ընկերությունը դուրս եկավ տարածաշրջանային շատ կարևոր՝ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման մրցույթից։ Սա շատ կարևոր ինդիկատոր է։ Միջազգային կապիտալը վախենում է անկայուն երկրներում ներդրումներ անելուց։
- Ինչ-որ առումով ՀԱՊԿ-ը Մոսկվայի համար գլխացավանքի է վերածվել, և Ռուսաստանի քաղաքական էլիտայում մտածում են ՀԱՊԿ-ի վերաֆորմատավորման մասին։
- Չլինի 102-րդ բազան Հայաստանի տարածքում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ՝ դրանից բխող էքզիստենցիալ վտանգներով։
- Եթե մենք դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից, կորցնում ենք ԵԱՏՄ հսկայական շուկան՝ դիմացը չստանալով եվրոպական շուկան, որովհետև դրա համար պետք է ստանդարտացման երկար գործընթաց։ Հայաստանի արևմտականացումը զուրկ է որևէ հաշվարկից։
- Քանի դեռ եվրաատլանտիկ կառույցների հետ Հայաստանը գտնվում է ֆորմալ հարաբերությունների մեջ, քանի դեռ Ռուսաստանն այստեղ ունի ներկայություն, դժվար է պատկերացնել, որ Հարավային Կովկասում կլինի լայնածավալ պատերազմ։ Չեմ կարծում, որ Ադրբեջանն Իրանի դեմ կգնա արկածախնդրության, չեմ կարծում նաև, որ Թուրքիան կգնա նման արկածախնդրության, որովհետև այդ դեպքում կբախվեն տարածաշրջանի երկու հզորագույն բանակները։
- Ռուս-թուրքական հարաբերությունները համեմատում եմ մեծ պահարանի հետ, որն ունի բազմաթիվ դարակներ։ Անհրաժեշտության դեպքում բացում են այն դարակները, որոնք տվյալ պահին պետք են։
- Իմ կանխատեսմամբ՝ մինչև 2024թ․ նոյեմբեր Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ լայնածավալ էսկալացիա չի լինի՝ պայմանավորված Բաքվում անցկացվելիք կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի կոնֆերանսով: Լարվածություն կստեղծի, բայց լայնածավալ գործողություններ չեն լինի։ Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, կարծում եմ, այս պահին կարճաժամկետ հեռանկարում աշխարհաքաղաքական կոնսենսուս՝ հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար, չկա։
- Հայաստանի համար գլխավոր ռիսկը հիմա Հայաստանի տոտալ շրջափակումն է, Հայաստանի անկլավիզացիան։ Սա լրջագույն խնդիր է, որին մենք պետք է պատրաստ լինենք։ Կարող է լինել և՛ էներգետիկ, և՛ պարենային ճգնաժամ։ Սակայն ամենակարևոր վտանգը հիմա ազգային երազանքի բացակայությունն է։ Մեր գլխավոր մարտահրավերը հիմա մեծ քաղաքական պրոցես սկսելն է, վերջապես քաղաքական ազգ դառնալը։
- Աշխարհը գնում է դեպի աջ գաղափարախոսություն՝ ազգային պետությունների ստեղծման ճանապարհով, մենք գնում ենք հակառակ՝ ձախ ուղղությամբ։ Աշխարհը գնում է ասիակենտրոն քաղաքականության ուղղությամբ, մենք նոր գնում ենք դեպի Արևմուտք։ Հետընթաց է Հայաստանում տեղի ունենում: Այսօր աշխարհում մեգաթրենդները փոխվել են։
- Իհարկե, ՀՀ ապագան այսօր չի որոշվում ՀՀ սահմաններից ներս, այն որոշվում է դրսում։ Սակայն, եթե մենք մեր հույսը դնենք բացառապես դրսի վրա, չենք փրկվի, կմնանք գործիքի դերում։ Այո՛, իմ խորին համոզմամբ՝ արտաքին դերակատարները շատ կարևոր են, բայց այդ գործիչները շատ լավ հետևում են՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում, և եթե մենք շարունակենք մեր կրավորական կեցվածքը, կշարունակեն մեզ դիտարկել՝ որպես գործիք։
Մանրամասները՝ տեսանյութում.