Նարեկ Սամսոնյանի քեյսն ու ՄԻՊ-ի «առնվազն կասկածը»՝ կանաչ լույս ոստիկանության վայրագ գործողությունների համար

Մարտի 22-ի առավոտյան ոստիկանական համազգեստով ու քաղաքացիական հագուստով շուրջ մեկ տասնյակի հասնող ինչ-որ կասկածելի անձինք աննախադեպ բիրտ ուժի կիրառմամբ՝ թիկունքից հարձակվել ու ձերբակալել էին «AntiFake.am» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին: Ավելի ուշ նաև տեսանյութ հրապարակվեց, որից անզեն աչքով ակնհայտ էր, որ Նարեկ Սամսոնյանին ձերբակալում են խոշտանգման բացահայտ տարրերով: Ընդամենը 17 վայրկյան տևողությամբ տեսանյութը, դատելով տեսանյութի վերջին կադրերից, տևել է հենց այդքան, որովհետև Նարեկ Սամսոնյանին վայրագաբար ձերբակալողները ոստիկանին ոչ վայել կոշտ բառապաշարով արգելեցին տեսանկարահանել իրենց գործողությունները: Սակայն եղածն էլ բավական էր՝ տեսնելու համար, որ առնվազն չպատճառաբանված բիրտ ուժ է կիրառվել հաղորդավարի նկատմամբ:

Նույն օրը 168.am-ը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմ հարցում կատարեց՝ արդյո՞ք Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունն իրավաչափ է:

«Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել,  և այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում»,- մեզ հետ զրույցում ասաց ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը:

Կարդացեք նաև

17 վայրկյան տևողությամբ տեսանյութը ՄԻՊ-ն ըստ երևույթին ուսումնասիրում է օրը մեկ վայրկյան հաճախականությամբ, որովհետև մինչ օրս որևէ մեկը, ինչպես սովորաբար նման դեպքերում, այդպես էլ չիմացավ՝ ի վերջո, Պաշտպանն այդ տեսանյութում ի՞նչ էր տեսել՝ քնքշա՞նք, թե՞, այնուամենայնիվ, բիրտ ուժի կիրառում:

Անահիտ Մանասյանը հարցերը ցրելու բավականին հաջող պրակտիկա է ձևավորել. ոչինչ չասող ինչ-որ  անհասկանալի ձևակերպմամբ տվյալ պահին թեման փակել, ասել՝ հարցումներ եմ արել իրավասու մարմիններին, հետո, երբ հարցն ակտուալությունը կորցնում է, այդպես էլ այդ հարցումների պատասխանները, բնականաբար, չեն հրապարակվում, և ՄԻՊ-ի շուրջ ձևավորված խորհրդավորության շղարշը որևէ կերպ չի ցրվում:

Երեկ, սակայն, կառավարության նիստից հետո լրագրողները ՄԻՊ-ին կրկին Նարեկ Սամսոնյանի ձերբակալության ու հրապարակված տեսանյութի մասին հարցեր ուղղեցին: Անահիտ Մանասյանը նախ, ինչպես միշտ, վկայակոչեց Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը:

«Անմիջապես, թե՛ կադրերը տեսնելուց հետո, թե՛ նաև ընդհանուր տեղեկատվությունը տարածվելուց հետո մենք այցելել ենք կոնկրետ անձանց, և, բնականաբար, տվյալ համատեքստում մենք ևս առնվազն կասկած ունեցել ենք՝ նկատի ունենալով այն, որ դիմել ենք իրավասու մարմիններին, ՄԻՊ մանդատի տեսանկյունից պարզաբանումներ ենք պահանջել նրանցից և, բնականաբար, իրավասու մարմիններից պարզաբանումները ստանալուց հետո հնարավորություն կունենանք նաև եզրահանգումներ իրականացնել, բայց նորից եմ կրկնում, եթե դիմել ենք իրավասու մարմիններին, նշանակում է՝ անհամաչափ ուժի առնչությամբ առնվազն կասկած ենք տեսել»,- ասաց Անահիտ Մանասյանը:

Եթե փորձենք տեսարանը պատկերացնել, մոտավորապես հետևյալ պատկերը կստանանք. Մարդու իրավունքների պաշտպանը նայում է 17 վայրկյան տևողությամբ տեսանյութը, տեսնում է՝ ինչպես է «ոստիկաններից» մեկն արդեն գետնին քիթուբերանի վրա տապալված Նարեկ Սամսոնյանի մեջքին ոտքը մինչև ծունկը դրած տառացիորեն խեղդում նրան, ու մտածում է՝ այ էստեղ կասկած կա ոնց որ, որ անհամաչափ ուժ է կիրառվել: Ինչպես ասում են, սա կլիներ շատ զվարճալի, եթե չլիներ այդքան ողբերգական:

Անահիտ Մանասյանի այս խոսքերն իրենց մեջ նաև ակնհայտ վտանգ են պարունակում այն առումով, որ գնահատական չտալով բացահայտ կիրառված անհամաչափ ուժին՝ ոստիկանության համար կանաչ լույս են վառում՝ շարունակելու նման վարքագիծը, որովհետև գիտի՝ ՄԻՊ-ը ոչինչ չի ասելու կամ, լավագույն դեպքում, կրկին խոսելու է իր մեջ ծագած կասկածի մասին:

Կասկածի մասին ՄԻՊ-ը խոսում է այն պարագայում, երբ կա տեսանյութ, կան հավաստի փաստեր, բավարար ապացույցներ, կա հստակություն, իր աշխատակիցները գնացել, տեսել, խոսել էին Նարեկ Սամսոնյանի հետ, էլ ի՞նչ էր պետք Անահիտ Մանասյանին, որ իր կասկածը համոզմունք դառնար:

Երբ լրագրողները Պաշտպանին հարցրեցին՝ իսկ երբևէ Ձեր հարցումների պատասխանները ստացե՞լ եք, գտնո՞ւմ եք, որ երբևիցե որևէ դեպքով ոստիկանությունը վերազանցել է իր լիազորությունները, Անահիտ Մանասյանը հարցին հարցով պատասխանեց՝ իսկ Դուք մեր տարեկան հաղորդումը կարդացե՞լ եք…

Այսինքն՝ ՄԻՊ-ի տրամաբանությամբ՝ տարվա ընթացքում բոլոր խնդրահարույց դեպքերով դիրքորոշում հայտնելու պարտավորություն ինքը չունի, ու շահագրգիռ անձինք, այդ թվում՝ լրագրողները, պետք է սպասեն տարեկան հաղորդմանը ու դրա մեջ պեղումներ կատարեն՝ փնտրվում է զգայուն հարցերի վերաբերյալ ՄԻՊ դիրքորոշումը…

«Մարդու իրավունքների պաշտպանը քննություն իրականացնող սուբյեկտ չէ, դատարան չէ, և մարդու իրավունքների պաշտպանի խնդիրը համակարգային խնդիրներ բացահայտելն ու դրանց լուծման առնչությամբ առաջարկություններ ներկայացնելն է»,- ասաց ՄԻՊ-ը:

Դժվար թե Անահիտ Մանասյանը չիմանա, որ սա մանդատի սխալ մեկնաբանում է, որովհետև բացի համակարգային խնդիրներ վեր հանելուց, ՄԻՊ-ի առաջնահերթ խնդիրը կոնկրետ գործերով մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնելն է, ինչպես, օրինակ, վերը նշված դեպքում:

Այո՛, համակարգային խնդիր է, երբ ոստիկանության ենթագիտակցության մեջ ձերբակալությունը նման եղանակով է տեղի ունենում, և այո՛, ՄԻՊ-ը դրան պետք է անդրադառնա, պետք է խոսի այն մասին, որ ձերբակալել չի նշանակում՝ անպայման դիմակներով գնալ ու ձեռնաշղթաներ կիրառել, սակայն առանց կոնկրետ քեյսերով խախտումներ արձանագրելու՝ նրա՝ համակարգային խնդիրներ վեր հանելու գործառույթն իր նպատակին չի ծառայելու:

Այլապես, եթե առանձին գործեր չի ուսումնասիրում, ինչպե՞ս պետք է ՄԻՊ-ը հասկանա, որ երկրում այս կամ այն մասով համակարգային խնդիր կա, որ, օրինակ, ոստիկանությանն առաջարկներ ներկայացնի համակարգային խնդրի լուծման ուղղությամբ, ասի՝ գիտե՞ք ինչ, երբ համատարած, առանց հիմքերի ու պատճառաբանության, մարդկանց դիմակով ու ձեռնաշղթաներով եք ձերբակալում, դա համատարած վախի մթնոլորտ է տարածում հասարակության շրջանում:

ՄԻՊ-ը նաև վստահաբար գիտի, որ իր մանդատից է բխում իրավասու մարմիններին առաջարկներ ներկայացնել՝ պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքների խախտումներ կատարածներին, և սա, ի դեպ, օրենքով է ՄԻՊ-ին վերապահված:

ՄԻՊ-ը պարտավոր է անհատական գործերով գնահատականներ տալ, գնալ անհատական քեյսերի հետևից, որպեսզի իր գործունեությունը նաև կանխարգելիչ նշանակություն ունենա: Անհատական գործերի քննությունը շատ կարճ է տևում, ի տարբերություն համակարգային խնդիրների վեր հանման, որը կարող է տևել տարիներ:

Բայց ՄԻՊ Անահիտ Մանասյանը երբեք դա չի անի, ոչ թե որովհետև չի ուզում, այլ որովհետև նրան թույլ չեն տա, որովհետև ունենալով երկաթյա մանդատ՝ չափազանց մեծ կախյալություն ունի քաղաքական իշխանությունից, իսկ միգուցե երկուսը միասին: Դա արդեն ինքը կիմանա:

Իսկ առհասարակ, զարմանալ պետք չէ. երբ ընդունում ես ՔՊ-ի ՄԻՊ դառնալու առաջարկը, ստանձնում ես դրանից բխող բոլոր հետևանքների ծանր պատասխանատվությունը:

Տեսանյութեր

Լրահոս