Վաղվա Բրյուսելի հանդիպումը Արևմուտք-Ռուսաստան նոր առճակատման է բերելու. Սերժ Սարգսյանը զգուշացնում է

Այսօր դիզվառելիքի գործով դատական նիստից հետո Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում խոսելով ապրիլի 5-ին Բրյուսելում ԵՄ-Միացյալ Նահագներ-Հայաստան եռակողմ հանդիպման մասին, ասաց՝ այլ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում, նման հանդիպումը կարող էր օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։

«Բայց հիմա, երբ նման առճակատում կա՝ Արևմուտք-Ռուսաստան, ապա նման հանդիպումը վստահաբար բերելու է հենց այդ առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում։ Ինչ-որ լուրեր են պտտվում, որի հավաստիությունը ես չեմ կարող հաստատել, որ իբր փող են Հայաստանին խոստանալու, և այլն։ Բայց կարծում եմ՝ Հայաստանի ակնկալիքն այդ հանդիպումից պետք է լիներ, որ ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները ռեալ օգնեին վերականգնելու ՀՀ սուվերեն տարածքը, պետք է խնդրել, որպեսզի ազատ արձակվեն գերիներն ու պատանդները։

Պետք է խնդրել, որպեսզի օգնեն վերականգնել արցախահայության իրավունքները։ Իսկ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն ՀՀ կառավարչից պետք է պահանջեն, որպեսզի Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն, Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն, իրական պայքար լինի կոռուպցիայի դեմ, այլ ոչ թե ընտրողական և ոչ իրավաչափ միջոցներով հաշվեհարդար տեսնելը»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ պե՞տք է ներկայացնի, Սերժ Սարգսյանն ընդգծված պատասխանեց՝ «ոչ իհարկե»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս