Կասկած չկա, մեղադրանք կա. Վահե Դոլմազյանն անտեսեց Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանների դիրքորոշումը ու մերժեց Արմեն Աշոտյանի պաշտպանների միջնորդությունը
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Տիգրան Աթանեսյան, Ռուբեն Մելիքյան, Մարգար Սողոմոնյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ:
Նախորդ դատական նիստի սկզբում Վահե Դոլմազյանը կարդաց դատարանին հասցեագրված ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի դիմումը, որում նշված էր, որ Բժշկական համալսարանը այս գործի շրջանակում գույքային պահանջի վերաբերյալ հայց չի ներկայացնելու:
Նույնը պնդեց ԵՊԲՀ ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը՝ հավելելով, որ երբ կլինի բազմակողմանի քննված ու կայացված արդար դատական ակտ, բուհ-ը կորոշի հետագայում գույքային հայց ներկայացնելու հարցը, ապա խնդրեց քննարկել իր մասնակցության աննպատակահարմարությունը այս գործով դատական նիստերին: Դատարանը որոշեց դադարեցնել Տիգրան Խաչիկյանի՝ որպես ԵՊԲՀ-ի օրինական ներկայացուցչի կարգավիճակը և նրան ճանաչել որպես ԵՊԲՀ լիազոր ներկայացուցիչ: Միևնույն ժամանակ դատարանը նշեց, որ քանի դեռ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը չի ցանկացել օգտվել իր՝ տուժողի իրավահաջորդ դառնալու կարգավիճակից, այդ հարցը քննարկվել չի կարող: Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմը, ով միջնորդում էր Արմեն Մուրադյանին ներգրավել որպես տուժողի իրավահաջորդ, չհամաձայնեց դատավորի որոշման հետ:
Հաջորդիվ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը դատավորին բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ վերջինիս՝ որպես անկողմնակալ ու արդար դատարան ընկալվելու հանգամանքով պայմանավորված:
Դատավորը երկար ելույթ ունեցավ և վերջում ասաց՝ ինքնաբացարկի համար բերված փաստերը հիմնավոր չեն, և միջնորդությունը ենթակա է մերժման:
Այսօրվա դատական նիստի սկզբում հանրային մեղադրող Նշանյանը հայտարարությամբ հանդես եկավ, որում ասում էր՝ քանի որ մտնում են ապացույցների հետազոտման փուլ, նպատակահարմար չի համարում տեսանկարահանումը: Այնուամենայնիվ, որոշվեց թույլատրել նիստի տեսանկարահանումը մինչև որոշակի հարցի քննարկմանն անցնելը:
Հաջորդիվ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումն Արմեն Աշոտյանի նկատմամբ փողերի լվացման հանցակազմի մասով՝ որպես հիմք բերելով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշումն առ այն, որ Արմեն Աշոտյանին վերագրվող փողերի լվացման հանցակազմի հիմնավոր կասկածը բացակայում է, հետևաբար՝ խոսք չի կարող գնալ մեղադրանքի հիմնավորվածության մասին:
Արմեն Աշոտյանի մյուս պաշտպանները պաշտպանեցին միջնորդությունը:
Փողերի լվացման մեղադրանքի մասին իր դիրքորոշումը հայտնեց նաև Արմեն Աշոտյանը:
«Փաստացի ինձ մեղսագրված 3 հոդվածներից փողերի լվացումն ամենածանր է: Երբ գործի էվոլյուցիան նայում ենք, կտեսնեք՝ տարբեր մարմիններում՝ ԱԱԾ, ՀՔԾ, անգամ ակնարկ չի եղել, որ նման մեղադրանք կարող է լինել: Այդ մեղադրանքը ծնվել է Քննչական կոմիտեում, ամենավերջին պահին, երկու պատճառով: Այս հոդվածով հնարավոր պատիժը շատ մեծ է, ու հույս ունեին՝ օդից ծագած մեղադրանքով սաստկացնել ճնշումն իմ նկատմամբ: Մյուս պատճառն այն է, որ սա արվեց, որ ինձ վարկաբեկեն իմ միջազգային գործընկերների մոտ: Նրանց համար դա нерукопожатный հոդված է: Երկու պատճառն էլ չաշխատեց»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Վերջինս նշեց՝ մեղադրանքի նվազագույն շեմը հաղթահարված չէ, իր հետ կապված կասկած չկա, ինքը փողեր չի լվացել, և՛ Վերաքննիչ, և՛ Վճռաբեկ դատարանները հաստատել են դա, բայց մեղադրանքը մնացել է:
«Համաձայնեք, սա նորմալ չէ: Հիմա դուք ունեք պատմական շանս՝ մեր այս իրականության մեջ բուժիչ որոշում կայացնել, որ մարդկանց մոտ «կառոտկի» չտա, թե էդ ո՞նց եղավ, որ կասկած չկա, բայց մեղադրանք կա»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Մյուս մեղադրյալների պաշտպանները նույնպես միացան միջնորդությանը: Հանրային մեղադրողները, բնականաբար, դեմ էին միջնորդությանը: Հարցի քննարկումից հետո դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց՝ փաստաթղթերն ուսումնասիրելու համար:
Նիստը վերսկսվելուց հետո դատավոր Դոլմազյանը հայտարարեց, որ խափանման միջոցի փոփոխության ժամանակ քննարկված հարցի վերաբերյալ կայացված որոշումը չի կարող քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք հանդիսանալ: Վահե Դոլմազյանը մերժեց միջնորդությունը և չդադարեցրեց Արմեն Աշոտյանի վերաբերյալ փողերի լվացման հանցակազմով քրեական հետապնդումը:
Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 3-ին՝ ժամը՝ 14:00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: