
Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանում է՝ «Դիմակահանդես» հաղորդաշարի դեկորացիայի ՀՄԱ ընթացակարգով գնումը կատարվել է մրցույթով, որին մասնակցել է 1 ընկերություն

Երեկ 168.am-ը ««Դիմակահանդեսը» շարունակվում է. 34 միլիոն 749.996 դրամով Հանրային հեռուստաընկերությունը հրատապ ձեռք է բերել դեկորացիա» հոդվածում անդրադարձել էր բավականին խոշոր գումարով դեկորացիայի ձեռքբերման ուշագրավ փաստին: Տեղեկացրել էինք՝ դեկորացիան նախատեսված է Հանրային հեռուստաընկերության «Դիմակահանդես» հաղորդաշարի համար:
Հոդվածի նախաբանում նշել էինք. «Հանրային հեռուստաընկերությունն առանց մրցույթի հերթական գնումն է կատարել «Սթեյջ սթայլ» ընկերությունից՝ ձեռք բերելով տաղավարային դեկորացիա: Հրատապ մեկ անձ ընթացակարգով այս գնման արժեքը 34 միլիոն 749 հազար 996 դրամ է»:
Պետգնումների armeps համակարգում այս գնումը հենց այդպես էլ նշված է՝ ՀՄԱ – հրատապ մեկ անձ:
Այս առնչությամբ այսօր Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանում է ներկայացրել 168.am կայքին՝ տեղեկացնելով, որ մասնակիցն ընտրվել է մրցույթով. «1 անգամ հայտարարվել է մրցույթ 7 օր, որին ոչ ոք չի դիմել: Հաջորդ անգամ դարձյալ հայտարարվել է մրցույթ, և քանի որ նկարահանումները պետք է սկսվեին, անհրաժեշտ էր շուտ ձեռք բերել դեկորացիա, երկրորդ մրցույթը տևել է 2 օր, որին մասնակցել է ընկերությունը («Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ն), որը և շահել է»:
Խնդրեցինք տրամադրել մրցույթների մասին հայտարարությունները: Մեզ տրամադրված փաստաթղթերից հայտնի դարձավ, որ 2024 թվականի «փետրվարի» «08» «1» որոշմամբ հայտարարվել է գնանշման հարցում ընթացակարգով մրցույթ, ապա փետրվարի 16-ին հայտարարվել է հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման մասին: