«Դիմակահանդեսը» շարունակվում է. 34 միլիոն 749.996 դրամով Հանրային հեռուստաընկերությունը հրատապ ձեռք է բերել դեկորացիա
Հանրային հեռուստաընկերությունն առանց մրցույթի հերթական գնումն է կատարել «Սթեյջ սթայլ» ընկերությունից՝ ձեռք բերելով տաղավարային դեկորացիա: Հրատապ մեկ անձ ընթացակարգով այս գնման արժեքը 34 միլիոն 749 հազար 996 դրամ է:
Ինչպես տեղեկանում ենք պայմանագրից՝ դեկորացիան նախատեսված է Հանրային հեռուստաընկերության «Դիմակահանդես» հաղորդաշարի համար:
2013 թվականին գրանցված «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ն պետգնումներում հայտնվել է 2019 թվականից: Ըստ գնումների էլեկտրոնային armeps համակարգի՝ ընկերության հետ հիմնականում ոչ մրցութային տարբերակով միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր են կնքել տարբեր գերատեսչություններ, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմն ու քաղաքապետարանը:
Պայմանագրերի թվով առաջատարը Հանրային հեռուստաընկերությունն է. ընկերության հետ կնքված 51 պայմանագրերից շուրջ 43-ը հենց հեռուստաընկերության հետ է, իսկ դրանցից 21-ը հրատապ մեկ անձ ընթացակարգով արված գնումներ են:
Իրավաբանական անձանց e-register համակարգում առկա տեղեկության համաձայն՝ 2021 թվականից սկսած՝ ընկերության իրական շահառու է համարվում Բագրատ Դիվանյանը, որին պատկանում է ընկերության 100 տոկոս բաժնեմասը: