«Մի բան չեմ հասկանում՝ ինչի՞ն ենք սպասում, չե՞նք հասկանում, ինչքան սպասում ենք՝ այնքան կորուստներ ենք ունենում». Աշոտ Ավագյան
«Սիսական» ջոկատի կամավորական, նկարիչ Աշոտ Ավագյանը վստահ է՝ Ադրբեջանը մտավախություններ ունի հենց Տավուշի ուղղությունից, այդ պատճառով էլ որոշել է այդ հատվածը ևս դարձնել խոցելի, այնպես, ինչպես Սյունիքը, Գեղարքունիքը և Վայոց ձորը։
«Վեց տարի է՝ համոզվում ենք, որ այս իշխանություններն անում են այն, ինչի համար եկել են, ամեն ինչ այնքան պարզ է, որ ասելիքն այստեղ քիչ է։ Թուլացնում են Հայաստանը ու մաս-մաս հանձնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Ավագյանը՝ իր մտահոգությունները հայտելով Տավուշի մարզում իշխանությունների ձեռամբ կատարվող գործողությունների վերաբերյալ։
Նա դժվարացավ ասել, թե ինչո՞ւ 2020 թվականից հետո, երբ Արցախի մի մասը կորսվել էր, հետո թշնամին ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, այդուհանդերձ չհաջողվեց Հայաստանում փոխել իշխանություններին։
«Ես պարզապես հիմա մի բան չեմ հասկանում՝ ինչի՞ն ենք սպասում, չե՞նք հասկանում, ինչքան մենք սպասում ենք, այնքան կորուստներ ենք ունենում, ու այնքան թշնամին առաջ է գալիս։ Սպասել չկա՝ թող հավաքվեն ավելի խելացի մարդիկ ու որոշեն, թե սրանց ինչպես են հեռացնում, դրանից հետո արդեն ես գիտեմ՝ ինչ է պետք անել, որպեսզի մեր երկիրը ոտքի կանգնի, մենք այսպիսին չենք եղել։ Միևնույն է, իրենց հեռացնելու ժամանակն է, եթե իսկապես մեր ազգն ուզում է հայրենիք, պետություն ունենալ։ Իհարկե, մեզ ծանր օրեր են սպասվում, բայց մենք կպահպանենք մեր պետությունը։ Եթե իմանայի՝ այս իշխանություններին ինչպես է պետք հեռացնել, կգայի ու Ազատության հրապարակում կկանգնեի, բայց երբ որոշվի՝ ինչպես են հեռացնելու, կանգնած կլինեմ որոշողների կողքին»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, եթե 2020 թվականին իշխանությունը հեռանար, ապա հնարավոր կլիներ խուսափել դրանից հետո տեղի ունեցած կորուստներից, քանի որ, որքան հայկական կողմն ինչ-որ առումով թուլացել էր, այնքան էլ Ադրբեջանն էր թուլացել։
«Եթե 2020 թվականին լիներ իշխանափոխություն, վստահաբար ամեն ինչ այսպես չէր լինի։
Հիմա Ադրբեջանը շատ բաներ կարող է ասել, մենք չպետք է դրան տրվենք։ Հիմա արդյո՞ք չեն գիտակցում, որ Տավուշում զիջումների գնալու դեպքում մենք երեք կողմից ընկնելու ենք շրջափակման մեջ։
Ադրբեջանը մտածում է՝ եթե հնարավոր ագրեսիայի դիմի Հայաստանի ուղղությամբ, ապա առաջին հարվածը կստանա Տավուշի մարզից, դրա համար պահանջում է տարածքներ, ես իմ կարճ խելքով այդպես եմ մտածում։ Վախենում են, որ քնած հայը կարող է արթնանալ ու այդ կողմից սկսի պաշտպանվել։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Տավուշից պրծան, անցնելու են Սյունիքին։ Ես չգիտեմ, եթե ազգն այս վտանգը զգում է, պետք է իրար գլխի հավաքվի»,- եզրափակեց Աշոտ Ավագյանը։