Խաղաղություն ամեն գնով՝ նշանակում է՝ Թուրքիան ու Ադրբեջանը կորոշեն մեր սահմաններն ու ինքնությունը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Անցյալի փորձից ունենք «երևանյան հանրապետության» նախադեպը, երբ հարյուր և ավելի տարի առաջ՝ Բաթումի, ապա՝ Ալեքսանդրապոլի դաշնագրերով տեսել ենք թուրքական քաղաքականության թիրախը։ Հիմա մենք տեսնում ենք պատմության կրկնության հավանականություն, բայց ավելի հոռի եղանակով, երբ լավագույն դիպաշարը, այսպես շարունակվելու դեպքում, կլինի «երևանյան հանրապետությունը»։ Խաղաղություն ամեն գնով՝ նշանակում է՝ Ադրբեջանը Թուրքիայի ուղեկցությամբ կորոշի, թե որն է մեր սահմանը, պետականության հիմքը, ինքնությունը, տարածքային ամբողջականությունը։ Նաև հուշում են վտանգը՝ մեզ հետ կապված՝ իրենք տեսնում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերով սահմանված՝ Նախիջևանի կարգավիճակը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Նախիջևանը ժամանակին ուներ թուրքական և ռուսական խնամակալություն, բայց պատկանում էր Ադրբեջանին, թեև այն ժամանակ հարաբերական մեծամասնությունը հայերն էին այնտեղ։ Վտանգ կա, որ եթե այսպես շարունակվի, կարող է անվանումով Հայաստանի Հանրապետություն մնա, մեր սրբազան դրոշը ծածանվի հայտնի շենքի վրա, բայց մենք կկորցնենք մեր ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ընդհանրապես մեր ինքնությունը։ Կզրկվենք ոչ միայն պատմությունից, այլև ապագայից։ Բոլորիս հուզում է՝ ի՞նչ անել, մեր մեջ այդ հարցը պայթում է ամեն օր։ Մեկը չի կարողանում իրեն զսպել, դիմում է ծայրահեղ միջոցների։ Կան անկյուններ, հրապարակներ, դահլիճներ, գյուղեր, որտեղ սրտացավ մարդիկ հավաքվում են, փորձում են լուծումներ գտնել»,- ասաց քաղաքական գործիչը:

«Մինչև հիմա մենք չենք կարողացել գտնել այն բանաձևը, կարգախոսը, մեթոդաբանությունը, որը կհամակարգեր բոլոր ջանքերը, կլիներ իրական պոռթկում, որը կունենար համապետական և համահասարակական նշանակություն։ Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք համապետական պայքարի։ Այս իշխանությունը խաղաղություն բառը չարաշահում է՝ իր աթոռը պահելու համար։ Պետք է Հայաստանի Հանրապետությանը շունչ տալու հնարավորություն ստեղծել՝ սրանց փոփոխմամբ։ Զուգահեռաբար՝ պետք է նվազագույն պաշտպանական զսպումների համակարգ ստեղծել՝ միջազգային հանրության հետ աշխատելով, ոչ թե սենսացիոն հարցազրույցներ տալով։ Անցման շրջանում մեզ ոչ թե պետք է վախեցնեն պատերազմով, այլ մենք պիտի կարողանանք ուժեղանալ, սեփական պաշտպանությունն ապահովել, և այս փխրուն, ճակատագրական և վտանգավոր անցումը միասին կատարենք»,- նշեց Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ ամեն մեկը ոչ միայն իր մասնագիտական գործով պետք է զբաղվի, այլև հրապարակային և հասարակական գործունեություն ծավալի. «Որտեղ կա ռեսուրս, այն պետք է ներդրվի։ Որտեղ կա որևէ մեկի ինքնաբացարկի հնարավորություն, դա ևս հայրենասիրության մեջ պետք է դիտարկվի։ Պետք է ստեղծվի վերկուսակցական, անցյալին չվերադարձող, բայց այս ներկան չշարունակող մի այլընտրանք, որը մենք միասին մոտ օրերին պիտի կյանքի կոչենք։ Եթե ոչ, բոլորս տեսնում ենք, թե ինչ է լինելու այսպիսի պրոգրեսիայով, ճամարտակումներով։ Խոսում են հոգեպես ամենակեղտոտ եղանակով, թե իբր Ոսկեպարի ճանապարհին ռեստորան չկա։ Վաղը, եթե մենք սրա մասնակիցն ու կենդանի վկան լինենք, չկարողանանք մեր պետականության այս օրերին սրա դեմն առնել, և կողքից տեսնեն, որ նորից ենք զիջում, վերլուծական մտքի կարիք չկա, որ ասենք՝ դա շարունակվելու է»:

«Կխորանան Տավուշ, դեպի Սևան։ Իրենք քայլ առ քայլ, մեթոդաբար դնում են իրենց պահանջները, մտնում են մեր սահմանադրական դաշտ, հիմնադիր օրենքների ասպարեզ։ Չկա ՀՀ-ին և հայ ժողովրդին վերաբերող մի ոլորտ, ուր իրենք արդեն չեն մտել և պահանջ չունեն։ Իսկ այստեղ այնպիսի զարմանալի, աննախադեպ պատրանքային վիճակ է՝ ինքնապաշտ իշխանությամբ, որն ասում է՝ խաղաղություն՝ ամեն գնով»,- ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս