Ով խոսում է դեմ, բանտարկե՛լ, անգամ սպանե՛լ. այս իշխանությունը պետք է ամեն գնով փոխվի. Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» խմբակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Վաղարշապատում նոյեմբերի 16-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրել է, որ «Ժառանգության»՝ Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Արկադի Փայտյանն ու նրա թիմը հայտ են ներկայացրել ընտրողներին և խոստանում են սեփական խիղճը, Աստված, Հայրենիք և Իրավունքի գերակայությունը վերադարձնել Էջմիածնին։
Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի ընթացքի, ինչ-ինչ խախտումների մասին իր գնահատականներում նկատեց՝ դրանք նորություն չեն Հայաստանի համար․ նա դրանց ականատես եղել է անկախացումից ի վեր բոլոր իշխանությունների օրոք։
«Այստեղ չի լինելու վերադարձ ի շրջանս յուր, բայց նաև չի լինելու այսօրվա շարունակությունը, որ այդ բոլոր արատների, սխալների, հանցանքների, զանցանքների հավաքածուն է, ամփոփումն է։ Մարդիկ, մի խմբակ, որ եկան իշխանության մեծ խոստումներով, հանձնառություններով՝ անցյալը շտկելու, սխալներն ուղղելու, նոր տեսակի Հայաստան բերելու, Արցախը պահելու, եկեղեցու անկախությունը, թռիչքը հարգելու և սեփական ժողովրդի իրավունքներն ամեն ինչից բարձր պահելու համար, ոչ թե՝ իրենց ամբողջատիրության ախորժակով՝ ով խոսում է դեմ՝ նստացնել, մեկուսացնել, անգամ սպանել։ Այս իշխանությունը պետք է ամեն գնով փոխվի»,- հավելեց կուսակցության առաջնորդը։
Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ նախկինում բողոքում էին նախկին իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործումից, մինչդեռ այն, ինչ տեսնում ենք այսօր, աննախադեպ, լկտի, զազրելի հարձակում է իրավունքի վրա։
«Վարչական ռեսուրս, մարդկանց վախեցնել․․․»,- նկատեց նա։
Նա կոչ է արել քաղաքացիներին պաշտպանել Սուրբ Աթոռը, որը համահայկական հավատի գլխավոր աղբյուրն է։
«Հիմա այդ Սուրբ Աթոռը հարձակման տակ է։ Նրանք, ովքեր տանուլ տվեցին պատերազմը, հողին հանձնեցին 5 հազար ոսկի տղաների, զիջեցին Հայրենիքը, ստորագրեցին փաստաթղթեր այստեղ և այնտեղ, հիմա աքլորացած սպեցնազերով, ոստիկաններով, հատուկջոկատայիններով՝ սլաք են բռնել ոչ թե արտաքին սպառնալիքների վրա, այլ սեփական քաղաքացիների դեմ՝ լինի աշխարհիկ, թե հոգևորական, կամ սովորական մարդիկ։
Իրավունքը պետք է գերիշխի Հայաստանում, այն պատկանում է քաղաքացիներին, և դուք պետք է այն իրականացնեք նոյեմբերի 16-ին»,- շեշտեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ այն կբերի համապետական ազատագրմանը։
Ըստ նրա՝ Հայաստանի օգտին Քիմ Քարդաշյանի կողմից իրականացված գործունեությունը հարյուրապատիկ անգամ ավելի բարձր է և լավ, քան այն, ինչ անում են ՀՀ իշխանությունները։
«Իրենք չեն հասկանում, որ այդ հանրային շոուները, այդ հորինած ու տարածած տեսագրությունները չեն կարող հասնել անգամ տիկին Քարդաշյանին, որի գործունեությունը հազար անգամ ավելի դիպուկ է»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում

