
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով կլինեն Հայաստանում։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նախատեսվում են հանդիպումներ Երևանում և ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում։
Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։
Պատվիրակությունը կայցելի նաև Վրաստան և Ադրբեջան։
Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեն բաղկացած է ԵՄ-ում Միության անդամ պետությունների դեսպաններից։ Կոմիտեի հիմնական պատասխանատվության ոլորտներն են ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունն ու ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականությունը։ Հիմնական գործառույթների շարքում են միջազգային իրավիճակի վերահսկումը, Եվրոպական խորհրդին ռազմավարական մոտեցումներ առաջարկելը, ինչպես նաև ապահովել ճգնաժամային կառավարման գործողությունների քաղաքական վերահսկություն։