
Ադրբեջանը 18 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Ադրբեջանի զինվորական դատախազությունը հետախուզում է հայտարարել 18 հայի նկատմամբ՝ նրանց մեղադրելով Տավուշի մարզի Բաղանիս-Այրում գյուղում՝ «90-ականների սկզբին իբր ցեղասպանություն իրականացնելու մեջ»։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
Նշվում է, թե Բաքվի դատարանի որոշմամբ՝ խափանման միջոց են ընտրել կալանավորումը, իսկ հետախուզումն ապահովելու համար փաստաթղթերն ուղարկվել են Ադրբեջանում Ինտերպոլի ազգային բյուրո և Ադրբեջանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Ադրբեջանը մեղադրանք է ներկայացնում հայկական կողմին, իբր «10 մարդ, որոնց թվում երեխա ու կանայք են սպանվել՝ առանձնակի դաժանությամբ, տուն է հրկիզվել, գյուղից 400-ից ավել բնակիչներ են տեղահանվել»։
Նշենք, որ այս կեղծ մեղադրանքն արվում է Ադրբեջանի կողմից Տավուշի շրջանի հարակից չորս գյուղերը միակողմանիորեն հանձնելու պայմանի համատեքստում։