Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 2024 թվականի առաջին և պատմության 250-րդ խաղում ընկերական հանդիպման շրջանակներում Երևանում հյուրընկալեց Կոսովոյին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր ծավալվել, սակայն ժամանակի ընթացքում Կոսովոն սկսեց առավել շատ տիրել գնդակին:
Եվ խաղային իրավիճակներից մեկում` պաշտպանների սխալից հետո, Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Միլոտ Ռաշիցան (24-րդ րոպե):
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին առաջին կեսում այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը: Թիմերն ընդմիջման գնացին Կոսովոյի նվազագույն առավելությամբ:
Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականն առավել ակտիվ էր: Բայց ավելի վտանգավոր էին Կոսովոյի ընտրանու գրոհները: Գնդակին հիմնականում տիրում է Հայաստանի ընտրանին, սակայն գրոհների եզրափակումն անհաջող էր ստացվում:
Հայաստան-Կոսովո` 0:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանի համար այս հանդիպումը հոբելյանական` 80-րդն էր ընտրանու կազմում:
Հայաստան-Կոսովո խաղին ներկա էին 10402 երկրպագու:
Մարտի 26-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` հյուրընկալվելով Չեխիային: