Բաժիններ՝

Յուրի Մինասյանին կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ հասցրած անձը հայտնաբերվել է Պուշկինի փողոցում

Երևան քաղաքի Պուշկին փողոցում առաջացած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի բնակիչ Յուրի Մինասյանին մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու (ինչի հետևանքով վերջինս մի քանի օր անց հիվանդանոցում մահացել էր) մեջ մեղադրվող անձը՝ Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ն, հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրան ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ)։

Դատարան է ներկայացվել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու հարցը կրկին քննարկելու միջնորդություն։

Յ․ Մինասյանը մարտի 5-ին՝ ուշ երեկոյան, իր ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Պուշկին փողոցում գործող «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ են առաջացել այնտեղ գտնվող մեկ այլ անձի՝ Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ի հետ։ Պարզաբանումների նպատակով վերջիններս դուրս են եկել այնտեղից և գնացել Երևան քաղաքի Փարպեցի փողոցում գտնվող Սրբ. Զորավոր եկեղեցու հետնամաս։ Այնտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ․ Մ․-ն բռունցքներով հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքի հատվածին՝ պատճառելով ծանր զուգակցված գանգուղեղային վնասվածք՝ գանգի բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ։ Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 2024 թ․ մարտի 9-ին վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած Հ․ Մ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը նույն օրը բավարարվել է։

2024 թվականի մարտի 14-ին «Մխիթար Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացվել է տեղեկություն, որ նույն օրը՝ ժամը 06։30-ին, հոսպիտալացված Յուրի Մինասյանը մահացել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս