Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ հավանական հակամարտության․ դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար

ՆԱՏՕ-ն վերադարձել է Հավաքական անվտանգության հայեցակարգին և այժմ պատրաստ է Ռուսաստանի հետ հավանական հակամարտության: Այս մասին հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը ուկրաինական «Արմիաինֆորմ» պարբերականին տված հարցազրույցում։

Նրա խոսքով ՝ 20-30 տարի առաջ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կենտրոնացել են միայն ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու վրա, սակայն Հավաքական անվտանգության հայեցակարգին վերադառնալու անհրաժեշտությունը ծագել է 2014 թվականին Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո: Այդ ժամանակից ի վեր փոխվել են դաշինքի պաշտպանական ռազմավարությունը և գործառնական պլանավորումը, ավելացել են պատրաստված զինվորների և զենքի պաշարները, ինչպես նաև բարելավվել է հրամանատարական կառավարման համակարգը:

«Պատրա՞ստ ենք։ Պատասխանը՝ այո։ Մեր գլխավոր խնդիրը պատրաստ լինելն է։ Եթե դա տեղի ունենա այսօր, ապա պետք է պայքարել եղած ռեսուրսներով։ Դա միշտ այսօրվա համար պատրաստության և միաժամանակ ապագայի հնարավորությունների բարելավման համադրություն է», – հայտարարել է Բաուերը։

Նրա խոսքով, մասնավորապես, ՆԱՏՕ-ն զգալիորեն փոխել և ամրապնդել է իր դիրքերը արևելյան թևում: Խոսքը Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Բուլղարիայում դաշինքի ուժերի ընդլայնված ներկայության (Enhanced Forward Presence) ծրագրի մասին է

«Այժմ մենք ունենք ութ այդպիսի մարտական խմբեր՝ գումարտակի չափով, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են միավորվել բրիգադում։ Համապատասխան երկրներում անընդհատ մշակվում է այդ մեխանիզմը։ Եթե ավելի շատ պահանջվի, ապա մենք կքննարկենք այս հարցը: Բայց առայժմ դա բավական է»,- ասել է նա։

Բաուերը հայտարարել է Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու ծրագրերի բացակայության մասին: Բայց միևնույն ժամանակ նա կոչ է արել դաշինքի անդամ երկրներին, որոնք նման որոշում կկայացնեն, հասկանալ դրա կապը կազմակերպության մնացած անդամների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս