Միջազգային հարաբերություններում գավառական խորամանկությամբ շատ առաջ չես գնա. Վարդան Ոսկանյան

«Հայաստանի շահերից բխող տեսլականը չի ենթադրում հարաբերությունների վատթարացում հարևան Իրանի, նաև՝ ՌԴ-ի հետ: Առհասարակ, որևէ քաղաքականություն, որը միտված կլինի խաղալու տարբեր ուժերի հակասությունների վրա, ըստ էության, վնասակար է Հայաստանի համար»,- 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով առկա աշխարհաքաղաքական իրողություններում Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգերին՝ նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Վարդան Ոսկանյանը շեշտեց՝ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ ՀՀ-ն պետք է որդեգրի երկխոսության և համագործակցության հարթակ դառնալու քաղաքականություն:

ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ակտիվության վերաբերյալ Իրանից բաց տեքստերով հնչած մտահոգությունների, ինչպես նաև նույն համատեքստում  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի Հայաստան այցին անդրադառնալով՝ իրանագետը նկատեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն ՀՀ-ն մշտապես ունեցել է, բայց այդ համագործակցությունն այնպես  է ներկայացվել գործընկերներին, որ որևէ խնդիր չի առաջացրել Հայաստանի համար:

«Իսկ այժմ, նույնիսկ անզեն աչքով, երևում է, որ ՀՀ-ն հավաքական Արևմուտքի կողմից դիտարկվում է հակառուսական և հակաիրանական հարթակ, ինչը լուրջ վտանգներ կարող է պարունակել մեզ համար,- հավելեց նա՝ հիշեցնելով տարբեր հայտարարություններ՝ այդ թվում՝ իրանական կողմից, որ արտատարածաշրջանային ուժերը չպետք է ունենան լուրջ դերակատարություն,- Պարզ է, որ Իրանում անհանգստացած են այն հանգամանքից, որ ՀՀ-ն կարող է դիտարկվել՝ որպես հակաիրանական հարթակ, հետևաբար՝ այստեղ անելիք կա երկու ուղղությամբ: Առաջին՝ հստակեցնել ՀՀ քաղաքականությունը, որովհետև միջազգային հարաբերություններում գավառական խորամանկությամբ շատ առաջ չես գնա, և պետք է հստակ, գործընկերների համար հասկանալի քաղաքականություն, և երկրորդ՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների համատեքստը սպառնալիքից փոխել հնարավորության»:

Կարդացեք նաև

Վարդան Ոսկանյանը, սակայն, չի կարծում, թե սա ի վիճակի են անել ՀՀ գործող իշխանությունները, քանի  որ այս իշխանությունները տապալել են բոլոր ուղղությունները:

«Հայաստանը, այո՛, կարո՛ղ է, և պե՛տք է համագործակցի բոլոր խաղացողների հետ, բայց այդ համագործակցությունը չպետք է սպառնալիք լինի որևէ այլ կողմի համար, իսկ միայն բանավոր հավաստիացումներն այս տիրույթում բավարար չեն»,- ամփոփեց իրանագետը:

Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ ՀՀ Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպումների ժամանակ շեշտել էր՝ տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը:

Տեսանյութեր

Լրահոս