Պետք է ֆիքսենք, թե ո՞րն է մեր տարածքը, հետո պատասխանենք, թե Ադրբեջանը դո՞ւրս  գալու է մեր տարածքից. Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հերթից դուրս Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելու հնարավորություն տվեցին.  Ինչո՞ւ է Հայաստանը միակողմանի իրականացնում դելիմիտացիա՝ սահմանազատում չարած որևէ քարտեզի վրա որոշում, թե այսինչ հատվածում Հայաստանը սահմանագծում ենք անելու և դրա մասին ասում ենք ժողովրդին:

«Դեռ սահմանազատում չարած, մենք գնում ժողովրդին ասում ենք՝ մենք սահմանագծում ենք անում, և այս դիրքերից դուք պետք է էս, էս  դիրքերից հետ գնաք։ Այդ քարտեզի մեջ դուք դատարկ եք վերցրել Սևանա լիճը, ինչո՞ւ»,- նշեց Սեյրան Օհանյանը: Նիկոլ Փաշինյանը չսպասելով հարցի ավարտին՝ ընդհատեց. «Պարոն Օհանյան, էն որ ասում են, դա արդեն «սլիշկոմ», էլի»։

Նիկոլ Փաշինյանի կարճ արձագանքից հետո Սեյրան Օհանյանը շարունակեց հարցը՝ պարզաբանելով.

««Սլիշկոմ» չի, ասեմ ինչու, դա նույնիսկ մանրակերտ չէ, դա պարզապես ՀՀ քարտեզի ուրվագիծ է, որտեղ չկա, չէ՞, Երևանն էլ նշված, ուրեմն՝ Սևանն էլ մի նշեք։ Համոզվա՞ծ եք, որ այդ միակողմանի սահմանագծումը,  հետ տալը, և  այլ հատվածներից Ադրբեջանը հետ է գնալու»։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, ասաց, որ քարտեզը ցույց են տալիս և նման հայտարարություններ են անում մեկ պարզ պատճառով, որովհետև արձանագրում են, որ ուրիշները Հայաստանին ներքաշում են մի գործընթացի մեջ և կողքից կարող են մեկնաբանել, որ Հայաստանում երկրի տարածքային ամբողջականությունը հստակ չեն ֆիքսում։

«Մենք սա անում ենք մի բան արձանագրելու համար։ Երբ ասում եք՝ միակողմանիորեն, եթե դա համարենք միակողմանի, ապա մենք ասում ենք՝ սա ՀՀ տարածքային ամբողջականությունն է։ Մենք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, եթե չֆիքսեինք մեր տարածքային ամբողջականությունը, ապա այն մեր ամենամոտ դաշնակցի համար կարող էր գոյություն չունենալ։ Օրինակ, մենք ՀԱՊԿ-ից ակնկալում ենք, որ իրենք իրենց պատախանատվության գոտին ՀՀ-ում ճշտեն, բա կողքից մեկը կարող է հարց տալ, թե ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում որտե՞ղ է։ Եվ եթե մենք ճիշտ պատկեր, ուրվագիծ ցույց չտանք, դա կարող է որոշ դաշնակիցների մոտ առաջացնել տպավորություն, որ Հայաստանն իրենց ուզում է  ներքաշել պատերազմի մեջ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով՝ Սեյրան Օհանյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը կրկին չպատասխանեց հարցին, թե ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները հետ գնալո՞ւ են։

«Դուք վստահաբար ասում եք, որ միլիմետրի չափով գիտեք ՀՀ սահմանները։ Վստահ եմ, որ գիտեք, թե որքան է Ադրբեջանը մխրճված մեր տարածքներում։ Ճանաչելով Ադրբեջանին, դուք միակողմանի, ոչ փոխադարձաբար գնում և հայտարարում եք, ու այդ «կաշան» տարածվում է ամբողջ Հայաստանում»,- շեշտեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Պարոն Օհանյան, ձեր հարցի մեջ պատասխանը կա. դուք ասում եք՝ վստա՞հ եք, որ Ադրբեջանը մեր տարածքներից հետ է գնալու, ես էլ ասում եմ՝ ո՞րն է  մեր տարածքը, կարո՞ղ եք ցույց տալ։ Մենք ժողովրդին չենք վախեցնում, այլ ասում ենք  ճշմարտությունը։ Ես հիշում եմ, որ 2019 թվականին նույնը բան ես էի ասում, դուք ասում էիք՝ վայ, պատերազմ-պատերազմ, ես էլ ասում էի՝ ինչո՞ւ եք ժողովրդին պատերազմով վախեցնում։ Երբ ասում եք, վստահ եք, որ Ադրբեջանը դուրս է գալու մեր տարածքից, նախ այդ հարցի պատասխանը տալու ու այդ հարցը լուծելու համար, մենք պետք է ֆիքսենք, թե որն է  մեր տարածքը։ Եվ մեր տարածքը ֆիքսելն առաջին կարևոր ու անխուսափելի և պարտադիր նախապայմանն է, որով պետք է մենք ձևակերպենք մեր տարածքներից դուրս գալը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս