Կիրանցից մինչև Բաղանիս անցա. ոչ մի ռեստորան ու խանութ չկա. Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տավուշեցի պատգամավոր Վահե Ղալումյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Տավուշում սպասվող սահմանազատման գործընթացի վերաբերյալ։

«Դուք խոստացել եք, որ ժամանակ առ ժամանակ կհանդիպեք բնակիչների հետ՝ այդ գործընթացի վերաբերյալ խոսելու։ Վերջին օրերին Տավուշում բնակիչների հետ հանդիպումից ի՞նչ տպավորություններ ունեք, կխնդրեմ այստեղից հրապարակային հնչեցնեք»,- հորդորեց իշխանական պատգամավորը։

Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ այդ հանդիպումները շատ կարևոր էին։

«Կարծում եմ՝ այն մտահոգությունները, որոնք ունեն և՛ Ոսկեպարի, և՛ Կիրանցի, և՛ ենթադրում եմ, էլի հարակից գյուղերի բնակիչներ, այդ բոլոր մտահոգությունները լեգիտիմ են։ Այսինքն՝ չկա այդպիսի մի մտահոգություն, որ այնտեղ բարձրաձայնվել է, և իմ արձագանքը եղել է այն, որ ձեր մտահոգությունները լեգիտիմ են, բայց իմ ասածը հետևյալն է, որ մենք այդ խնդիրը պետք է լուծենք։

Կարդացեք նաև

Դուք էլ գիտեք, ես էլ գիտեմ, այդ ճանապարհով հարյուրավոր անգամներ երևի անցել եմ՝ Կիրանցից Ոսկեպար, Բաղանիս, բայց բաներ կան, որ հարյուր անգամ անցնում ես ու չես նկատում և հարյուրմեկերորդ անգամ նոր ես նկատում։ Վերջին այցի ժամանակ նկատեցի, որ Կիրանց գյուղից հետո մինչև Բաղանիս՝ դա միջպետական ճանապարհ է, ճանապարհին ոչ մի խանութ, ռեստորան, սրճարան, հյուրատուն չկա, դա միջպետական ճանապարհ է։ Ինչի՞ համար ես մտածեցի այս փաստի մասին, նաև ընդդիմադիր որոշ գործընկերների մեկնաբանություններ կարդալով, որ փորձ է արվում ներկայացնել,  թե՝ տեսեք, ամեն ինչ ինչքան լավ էր, և այս իշխանությունը եկել է, որ ամեն ինչ դարձնի վատ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս ամենը կարող է մեկ բացատրություն ունենալ՝ դա այն խնդիրն է, որն այսօր քննարկում են, մարդիկ դրա մասին լավ գիտեն։

«Այս իմաստով այնտեղ բանավեճ չկար, բանավեճն այլ բանի մասին էր, թե հաջորդ քայլերն ինչ տրամաբանությամբ պետք է լինեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս