ԲԴԽ-ն թուղթ տանել-բերելու համար սալոնից 4 նոր մեքենա գնելու փող ունի, իսկ դատարանների՝ ամենածանր աշխատանք կատարող ու խոցելի խավի աշխատավարձը տանելի դարձնելու հնարավորություն չունի
Երբ փետրվարի սկզբին կայացած դատավորների ընդհանուր ժողովից 2 օր առաջ 168.am-ը գրեց՝ դատավորները ծանուցում են ստացել այն մասին, որ Ժողովը տեղի է ունենալու ոչ թե Աջափնյակ նստավայրում, ինչպես նախօրոք ծանուցված էր, այլ Կառավարության նիստերի մեծ դահլիճում, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը մի լալահառաչ, բացառիկ հարցազրույց տվեց իր խոսնակին՝ ասելով.
«Մեր ունեցած դահլիճը փոքր է, և բոլոր դատավորները չեն տեղավորվում այնտեղ: Այս տարի մենք խնայում ենք ամեն դրամը, որպեսզի մեր բյուջեի մեջ տեղավորվելով՝ վերանորոգենք մոտ 30 մարզային նստավայր: Այդ պատճառով էլ փորձել ենք գտնել որևէ անվճար պետական դահլիճ: Մնացածը վառ երևակայության դաշտից է»:
Ավելի ուշ մենք հայտնաբերեցինք, որ նույն հունվարի 31-ին, երբ Կարեն Անդրեասյանն իր խոսնակի էջով տարածում էր իր այս լացացնող տեքստը, ԲԴԽ նախագահը մի ուշագրավ որոշում էր ստորագրել:
«Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/50» ծածկագրով կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «Ռեդինետ Մոթորս» ՍՊԸ-ի միջև 29.12.2023թ. «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-23/50-1» ծածկագրով կնքված պայմանագրի շրջանակներում 4 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով «5121 Տրանսպորտային սարքավորումներ» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին հատկացնել 34.000.000 (երեսունչորս միլիոն) ՀՀ դրամ»,- գրված է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ստորագրած որոշման մեջ:
Գրել էինք նաև, որ մեր տեղեկություններով՝ ավտոմեքենաներից 3-ը սպասարկելու են Երևանի քաղաքացիական դատարանի, Հակակոռուպցիոն դատարանի և Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանների նախագահներին:
Երեկ «Դատական իշխանության» պաշտոնական ինֆորմացիոն ռեսուրսները հաստատեցին՝ Դատական դեպարտամենտը դատարանների կարիքների համար ձեռք է բերել 4 նոր մեքենա:
«Տեղեկացնում ենք, որ դատարանների բնականոն գործունեության ապահովման պահանջից ելնելով, որոնց թվում են օրինակ՝ գաղտնի փաստաթղթաշրջանառության կազմակերպումը, պահեստից ապրանքների տեղափոխումը, ներպետական գործուղումների՝ այդ թվում արտագնա նիստերին դատավորների մասնակցության ապահովումը, Դատական դեպարտամենտը 34 միլիոն դրամ արժողությամբ թվով 4 մեքենաների գնում է կատարել, որոնք տրամադրվելու են Սյունիքի մարզի, Հակակոռուպցիոն, Վերաքննիչ հակակոռուպցիոն և Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական մասնագիտացման դատարաններին։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանները ձևավորման օրվանից ապահոված չէին մեքենաներով, խնդիր էր առկա նաև Սյունիքի մարզի դատարանում, իսկ Երևանում դատարանների ըստ մասնագիտացումների առանձնացումից հետո՝ նոր մեքենայի ձեռքբերման անհրաժեշտություն կար նաև քաղաքացիական մասնագիտացման դատարանների համար»,- գրված էր տարածված հաղորդագրության մեջ:
Հետաքրքիր է՝ թուղթ տանել-բերելու համար սալոնից նոփ-նոր մեքենաներ գնող ԲԴԽ նախագահն արդյոք լուծե՞ց դատական կազմի ամենախոցելի ու ամենածանր աշխատանք կատարող խավի՝ դատավորների օգնականների, նիստերի քարտուղարների, գործավարների ֆինանսական խնդիրները, որոնց առանց այդ էլ ցածր աշխատավարձն են իջեցրել՝ նվազեցնելով նրանց ամենամսյա հավելավճարի չափը, թե՞ այդ խավի խնդիրները ԲԴԽ նախագահի համար կարևոր չեն:
Հիշեցնենք, որ նույն ԲԴԽ-ն ու Դատական դեպարտամենտը «լացում են», թե Ֆինանսների նախարարությունը փող չի տալիս: Այսինքն՝ կարելի է այս անձանց աշխատեցնել զօրուգիշեր ու փողը չտալ, բայց թուղթ տանել-բերելու համար սալոնից նոր մեքենաներ գնել: