Նիկոլ Փաշինյանն անվավեր է, նրա անվավեր խոսքը չի կարող փոխել սահմանը․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ազգովի պետք է վերափոխվենք և թույլ չտանք պետության կործանում»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում արցախահայերի հրավիրած հանրահավաքի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը և պատասխանելով լրագրողների հարցերին։

Նա նշեց, որ ներկայումս մենք պետք է կատարենք սարդարապատյան անհնարինություն ազգովի, որքան էլ դժվար է պատկերացնել, բայց որպեսզի այս հրապարակն Արցախից էստաֆետով չհանձնվի Սյունիքի կամ Տավուշի, Գեղարքունիքի կամ Վայոց ձորի կամ անգամ Արարատի մարզի բնակիչներին, համազգային խենթության բանաձևը պետք է գտնենք։ «Առաջին քայլն այն է, որ բոլորս պետք է գիտակցենք, որ կոնկրետ իշխանության խոսափողը Սահմանադրությունից, սեփական երդումից դուրս է, և, որ հայ ժողովուրդը պետք է ոչ միայն արցախցիների վերադարձի հավաքական իրավունքի համար հավաքվի, այլև համարի, որ մեր բոլոր մարզերը, յուրաքանչյուր քաղաք և գյուղ, բնակավայր հարվածի ու վտանգի մեջ են։ Մենք պետք է կարողանանք մեր միջի փոքրությունը հաղթահարենք և համազգային, վերկուսակցական, համաքաղաքացիական այլընտրանք ստեղծենք մոտ օրերին։ Եթե այսպես շարունակվի, այս հրաշալի հրապարակը պետք է ոչ միայն արցախցիների խնդիրները քննարկի, այլև Հայաստանի այլ մարզերի»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի բառապաշարից է «թուքումուր» բառը, նա է, որ դա սփռում է մեր ժողովրդի, պատմության վրա, և ինքը վերջապես պետք է պատասխանը ստանա։

Նրա որակմամբ, ակնհայտ է, որ ինքն իրացնում է հարևան բռնապետությունների պահանջները, քաղաքականությունը, բանակցային մոտեցումը։

Կարդացեք նաև

Ըստ Հովհաննիսյանի, ներկայումս մեր համաքաղաքացիներին սպառնում է պատերազմով, դա նշանակում է, որ նա ուղղակի կցորդն է, իրականացնողն է թշնամի պետության քաղաքականության։

«Եթե առաջին օրվանից դուրս չէ, ապա հիմա դուրս է մեր ազգից, մեր օրենքից, մեր պետությունից»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա գտնում է, որ եթե այս իշխանությունը և իր ղեկավարը մնան, ՀՀ-ն պետք է հետ քաշվի և նահանջի Երևանի շուրջ։

«Մենք պետք է ունենանք լավագույն դեպքում երևանյան հանրապետություն։ Մենք տեսել ենք, թե մեկ զիջումն ինչի է հանգեցրել։ Հայաստանը երբևէ՝ այս հինգ-վեց տարիների ընթացքում, չի ստացել մի քայլ թշնամու կողմից, մի տարածք, մի հայկական բնակավայր։ Եթե խոսում ենք գյուղերի մասին, կա Գետաշեն, Մարտունաշեն, Ազատ, Կամո և մնացած գյուղերը և քաղաքները։ Միակողմանի զիջումները տանելու են մեր պետության նվաստացման, կործանման և մեր հայրենիքի զգալի մասի կորստի, պատերազմի, հավելյալ զոհեր կունենանք»,- զգուշացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Լրագրողներից մեկի հարցին, թե ո՞րն է լուծումը, երբ Փաշինյանը նշում է, որ չհանձնելու դեպքում Ադրբեջանը կհարձակվի շաբաթավերջին, Հովհաննիսյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերով չի առաջնորդվում, և նրա խոսքերն արժանի չեն մեկնաբանության այլևս։

«Եթե հետևենք այդ խոսքերին, մենք պետք է վկան ու մասնակիցը դառնանք մեր հայրենիքի, մեր պետության, մեր զինվորի կորստի։ Այս վիճակը ենթադրում է ներքին, համակարգային փոփոխություն՝ իշխանություն, ընդդիմություն, հասարակություն, մենք պետք է վերափոխվենք ամբողջովին։ Մենք պետք է հիշենք, թե ինչպես հայ ժողովուրդն ամենաանհավանական պայմաններում կարողացավ ազատագրել… Սա մեր պետականության վերջն է, իրենք ցանկանում են մեր պատմությունն իրենցով անել, մենք դա չենք կարող թույլ տալ։ Նիկոլ Փաշինյանն անվավեր է, նրա անվավեր խոսքը չի կարող փոխել մեր սահմանը»,- ասաց Հովհաննիսյանը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս