Ուզում են Հայաստանը սարքեն տափաստան. ընդհանուր բողոքի և կառավարման համակարգը կաթվածի բերելը կհանգեցնի իշխանափոխության. Վազգեն Հովհաննիսյան
Մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ 168.am-ը նրան հարց էր ուղղել, թե արդյո՞ք չի պատրաստվում հետևել 2009 թվականին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին տված խորհրդին և հեռանալ, որպեսզի Հայաստանը կարողանա ոտքի կանգնել՝ ինչպես ինքն էր ասել վրացի իր գործընկերոջն ուղղված նամակում։
Ինչպես միշտ, այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանը կրկին ասպարեզ բերեց ժողովրդին՝ ասելով, որ «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հրաժարական էր տվել, սակայն ժողովուրդն իրեն կրկին ընտրեց»։ Սակայն մեր հարցադրումն ու հենց իր նամակ-կոչը Սահակաշվիլուն ամենևին էլ այն մասին չէր, որ նա հրաժարականից հետո պետք է առաջադրի իր թեկնածությունն ու ընտրություններն ինքը կազմակերպի։
168.am-ի հետ զրույցում ռուսաստանաբնակ քաղաքագետ Վազգեն Հովհանիսյանն անդրադարձավ ոչ միայն այս հարցին, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մանիպուլացնում է, այլև պատասխանեց ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշ հարցերի։
– Ժողովրդավարության տրամաբանությունը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տար ու պետք է չմասնակցեր ընտրություններին։ Այսինքն՝ ՔՊ-ն կամ փաշինյանական բլոկը կարող էր մասնակցել ընտրություններին, բայց այլ դեմքով, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն երկրի կառավարումը ձախողել էր։ Ժողովրդավարությունը պահանջում է քաղաքական պատասխանատվության ինստիտուտ, այսինքն՝ եթե մարդը ձախողել է, իրավունք չունի մնալ իշխանության։ Նույնիսկ ավտորիտար համակարգերում, եթե լիդերը ձախողել է, հրաժարական է ներկայացնում ու հեռանում է։ Սա ընդունված նորմ է, պատմության մեջ նման դեպք ես չեմ հիշում, որ պարտված ղեկավարը շարունակի պաշտոնավարել։ Կանգնել ու ասել, թե իշխանությունը ես տվել եմ ժողովրդին, հետո ժողովուրդը կրկին ինձ է տվել՝ իրականությանը չի համապատասխանում։
Ժողովրդավարության չափանիշների համատեքստում կա զսպման ու հակակշռման համակարգ, և եթե Հայաստանը խորհրդարանական երկիր է, ապա խորհրդարանն անմիջապես պետք է պատասխանատվության կանչեր Նիկոլ Փաշինյանին, նրան տար անվստահության քվե, որից հետո նա պետք է հրաժարական տար ու հեռանար։ Խորհրդարանական համակարգը սա էր ենթադրում, ինչը տեղի չի ունեցել։ Նա ձախողել է նույնիսկ վերընտրվելուց հետո, որովհետև խոսում էին Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայից, 2023 թվականին դեօկուպացիա եղա՞վ։ Եթե Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այդքան խոսում են ժողովրդավարության մասին, այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանին իր կառավարությունով պետք է ենթարկեին պատասխանատվության։ Նման բան տեղի չի ունեցել, ինչը խայտառակություն է։
– Այս ամենից հետո Հայաստանում իշխանափոխությունն ինչպե՞ս եք պատկերացնում՝ փողոցային պայքարի՞, թե՞ սահմանադրական ճանապարհով։
– Առհասարակ քաղաքագիտական գրականության մեջ (եթե վերցնում ենք, որ սահմանադրական ճանապարհով պետք է լինի իշխանափոխությունը) դա ենթադրում է, որ պետք է լինեն նոր ընտրություններ, ժողովուրդն իր քվեով ընտրի նոր իշխանություն։ Այս տարբերակով 2021 թվականին իշխանափոխություն չեղավ, քանի որ, ինչպես արդեն նշեցի՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չներկայացրեց։ Իշխանափոխությունը ոչ թե վաղը պետք է լինի կամ մյուս օրը, իշխանափոխությունը պետք է լիներ երեկ, պետք է լիներ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, որովհետև այսօր մենք գոյաբանական պայքարի մեջ ենք։ Իշխանափոխությունը պետք է ժամ առաջ լինի, և կարծում եմ՝ ամբողջ պետական համակարգը պարալիզացնելու միջոցով։
Բայց մինչ այդ այս իշխանությունը հանգիստ կմնա, թեկուզ ցածր լեգիտիմությամբ նա կգոյատևի։ Ցանկացած իշխանություն լուծում է երկու խնդիր՝ պահպանել սեփական իշխանությունը և իրականացնել պետական շահերի պահպանությունը, ինչը ևս երկարացնում է տվյալ իշխանության կյանքը։
Բայց կոնկրետ ՀՀ իշխանությունն այսօր իրականացնում է ընդամենը մեկ ֆունկցիա՝ պահպանում է սեփական իշխանությունը, և վերջ։ Այս իշխանությունների համար առհասարակ արտաքին քաղաքականություն գոյություն չունի, այստեղից դուրս գալ, մտնել մեկ այլ տեղ՝ արտաքին քաղաքականություն իրականացնել չէ։ Իրավիճակն այնպիսին է, որ դիվանագիտական ճանապարհով այսօր որևէ բան հնարավոր չէ շտկել, դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ ռազմական ուժ լինի կանգնած դիվանագիտության հետևում։ Մենք հիմա չենք հասկանում, թե հայկական կողմն ինչպես է ներկայանում բանակցություններին, նույնիսկ չգիտի՝ իր շահը որն է։ Փորձեք Նիկոլ Փաշինյանին հարցնել, թե ի՞նչ է նշանակում՝ «շահ», տեսեք՝ կկարողանա՞ ձևակերպել։ Ակադեմիական գրականության մեջ ձևակերպված է, որ շահը գիտակցված կարիքների ամբողջությունն է։ Բայց ըստ այս իշխանությունների՝ Արցախը, Տավուշի չորս գյուղերը, Սյունիքի մի մասը և այլն, հայկական շահերի մեջ չեն մտնում, փոխարենը՝ իրենք ցույց են տալիս ինչ-որ ոսկեզօծ քարտեզ ու ասում՝ սա է հայկական շահը։
– Հետևաբար՝ ի՞նչ է պետք անել, և ո՞վ պետք է իրավիճակը շտկի։
– Հասարակությանը պետք է կոնսոլիդացնել, պետություն ունեցող հասարակություններին կոնսոլիդացնում է պետության ղեկավարը, բայց այսօր մեր պետության ղեկին նստած է մարդ, որը դա չի անում։ Հետևաբար՝ հայ հասարակությունն ու պետությունն այսօր կանգնած են կազուսի առաջ, երբ պետության առաջին դեմքը չի գիտակցում՝ ինչ է կատարվում, եթե գիտակցեր, ապա 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո չէր մնա պաշտոնին։ Իր մնալով՝ նա երկիրը հասցրեց այս վտանգավոր կետին։
Իսկ դասական առումով, ընդդիմությունը պետք է բողոք ունեցող հասարակական զանգվածներին կարողանա կոնսոլիդացնել ու պահանջ ներկայացնել։
– 2020 թվականից սկսած հավաքական ընդդիմությունը նման փորձեր արեց, սակայն իշխանափոխություն տեղի չունեցավ։
– Քաղաքագիտության մեջ մի տերմին կա, որը կոչվում է աբսենտեիզմ, այսինքն՝ հասարակական այդ հատվածը, որը դժգոհ է իրավիճակից, նրա մոտ ուղղակի ֆրուստրացիա է առաջացած, և որևէ բանի չի մասնակցում։ Սա ևս էլիտաների խնդիրն է, նկատի ունեմ այն քաղաքական հատվածին, որը հայտ է ներկայացնում իշխանությունը վերցնելու համար։ Հիմա այն էլիտաները, որոնք հայտ են ներկայացրել վերցնելու իշխանությունը, գործընթացը չեն կարողանում կազմակերպել, այսինքն՝ խնդիրը դրա մեջ է մեծ հաշվով։ Չպետք է մտածել, որ 3 միլիոն Արիստոտելներ կամ Պլատոններ պետք է լինեն հասարակության մեջ, որ գործեն։ Մենք ունենք այն, ինչ ունենք, քաղաքական էլիտան պետք է ձևավորի իրական պետական շահերից ելնող օրակարգ։
Պետք է ձևավորի ադեկվատ անվտանգային օրակարգ։ Անվտանգային մարտահրավերներն առաջացել են ուժի բացակայության պայմաններում, որը տեղի է ունեցել ռեսուրսների սակավության պատճառով, որն ինչ-որ տեղ նախկինում բալանսավորվում էր Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների տրամաբանության ներքո։
– Այս պարագայում ՀՀ հասարակության քայլերն ինչի՞ն պետք է ուղղված լինեն։
– Եթե ընդհանուր բողոք լինի, ուղղակի կաթվածի բերվի կառավարման համակարգը, հնարավոր կլինի պարտադրել իշխանափոխություն։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ամեն գնով պահելու է իր աթոռը։ Եթե 2018 թվականին Սերժ Սարգսյանի համար խնդիր չկար դրված՝ ամեն գնով պահել իշխանությունը, ադեկվատ մոտեցում էր ցուցաբերում, ապա Նիկոլ Փաշինյանն այդպես չի անի։ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ այդ ամենի երկարաձգումը գնալու է արյունահեղության ճանապարհով, ընդունեց ռացիոնալ որոշում։ Շատերը Սերժ Սարգսյանին մեղադրում են, թե պետք է 2018 թվականին հրապարակի մարդկանց նկատմամբ ուժ կիրառեր և թույլ չտար իշխանափոխություն, և դա ասում են այն մարդիկ, որոնք այդ ժամանակ հրապարակում են կանգնած եղել։ Հիմա հասկանում եմ, որ իսկապես պետք է այդ մարդկանց վրա տանկ դուրս բերվեր։
Ես դեմ էի, որպեսզի Սերժ Սարգսյանը գնար, բայց Նիկոլ Փաշինյանը գնում էր Մարտի 1-ի կրկնության։ Եթե այսօր իշխանափոխություն լինի, Նիկոլ Փաշինյանը դիմելու է բռնության, արյուն է թափելու։ Եթե Նիկոլ Փաշինյանը բավարար ռեսուրս ունենա և կարողանա ընդդիմության խելացի դեմքերին մեկուսացնել, ինչպես Արմեն Աշոտյանին, ապա հաստատ գնալու է այդ քայլին։
Դուք որտե՞ղ եք տեսել 8-րդ դասարանի կրթությամբ ոստիկան, որը պետք է օրենքը, կարգը պահի. նման ոստիկան չի եղել ո՛չ Առաջին, ո՛չ Երկրորդ ու Երրորդ նախագահների ժամանակ, բայց Նիկոլ Փաշինյանի ժամանակ կան, որովհետև նրանց օգտագործելու են հասարակության դեմ։
Հիմա համատարած պետական մտածելակերպի դեմոնտաժ է գնում։ Հասարակությունը լրիվ ատոմիզացվում է, այդպես կարող է լինել մեծ պետություններում, բայց ոչ՝ Հայաստանի նման փոքր երկրում։ Սրանք ուզում են Հայաստանը վերացնեն, սարքեն տափաստան։
– Այս իրավիճակում ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը և Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները։
– Ցավոք, արտաքին ֆակտորներից որևէ մեկը մեր ուժային բալանսը չի լրացնում, քանի որ, եթե նախկինում կար հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանություն և այդ ուժային բալանսը լրացվում էր, այսօր դա փոխվում է։ Այդպես չի լինելու, որ Ռուսաստանը նախկինի նման լինելու է հիմնական անվտանգային մարտահրավերներին դիմակայող։ Եվրոպայում ու տարբեր ուժային կենտրոններում էլ ման գալը նաիվ է։
Տրամաբանությունը ժամանակի ընթացքում որոշվել էր, բայց այսօր այն փոփոխվել է։ Նունո Մոնտեյրոն նշում է, որ գերիշխող ուժն ունի երեք հիմնական տարբերակ. այն կարող է նահանջել տարածաշրջանից՝ իմանալով, որ այն և՛ հզոր է, և՛ ապահով. այն կարող է մնալ տարածաշրջանում կենտրոնական խաղացող և ձգտել պահպանել ստատուս-քվոն, կամ նա կարող է փորձել փոխել ստատուս-քվոն իրեն ձեռնտու ձևերով: Ռուսաստանն այս տարբերակներից ընտրելու է որևէ մեկը՝ հիմա կա՛մ Ռուսաստանը պետք է լքի տարածաշրջանը, կա՛մ պետք է տարածաշրջանում նոր ստատուս-քվոյի ձևավորմամբ իրականացնի իր քաղաքականությունը, ինչը ենթադրում է ուժերի նոր վերադասավորում։ Այդուհանդերձ, բոլոր հայտարարություններից զատ, Ռուսաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ Հայաստանի հիմնական գործընկերը։ ՀՀ իշխանությունն ասում է, թե իրականացնում է դիվերսիֆիկացիա, կարող եք տվյալները նայել, թե, օրինակ, մեր առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ որքան է, մյուս երկրների հետ՝ որքան։ Համալսարանի նորմալ սովորող ուսանողն այս ամենը հաստատ ավելի լավ է հասկանում։