Ինչու Փաշինյանը չհետևեց Սահակաշվիլիին տված խորհրդին ու չհեռացավ, որպեսզի Հայաստանը, հայ ազգը «նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձևավորելու հնարավորություն ստանա»

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էր մամուլի ասուլիսի։ Մասնակցում էին 19 լրատվամիջոցներից մեկական լրագրող, որոնց նախապես զգուշացրեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ տրված էր 3 րոպե ժամանակ հարց ուղղելու համար՝ առանց արձագանքելու հնարավորության։

Ասուլիսի ժամանակ 168.am հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, հնարավո՞ր է՝ հետևի 2009 թվականի մարտին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ  Սահակաշվիլիին ուղղված իր նամակ-կոչին, հնչեցրած քայլերին, և վարվի այնպես, ինչպես ժամանակին ինքը հորդորում էր Սահակաշվիլիին՝ հեռանալ։

Նիկոլ Փաշինյանն իր նամակում մասնավորապես գրել էր.

«Վրաստանը նախորդ տարվա ամռանն ահավոր, ուղղակի ահավոր հարված ստացավ, և սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն` իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ իշխանությունն իրեն պետք է պարտված ճանաչի` հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ` հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն։ Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից. Համենայնդեպս, նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձևավորելու հնարավորություն կստանա։ Ինչ խոսք, Վրաստանն անվերադարձ է կորցրել Աբխազիան և Հարավային Օսիան, բայց և չի երաշխավորված ավելին կորցնելու վտանգից։ Եթե անգամ Սահակաշվիլին կարողանա նման երաշխիքներ ստեղծել, վրացիներն ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս՝ հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանը`  ընդհանուր առմամբ, այնպես էլ՝ երկրի ամեն քաղաքացու։ Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից։ Հիմա Վրաստանի իշխանություններն իրենց գործողություններով, ձերբակալություններով իբր ուզում են ցույց տալ, որ կանխում են Ռուսաստանի կողմից «պատվիրված» իշխանափոխությունը։ Չխորանալով մանրամասների մեջ` ընդգծեմ միայն, որ տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հանդուրժողական հարաբերությունների հաստատումը բխում է հենց Վրաստանի շահերից, իսկ որ Սահակաշվիլին չի կարող նման հարաբերություններ հաստատել` ակնհայտ է»։

Կարդացեք նաև

14 տարի առաջ իրեն ուղղված նամակից մեջբերումը լսելուց հետո Նիկոլ Փաշինյանը   պատասխանը սկսեց նախաբանով՝

«Կյանքը հետաքրքիր ու դաժան բան է, այն ժամանակ, որ դա գրում էի, մտքովս կանցնե՞ր, որ գալու է այնպիսի օր, որ  ինչպես ես եմ իրեն բանտից գրում, ինքն էլ ինձ կգրի բանտից»:

Ի դեպ, քանի որ Փաշինյանի մամուլի քարտուղարը խստիվ արգելել էր արձագանքել իր ղեկավարի պատասխաններին, մենք այդպես էլ հնարավորություն չունեցանք հիշեցնելու, որ ««Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի անդամ, 2008 թվականի մարտի 1-ից հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը» ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացել 2010 թվականին և դրանից հետո միայն կալանավորվել: 

Այդուհանդերձ, կարճ նախաբանից հետո հնչեց մեր հարցի բուն պատասխանը.

«Ինչ վերաբերում է հարցին, ես դա արդեն արել եմ, այսինքն՝ այդքան փոքր իրադարձությո՞ւն է 2021 թվականի իմ հրաժարականը, արտահերթ խորհրդարանական ընտրություն անելը, այդ ընտրություններին միջազգային հանրության կողմից լայնորեն ազատ, արդար ու ժողովրդավարական, մրցակցային համարվելը։

Ընդ որում, կարող եք հարցնել, որ հրաժարական տվեցի, հետո ինչո՞ւ մասնակցեցի ընտրություններին։ Սրան էլ տասնյակ անգամ տվել եմ պատասխան։ Այն ժամանակ իրադրությունն այն էր, որ քաղաքական ուժերի մի մասը ասում էր, որ պետք է իշխանությունը փոխանցես մեզ, ես էլ ասում էի, որ չեմ կարող իշխանությունը փոխանցել որևէ մեկին, որովհետև ես հո իշխանության տե՞րը չեմ, բայց մյուս կողմից էլ՝ իշխանությունը հո անտե՞ր չէ, որ ով գա կանգնի այդ դռան դեմ, ասի՝ իշխանությունը տուր, մենք էլ ասենք՝ հես ա՝ վերցրու։ Այդ իշխանությունը տեր ունի, հետևաբար՝ հրաժարական տալով , ես իշխանությունը վերադարձնում եմ ժողովրդին։ Հետո, ես գնացել ու կանգնել եմ ժողովրդի առաջ, ասել եմ՝ ես պարտության պատասխանատուն եմ, դատիր մեզ։ Ասել եմ, ժողովուրդ, եթե դու որոշես, որ ինձ պետք է գնդակահարես, ես անմռունչ կկանգնեմ գնդակահարության պատի տակ։

Անկեղծ ասած՝ ես չէի հիշում, որ նման բան եմ գրել, շնորհակալ եմ, որ բերեցիք, ու ես հնարավորություն ունեցա ասելու, ցույց տալու, որ ինչ որ գրել եմ այնտեղ, մեծ մասն իրականացրել եմ։ Նորից կկարդամ, որպեսզի տեսնեմ՝ էլ ինչ կա, որ գրել եմ… »,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Իսկ իրականում մեր հարցի իմաստն էր՝ պարզել ի վերջո, թե ինչու նախկին լրագրող Փաշինյանը չհետևեց  Սահակաշվիլիին տված խորհրդին ու չհեռացավ, որպեսզի Հայաստանը, հայ ազգը «նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձևավորելու հնարավորություն ստանա», որպեսզի պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները չծանրանան Հայաստանի վրա, իսկ եթե  հեռանար՝ այդ պարտությունը կծանրանար իր անձի և իր թիմի վրա, բայց երկիրը կազատվեր այդ մղձավանջային զգացողություններից:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս