Բաղանիսի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը պնդում է՝ իր խոսքը խեղաթյուրված է ներկայացվել, թե հատկապես որ խոսքը՝ չասաց
Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների վերջին՝ մարտի 7-ին կայացած նիստի արդյունքներն ամփոփելիս՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարել էր, որ «Հայաստանն անհապաղ պետք է ազատի ադրբեջանական 4 գյուղերը»։
«Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերին՝ Բաղանիս-Այրումին, Աշաղը Ասքիփարային, Խեյրիմլիին և Ղըզըլհաջիլիին, ապա դրանց պատկանելությունն Ադրբեջանին կասկածներ չի հարուցում, և դրանք ենթակա են անհապաղ ազատման»,- APA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը։
Բաքուն նաև պնդել է, որ «սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս էքսկլավային գյուղերի ազատման հարցը»։
Ըստ Մուստաֆաևի գրասենյակի, դրանք են՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու, ինչպես նաև Նախիջևանին սահմանակից Քյարքի (հայկական անվանումը՝ Տիգրանաշեն) բնակավայրերը։
Այս հայտարարությունից հետո Տավուշի մարզի Բաղանիսի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը մի քանի լրատվամիջոցների ասել էր, որ անկախ այդ հայտարարություններից, բնակիչները մնալու են իրենց հողում ու մինչև վերջ կռվեն։ Մեկ այլ լրատվամիջոցի էլ ասել էր, որ «Կկանգնեն Նիկոլ Փաշինյանի կողքին ու կպաշտպանեն գյուղը»։
168.am-ն այսօր Բաղանիսի վարչական ղեկավարից փորձեց պարզել՝ ինչպե՞ս են պաշտպանելու գյուղը, ինչպե՞ս կմեկնաբանի գյուղը հանձնելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջները։
Մեր հարցերին ի պատասխան՝ Գևորգ Սահակյանն ասաց, որ չի պատրաստվում այլևս որևէ մեկնաբանություն տալ թեմայի վերաբերյալ, քանի որ թեմայի առնչությամբ վերջերս տված իր մեկնաբանությունները լրատվամիջոցներն աղավաղված են ներկայացնում։
Վստահեցրինք, որ իր մենաբանությունը կհրապարակենք բառացի, Գևորգ Սահակյանը պատասխանեց.
«Ամենայն հարգանքով, բայց թեմայի առնչությամբ որևէ մեկնաբանություն չեմ տալու»։
Իսկ թե հատկապես իր ո՞ր խոսքն են խեղաթյուրել, նա չասաց։
Նշենք, որ Բաղանիսիս վարչական ղեկավարը օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ «Նիկոլ Փաշինյանի կողքին կկանգնեն, զենք կվերցնեն իրենց հողը կպաշտպանեն»։ «Ուղիղ ձեզ ասեմ՝ ճիշտ է ասում, այդ պահը, հարց չկա՝ Ադրբեջանինն է, ադրբեջանցիներ են կոնկրետ ապրել Բաղանիս-Այրումում, բայց ես չգիտեմ, թե ռեալ ու՞մն է եղել՝ ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական, բայց էն որ հիմա մերն ա՝ մերն ա ու մերն էլ լինելու ա»,- ասել է նա։
Նրա այս հայտարարությունները բուռն քննադատությունների էր արժանացել սոցցանցերում։
Հավանաբար Գևորգ Սահակյանն իր հենց այս հայտարարությունը նկատի ուներ, որը, սակայն խեղաթյուրված չէ, ձայնագրությունն առկա է։
168.am-ի հետ զրույցում Այրումի համայնքապետարանի ղեկավար Արթուր Այվազյանն էլ ասաց, որ չգիտի, թե Ադրբեջանն ինչ է պահանջում, քանի որ Այրումը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից 30 կմ հեռավորության վրա։
«Մենք սահմանակից ենք Վրաստանին, Ադրբեջանի սահմանից էլ 30 կմ հեռավորության վրա ենք գտնվում»,- եզրափակեց Արթուր Այվազյանը։
Նշենք, որ օրերս խորհրդարանում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման՝ այդ գյուղերը ՀՀ տարածքում չեն։