Քաղաքականացված հարց է. փորձագետը` «Զվարթնոցից» ՌԴ սահմանապահներին հեռացնելու մասին
Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանը վստահ է` «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին հեռացնելու մասին որոշումը քաղաքականացված է։ Այս մասին Ստեփանյանն ասաց Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում։
«Ընդամենը 3-4 ռուս սահմանապահ է ծառայում «Զվարթնոց» օդանավակայանում, նրանք, գործում են Հայաստանի օրենսդրությամբ ու ենթարկվում են մեր սահմանապահների ղեկավարությանը։ Առանց նրանց թույլտվության ոչ մի բան չի արվում։ Ես լուրջ չեմ համարում «Զվարթնոցում» ներկա ռուս սահմանապահների շուրջ առկա խոսակցությունները։ Եթե 10-20 տարի առաջ բարձրացվեր այս հարցը, ապա այսպիսի արձագանք չէր լինի ոչ Հայաստանում, ոչ էլ Ռուսաստանում։ Դրա վառ ապացույցն է, երբ ժամանակին իմ խնդրանքով ռուսները դուրս եկան Գյումրու օդանավակայանից։ Չեք լսել, չէ՞ այդ մասին»,- նշեց մասնագետը։
Նա վստահ է` սա քաղաքականացված հարց է։
Ստեփանյանը իշխանությունների քայլերում նաև հայ հանրությանը Ռուսաստանի դեմ տրամադրելու փորձեր է տեսնում։
Գեներալը միաժամանակ չբացառեց, որ վաղ թե ուշ իշխանությունները կցանկանան չեղյալ հայտարարել 1992 թվականի սեպտեմբերին ՌԴ-ի հետ կնքված պայմանագիրը, համաձայն որի ռուս սահմանապահները կանգնած են Թուրքիայի հետ 311 կմ-ոց սահմանին։
«Դա մեծ հիմարություն կլիներ Երևանի կողմից, շատ լուրջ խնդիրներ կստեղծի հայկական կողմի համար։ Եթե նման բան արվի, ապա կվերադառնանք 1992 թվական, բայց դա կլինի հենց մեր պատճառով, ոչ թե թուրքերի։ Ճիշտ կլինի, որ ՌԴ սահմանապահներին օգնեն մեր հայ սահմանապահները»,– ընդգծեց Ստեփանյանը։
Ըստ պայմանագրի` սահմանապահ ծառայություն իրականացնելու համար անձնակազմի 50 տոկոսը պետք է տրամադրի Հայաստանը։ Բայց գեներալն առաջարկում է հետաքրքրվել, թե իրականում քանի մարդ է այնտեղ ծառայում Հայաստանի կողմից։ Թիվ նա չնշեց, բայց ասաց, որ դա խայտառակ ցուցանիշ է։