Բաժիններ՝

Հիմնականում բոլոր ենթաինդեքսների առումով ունենք նահանջ. Տնտեսագետ

2020 թվականի մայիսին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին, որում պատվավոր հորիզոնական հատկացրեց նաև Heritage Foundation-ի կողմից «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում արձանագրված արդյունքին: Այդ ժամանակ 180 երկրների շարքում Հայաստանը 34-րդն էր, և, որ մեծապես փողփողվում էր՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվել էր «հիմնականում ազատ» երկրների խումբ:

Բայց վերջին տարիներին այս առաջընթացից մնացին միայն հիշողություններ, քանի որ այս ինդեքսում Հայաստանը սկսեց նահանջել: Տնտեսական ձեռքբերումները մնացին միայն իշխանությունների հայտարարությունների և պաշտոնական վիճակագրության շրջանակներում. չփոխվեց տնտեսության կառուցվածքը, իսկ «ՀՀ հպարտ քաղաքացին», «այդ մեկ մարդն» աճերի մասին հիմնականում միայն լսեց ու չտեսավ:

Այսպես, ՀՀ 2024թ. տնտեսական ազատության ինդեքսը դարձյալ նվազել է և կազմել 64.9 միավոր, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, իսկ եվրոպական տարածաշրջանում 26-րդն է։ Հայաստանի 2024թ. ՏԱԻ-ն (տնտեսական ազատության ինդեքսը) 2001թ.-ից ի վեր նվազագույնն է։

Վերջին 3 տարիներին Հայաստանն ընդգրկված է տնտեսապես «չափավոր ազատ» երկրների խմբում։ 2020 և 2021թթ. Հայաստանն ավելի բարձր՝ տնտեսապես «հիմնականում ազատ», երկրների խմբում էր:

Կարդացեք նաև

«Հիմնականում բոլոր ենթաինդեքսների առումով ունենք նահանջ,- 168.amի հետ զրույցում տնտեսական աղյուսակին անդրադառնալով՝ նշեց տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը՝ այդուհանդերձ, արձանագրելով նաև, որ ԵԱՏՄ ու եվրոպական տարբեր երկրների համեմատած՝ արձանագրվել է նաև իրավիճակի բարելավում,- Չի բացառվում, որ սա հերթական մանիպուլյացիայի առիթը հանդիսանա այս իշխանությունների կողմից: Բայց երբ անջատ ենք դիտարկում ՀՀ ցուցանիշները, ակնհայտ են դառնում անկումային միտումները:

Թերևս 4 հիմնական ուղղություններից միայն դրամավարկային ենթաինդեքսի անկումն է կարելի համեմատաբար օբյեկտիվ գնահատել, քանի որ այն պայմանավորված է Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային կոշտ քաղաքականությամբ (ԿԲ-ն գնաճի այդ պայմաններում արել է այն, ինչ պետք է արվի. այլ է խնդիրը, որ համագործակցված տնտեսական քաղաքականությունը չի եղել բավարար): Եվ այդ ֆենոմենը միայն ՀՀ-ում չի եղել:

Նշվում է հարկաբյուջետային կայունության ենթաինդեքսում նահանջի մասին, որը պետական պարտքի ներգրավման խնդիրներն է վերհանում: Հետաքրքիր է, որ պետական պարտքի աճի մասին ահազանգերն իշխանությունների կողմից հակադարձվում են հավաստիացումներով, թե պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն իջել է:

Այս ինդեքսի բացվածքի դեպքում տեսնում են երկու ցուցանիշ՝ պետական բյուջեի պակասուրդ-ՀՆԱ հարաբերակցություն և պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցություն: Սա գալիս է վերահաստատելու, որ վիճակագրորեն արձանագրված բարելավումները նույն պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության դեպքում այդքան էլ օբյեկտիվ չեն. այս ցուցիչով պարզ է դառնում, որ որակական փոփոխությունը նկատելի է բացասական առումով, և պետական պարտքի ներգրավման խնդիրն այսօր ռիսկ է գնահատվում նաև այս ինդեքսի համատեքստում»:

Տնտեսագետն ուշադրություն հրավիրեց նաև կոռուպցիայի բացակայության ենթաինդեքսով նահանջին՝ այն հատկապես դիտարկելով իշխանությունների՝ «մեզ մոտ համակարգային կոռուպցիա չկա» պնդումների ֆոնին և պետական ծախսերի արդյունավետության գնահատման վրա:

«Վերջինի դեպքում առավելապես խնդիրը վերաբերում է հենց կապիտալ ծախսերին, ինչը կարող ենք կապել հարկաբյուջետային կայունություն ասվածին, որի ներքո պետական պարտքի ներգրավումն է դիտվում: Սրանք իրար հետ փոխկապակցված են, որովհետև պետական պարտքի խնդիրը ռիսկային չէ այնքան ժամանակ, քանի դեռ դրա կառավարման ու կառավարելիության հետ կապված խնդիրներ չկան,- մանրամասնեց Լիլիա Ամիրխանյանը՝ նկատելով, որ 3 տարիների միջինացված ցուցանիշների հիման վրա է արվել գնահատումը,- Այսինքն՝ դա այն է, ինչին պարբերաբար անդրադառնում ենք՝ որ երբ ունենում ենք աճեր վիճակագրորեն, այդ բացարձակ թվերի աճերը միշտ չէ, որ ցույց են տալիս որակական դրական փոփոխություններ, քանի որ վիճակագրական աճերի վրա ազդում են գործոններ, որոնք տողատակում են թողնում որակական փոփոխությունները: Իսկ որակական փոփոխությունները շատ հաճախ այդ դրական տեղաշարժերի հակառակի մասին կարող են խոսել»:

Տեսանյութեր

Լրահոս