Հայկական դիվանագիտությունը պետք է ամրապնդի գոյություն ունեցող դաշինքները, ոչ թե ձեռք բերի հերթական հակառակորդներ. «Ex Oriente»

«Ex Oriente» Հայաստանի Արևելագետների Միության Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հայաստանի շուրջ վերջին զարգացումները՝ տարածաշրջանում շարունակվող անկայունության և լայնածավալ միջազգային հակամարտությունների համատեքստում, խորացրել են մեր երկրի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար առկա սպառնալիքները։

Մեր խորին համոզմամբ՝ Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռված, գրագետ հաշվարկված և ռացիոնալ արտաքին քաղաքականություն, որտեղ առաջնային կլինեն Հայաստանի, այլ ոչ թե այլ պետությունների ազգային շահերը։ Գերտերությունների միջև շարունակվող միջազգային հակամարտության մեջ Հայաստանին ներքաշելը հանգեցնելու է անդառնալի հետևանքների:

Միջպետական հարաբերությունների զարգացումը նոր գործընկերների հետ չպետք է իրականացվի պատմականորեն ձևավորված և իրավականորեն ձևակերպված դաշնակցային հարաբերությունների հաշվին։ Հայաստանի իշխանությունները պետք է գործեն Հայաստանի ու այլ երկրների շահերի համադրման եղանակով, և ոչ մի պարագայում չգայթակղվեն այդ շահերի հակադրման շնորհիվ ենթադրյալ դիվիդենտներ քաղելու հեռանկարով։ Միջպետական հարաբերությունների վերաբերյալ անորոշ ու առճակատման տրամաբանությամբ արվող հայտարարությունները ոչնչով չեն նպաստելու Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդմանը, այլ միայն լրացուցիչ ռիսկեր և վտանգներ են առաջացնելու։

Հայկական դիվանագիտությունը պետք է ամրապնդի գոյություն ունեցող դաշինքները և հաստատի նոր գործընկերային հարաբերություններ, ոչ թե ձեռք բերի հերթական հակառակորդներ:

Աշխարհն օրեցօր սրվող գլոբալ հակամարտության մեջ է, որը աննախադեպ լարվածություն է ստեղծում միջազգային հարաբերությունների համակարգում։ Մեր տարածաշրջանը ևս դարձել է հակասական շահերի բախման խաչմերուկ: Այս ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, միայն իրատեսական արտաքին քաղաքականությունը և պետականամետ որոշումները թույլ կտան պաշտպանել հայ ժողովրդի կենսական շահերն ու անվտանգությունը։ Մենք պատասխանատու ենք ապագա սերունդների առջև Հայոց պետականության պահպանման համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031