Բյուջեից հավելյալ 850 միլիոն դրամ են տվել՝ քննիչներին բաժանելու համար
Երբ 2022 թվականին փաշինյանական իշխանությունը որոշեց «Ազգային անվտանգության մարմինների» մասին օրենքում փոփոխություն անել և Ազգային անվտանգության ծառայության քննչական ծառայության քննչական մարմնի գործառույթը (թվով 47 հաստիք) փոխանցել Քննչական կոմիտեին, այդ փոփոխության ժամանակ հայտարարում էին, թե այդ 47 քննիչի աշխատավարձն ու պարգևավճարը՝ գումարած նաև հավելյալ այլ ծախսեր, կատարվելու են Ազգային անվտանգության ծառայության բյուջեի՝ համապատասխան թվով հաստիքների կրճատման հաշվին և պետական բյուջեից հավելյալ միջոցներ անհրաժեշտ չեն լինելու։
Հիմա պարզվում է՝ իրավիճակն այլ է. այս 47 քննիչի աշխատավարձի, պարգևավճարի և այլ ծախսերի համար գումարն անհրաժեշտ է ստանալ Կառավարության պահուստային ֆոնդից, որտեղից Քննչական կոմիտեին է տրվել հավելյալ 849.9 մլն դրամ։
Այս գումարից ընթացիկ ծախսերի գծով հատկացվել է 801.4 մլն դրամ և վարչական սարքավորումների ձեռքբերման գծով 48.5 մլն դրամ:
Նշենք, որ Ֆինանսների նախարարությունն առարկել է այս գումարի տրամադրմանը՝ նշելով, որ պահուստային ֆոնդի միջոցներն ուղղվում են պետական բյուջեում չկանխատեսված հրատապ ելքերին։
Ֆիննախից նաև հավելել են՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության ներկայիս սոցիալական և հումանիտար մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը, պետք է ձեռնպահ մնալ պահուստային ֆոնդից գումարների հատկացումից։
Չնայած այս առաջարկությանը՝ նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարարությունը մնացել է անդրդվելի և 850 միլիոն դրամ ստացել Քննչական կոմիտեի 47 քննիչի վճարելու համար։