Իրենց ինքնազոհության հաշվին 70 մարդ են փրկել. Ինչու և ինչպես են հանձնվել Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանն ու Դավիթ Իշխանյանը. Տիգրան Քոչարյան

«Սասուն Միքայելյանին բարդ է պատասխանել, որովհետև ինքը երկրապահ չէ, հրազդանապահ է իր էությամբ: Կապված Արցախի նախագահների հետ՝ բազմիցս ասվել է, որ նույն նախագահներն իրենց կամքով են դուրս եկել ռուսական բազայից՝ գտնվելով ռուսների պաշտպանության ներքո: Եվ քանի որ այնտեղ հարց էր դրված, ու մոտ 70 հոգու մասով Ադրբեջանը շանտաժի էր ենթարկում, որ նրանց կտանի Բաքու, եթե նախագահները չհանձնվեն, նախագահներն այդ քայլն արեցին»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց մեդիափորձագետ, քաղաքական մեկնաբան Տիգրան Քոչարյանը՝ պատասխանելով սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-րդ տարեդարձի օրը Եռաբլուրում Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանի  հնչեցրած այն մտքին, թե եթե ռուսներն ուզեին, Արցախի նախագահներին դուրս կբերեին Արցախից, ու նրանք չէին հայտնվի ադրբեջանական գերության մեջ:

Հակադարձելով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, Տիգրան Քոչարյանը հարց հնչեցրեց՝ այդ դեպքում ինչպե՞ս են Հայաստանի տարածքում հայտնվել Սամվել Շահրամանյանը, Վիտալի Բալասանյանը, Արշավիր Ղարամյանը և այլ գեներալներ, պատերազմի մասնակիցներ: Ովքե՞ր են իրենց պահել, բերել և ապահով հասցրել այստեղ. «Այստեղ մուտիլովկեք անել պետք չէ»:

«Առնվազն Ռուսաստանն իր ղեկավարության շուրթերով խոսել է Արցախի նախագահների հարցի մասին, և կարծեմ Պուտինն ասել է՝ ես խնդրել եմ Իլհամ Ալիևին հումանիստական վերաբերմունք ցուցաբերել այդ մարդկանց նկատմամբ: Հայաստանի ղեկավարությունը բառ անգամ չի ասել այս ամենի ուղղությամբ: Այսինքն՝ մենք կրկին Ռուսաստանին պարտադրում ենք լինել ավելի պրոհայկական, քան Հայաստանի իշխանությունները»,- ասաց նա:

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ այս մանիպուլյացիաներին պետք է վերջնական պատասխաններ տրվեն:

Կարդացեք նաև

«Եվս մեկ անգամ ասեմ, որ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը հանձնվել են Ադրբեջանին, դուրս են եկել ռուսական ռազմաբազայից, որտեղ ռուսներն իրենց անվտանգությունն են ապահովել, ինքնակամ գնացել են, հանձնվել, որպեսզի 70 հոգի գերեվարված ոստիկանության աշխատողներին, հրշեջներին, փրկարարներին ազատ արձակեն,- ասաց Տիգրան Քոչարյանը՝ հավելելով՝ ինչպե՞ս է Արայիկ Հարությունյանը հայտնվել ադրբեջանական գերության մեջ, թող Արայիկ Հարությունյանից հարցնեն։- Շատ է վստահել Ադրբեջանի անվտանգության աշխատակիցներին»:

«Էլի եմ ասում, Ադրբեջանում Արայիկ Հարությունյանի հայտնվելը մի քիչ այլ ճանապարհով է տեղի ունեցել: Բայց եթե խոսքը գնում է Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի մասին, այդ մարդիկ իրենց ինքնազոհության հաշվին 70 հոգի են փրկել, դուրս բերել:

Ընդ որում, ուրիշ բան էլ ավելացնեմ, որ որոշների մոտ ցանկություն է եղել ինքնասպանություն գործել, բայց քանի որ ադրբեջանցիները պայման էին դրել, որ Արցախի նախագահների ինքնասպանության դեպքում գերի վերցրած այդ 70 հոգուն չեն ազատի, գնացել, հանձնվել են, այսինքն՝ փրկել են 70 հոգու: Եվ պետք է վերջ տալ այդ մանիպուլյացիաներին և ռուսական կողմին խառնել: Էլի եմ ասում, եթե ռուսական կողմն այդքան վատն էր, ապա ինչպե՞ս են այստեղ հայտնվել Սամվել Շահրամանյանը, Կարեն Սարգսյանը… Սամվել Բաբայանն այլ ճանապարհով է դուրս եկել և այլ մարդկանց խնդրանքով՝ հաշվի առնելով այն հանգստությունը, որով նա անցել է:

Այսինքն՝ հակադարձելով Սասուն Միքայելյանին՝ ասեմ, որ ռուսներն ում տիրություն արել են, բարով-խերով հասցրել, բերել են: Նախագահներն էլ կգային, բայց նրանք ասել են՝ մենք վերջինն ենք դուրս գալու Արցախից՝ վերջին հայը դուրս կգա Արցախից, մենք էլ դուրս կգանք: Մինչդեռ որոշ շրջանակներ մանիպուլացնում էին, թե Արցախի նախագահները դեռևս երկու շաբաթ առաջ էին ցանկացել դուրս գալ, բայց ռուսները չեն թողել, ուղղաթիռ չեն տվել»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս