Թե ո՞վ է քեզ կպնելու, ո՞վ է քեզ վրա ձեռքերը կեղտոտելու, այ ԲՎԵՃ, որ 30 ավտոյով ես ֆռռում. Գևորգ Պետրոսյան
«Խայտառակությունն այլ անվանում չունի: Բռնապետության բաստիոն լինելը հենց այսպես է ապացուցվում: Ի՞նչ է նշանակում գնալ հերոսի շիրիմին մի քանի հարյուր ոստիկանի ուղեկցությամբ: Էդքան ոստիկանի, Նիքոլ, ո՞ւմ դեմ ես տարել, ումի՞ց էիր պաշտպանվում: Որպես ինքնահռչակ գերագույն հրամանատար՝ եթե գտնում ես, որ դու մեղք չունես Եռաբլուրի եռապատկման հարցում, ումի՞ց էիր վախենում, իսկ եթե մեղավոր ես, ինչո՞ւ էիր գնացել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, փաստաբան Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-րդ տարեդարձի օրը Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցին:
Նրա խոսքով՝ առավել խայտառակ էր այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի կողքին Եռաբլուրում էր գտնվում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը:
«ԲՎԵՃ (բանակցությունները վիժեցրած ենոքավանցի ճվճվանը, հապավում է) Նիկոլը բարոյական իրավունք չունի Եռաբլուր մտնելու, որովհետև, ցավոք սրտի, Եռաբլուրը եռապատկվեց հենց նրա անձնական ջանքերի պատճառով»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Վերջինս նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը, ով Վազգեն Սարգսյանի հետ համեմատվելու ոչ մի եզր չունի, ժամանակին Վազգեն Սարգսյանին 18 տարեկան զինվոր երեխաների գլուխն ուտելու մեջ էր մեղադրում:
«Եթե պայմանականորեն ընդունենք անգամ իր գրածը, բա դու էդ երեխեքի գլուխները կերածի շիրիմին ո՞նց ես խոնարհվում… Վազգեն Սարգսյանն իր կյանքով ապացուցեց, որ պետության շահը գերակա է անձնական շահից, իսկ Հայաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան ԲՎԵՃ Նիկոլը հակառակն է ապացուցել. իր համար իր անձնական շահը, իր ընտանիքի հաճույքների ապահովման շահը գերակա է ազգային անվտանգությունից, պետական սահմանների պաշտպանությունից: Ուղղակի ամոթալի էր Արամ Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի կողքին տեսնել: Ժողովրդական ասացվածք կա՝ «Արյունը ջուր չի դառնում»: Փաստորեն Վազգեն Սարգսյանի այդ եղբոր արյունը ջուր է դարձել, ասում են՝ իր կոմերցիոն նկատառումներից ելնելով»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Վերջինս նշեց նաև, որ բազմաթիվ ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունով երթևեկությունը Նիկոլ Փաշինյանի վախերի մասին է խոսում:
«Ինքն ուտում-խմում, իր ընտանիքով 30 ավտոյով գնում է մի քաղաքից մյուսը… Թե ո՞վ է քեզ կպնելու, ո՞վ է քեզ վրա ձեռքերը կեղտոտելու, այ ԲՎԵՃ, որ տենց վախեցած՝ 30 ավտոյով ես ֆռռում… Որ վախեցած ես, դու ինչի՞ ես աշխատում: Ոչ մեկս էլ չենք ուզում վախեցած ղեկավար ունենալ, որովհետև այդ վախն ազդելու է մեր պետության անվտանգության վրա»,- ասաց փաստաբանը:
Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի վտանգավոր հայտարարություններին:
«Հլը նայե՛ք՝ ինչ ցրցամ է տալիս, ասում է՝ Սյունիքում սերունդ է մեծացել, որը չի տեսել, որ այդտեղ Ադրբեջան է եղել: Հերիք չի՝ Արցախը հանձնեցին, հիմա էլ Արցախից պրծան, եկել է՝ Սյունիքն է ասում Ադրբեջան: Սա պետական դավաճանություն է, սենց թշնամու կողմն անցնել ուրիշ ձևի հնարավո՞ր է: Նիքոլ Փաշինը պետք է ցմահ բանտարկվի: Այնպես որ, իրեն ոչ ոք չի գնալու, փողոցում չի խփելու, իրեն բանտարկություն է պետք: Նա պետք է «վայելի» Արցախի ու Հայաստանի գլխին բերած փորձանքի «հաճույքը»»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: