Իրանը ևս անցավ հրապարակային զգուշացումների․ ի՞նչ է փորձել հասկացնել Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարը Պապիկյանին
ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի իրանական այցի ընթացքում իրանական կողմն ուշագրավ ուղերձներ է հնչեցնում։ Թեհրանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի ռազմական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին հայտարարել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին։
Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ Աշթիանին Իրանի աջակցությունն է հայտնել տարածաշրջանային խաղաղությանը՝ վերահաստատելով Իրանի դիրքորոշումը ՝ աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների չփոփոխմանը: Նա նաև ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա այս քաղաքականությանը և կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերին։
Իսկ ըստ IRNA գործակալության, Աշթիանին, մասնավորապես, շեշտել է. «Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքի է հանգեցնելու` տարածաշրջանը վերածվելու է ուժերի բախման կետի և ավելի շատ մարտահրավերներ է ստեղծելու տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»:
ՀՀ իշխանությունների համար այս շեշտադրումները թերևս նորություն չեն, քանի որ դեկտեմբերի վերջին ՀՀ կատարած աշխատանքային այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանը հայտարարել էր, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանային ուժերը։
«Իրանն ուզում է, որ Հայաստանի խաղաղությունն ու կայունությունն ապահովված լինի առանց արտաքին ուժերի միջամտության ու տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ՝ Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջոցով հաստատվի հայ-ադրբեջանական խաղաղությունը»,- Երևանում հայտարարել էր Իրանի արտգործնախարարը՝ ավելացնելով, որ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, Իրանն ավելի վաղ ոչ հրապարակային ևս հայկական կողմի հետ ունեցած տարբեր մակարդակի հանդիպումների ընթացքում առաջարկել է իր երաշխավորությունը, զգուշացրել ռեգիոնում աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիությունը, ինչպես նաև նշել, որ երրորդ ուժերի ներկայությունը ռեգիոնում չի ողջունում։ Եվ փաստորեն ներկայումս իրանցի գործիչներն անվտանգային սպառնալիքների անվերահսկելիության մասին խոսում են հրապարակային։
Ուշագրավ է, որ մինչ Իրանում Սուրեն Պապիկյանն իրանական կողմի զգուշացումներն է լսում տարածաշրջանից դուրս անվտանգություն փնտրելու վերաբերյալ, Երևանում Կիպրոսի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գովերգում է ԵՄ դիտորդներին, որոնց տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանագծին, ըստ նրա, զգալի դրական դերակատարություն է ունեցել իրավիճակի վրա՝ ողջունելով ԵՄ որոշումը՝ ընդլայնել դիտորդների թվաքանակը։
Հարկ է նշել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ջերմացման ֆոնին ռուսական կողմը ևս տագնապեցնող հայտարարություններ է անում։
Մասնավորապես, նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ-Արևմուտք «սիրախաղին», նշեց, որ Արևմուտքը «կոտրեց, խաբեց, մի կողմ նետեց» Ուկրաինային և «նոր զոհի փնտրտուքի մեջ է»։
«Այնպես չստացվի, որ այդ նոր զոհը Հայաստանը լինի»,- զգուշացրել է Զախարովան։
Ռեգիոնալ բոլոր ուժերը՝ Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, գոնե հստակ դիրքորոշում ունեն ՀՀ արևմտականացման գործընթացի վերաբերյալ, սակայն ՀՀ իշխանությունները կարծես հաստատակամ են իրենց որոշումներում և հետևանքների մասին քիչ են մտահոգվում։
168․am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Աշթիանիի հայտարարությունը, իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարն իրական մտահոգություն է հայտնել, քանի որ աշխարհում այս ծանրագույն իրավիճակի ֆոնին այս գոտում Արևմուտքի ներթափանցումը, բնականաբար, մեծացնում է մրցակցությունը ռեգիոնում, ինչն էլ իր բազմաթիվ հետևանքները կարող է ունենալ՝ ինչպես մի շարք հարաբերությունների վատթարացման, այնպես էլ՝ սուր սցենարների առումով։ Իրանը, նրա խոսքով, վստահ կարող է լինել այն անվտանգության հարցում, որն ինքն է ապահովում և որի վերաբերյալ երաշխավորություն ինքն է տալիս, ապահովել դրա՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ մնացած բոլոր անհրաժեշտ բաղադրիչները։
«Բնականաբար, Իրանը դեմ է իր հարևանությունում Արևմուտքի հաստատմանը հատկապես այս փուլում, երբ աշխարհաքաղաքական մրցակցությունն ահռելի ծավալների է հասել և բավականին անխնա բնույթ է կրում։
Ավելորդ է ասել, որ Արևմուտքի ակտիվությունն այստեղ ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Իրանը չի միջամտում ներքին գործերին, սակայն զգուշացնում է, որ արևմտյան անվտանգությունը կարող է չաշխատել, իսկ ռեգիոնալ երաշխիքները կարող են ամուր լինել։ Սա է ողջ իրականությունը։
Սա ամենևին սպառնալիք չէ, այլ առաջարկ՝ ավելի կայուն ռեգիոն ձևավորել։ Ինչպես տեսնում ենք, նույնիսկ բանակցություններն Արևմուտքում հաջողությամբ չեն պսակվում, անվտանգային խնդիրները չեն լուծվում իրականում, բացի փոքր փոփոխություններից»,- ասաց վերլուծաբանը։
Նա շեշտեց, որ այս հայտարարությունները նորություն չեն, քանի որ այս մասին հայտարարություններ արել է ԻԻՀ նախագահը, Ալի Խամենեին, արտգործնախարարը։ «Սակայն, եթե հայտարարություններն ավելի բաց բնույթ են ստանում, բոլոր մակարդակներում են հնչում, նշանակում է՝ առաջընթաց չկա։ Արևմուտքը տարածաշրջանում անվտանգություն ինչպե՞ս պետք է ապահովի, ինչպե՞ս պետք է վերահսկի ռիսկերը, բացի քաղաքական լծակներից, այլ գործիքներ չկան, իսկ Իրանի հնարավորություններն ավելի ընդարձակ են, ինչպես նաև դրան ավելանում է այդ դերակատարության շուրջ ռեգիոնալ փոխըմբռնումը։ Այնուամենայնիվ Իրանն ու Հայաստանը բարեկամ երկրներ են ու, կարծում եմ՝ փոխըմբռնման կհասնեն»,- ասաց նա։