Թուրք նախկին պաշտոնյան ափսոսանք է հայտնել, որ ժամանակին իրենք Հայոց ցեղասպանության համար ներողություն չեն խնդրել
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախկին նախագահ, նախկինում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչ Հիքմեթ Չեթինը թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ ժամանակին պետք էր ներողություն խնդրել Դերսիմի դեպքերի և Հայոց ցեղասպանության համար։
«Եթե ժամանակին ներողություն խնդրեինք Դերսիմի կոտորածների կամ հայկական դեպքերի համար, այդ հարցերը այսօր այսքան մեծ խնդիր չէին դառնա մեզ համար»,-ասել է նա։
Մասնավորապես, խոսելով Թուրքիայի հանրապետության հիմադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին՝ Չեթինը ասել է․ «Աթաթուրքը շատ մեծ գործեր է արել, բայց սխալներ էլ է գործել․ օրինակ Դերսիմի դեպքերը։ Այդպե՞ս պետք է լիներ։ Ի՞նչ է նշանակում որդու աչքի առաջ հորը կախաղան հանել։ Չէր կարելի նման բաներ անել։
Այս ամենի համար ժամանակին պետք էր ներողություն խնդրել, ճիշտ հայկական դեպքերի նման։ Օրինակ հանրապետությունը հիմնադրողները ինչու՞ հայկական դեպքերի համար ներողություն չխնդրեցին։ Լավ կլիներ՝ վեր կենային ու ասեին՝ այսպիսի բան է եղել։ Ցավալի իրադարձություններ են եղել։ Ներողություն ենք խնդրում։ Եթե ասեին, գուցե այս հարցը այսքան չբարդանար։ Ներողութոյւն խնդրել չի նշանակում պարտվել։ Բայց չենք կարողացել դա անել»։
Հիշեցնենք, որ 1937-1938թթ. տեղի ունեցած Դերսիմի կոտորածի ժամանակ թուրքական բանակի գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների՝ սպանվել է 16.000, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 70.000-ից 90.000 հազար քուրդ ալևի, ևս 12.000 մարդ էլ բռնագաղթի ենթարկվել: