Մենք ՀԱՊԿ-ից դեռ դուրս եկած չենք, և թե ՀԱՊԿ-ից դուրս գալն ինչ վտանգներ ունի, գաղտնիք է. Ասրյան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների մասին տեղեկությունը գաղտնի է: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Մենք ՀԱՊԿ-ից դեռևս դուրս չենք եկել, իսկ թե ինչի դա կարող է հանգեցնել, այդ հարցը գաղտնիք է պարունակում»,- ասաց նա։
Լրագրողի այն դիտարկմանը, թե ՀԱՊԿ շրջանակում համատեղ կառույցներ կան՝ Ասրյանն արձագանքեց՝ այդ կառույցները գոյություն ունեն միայն թղթի վրա:
Հիշեցնենք, որ «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին:
Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, ապա Ասրյանը հայտարարեց, որ ՀՀ սահմաններին կուտակումներ չկան։
«ՀՀ զինված ուժերը բոլոր միջոցներով ուշիուշով հետևում են հակառակորդի` Ադրբեջանի ԶՈւ-ի շարժերին։ Օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն»,- ասաց Ասրյանը։
Անդրադառնալով ՀՀ սուվերեն տարածքում (Ներքին Հանդում) տեղակայված ադրբեջանական զինուժին` նա շեշտեց, որ շփման գիծն այնպիսի հատված է, որ և՛ ՀՀ զինված ուժերը, և՛ հակառակորդը դիրքեր ունեն։
Ասրյանի փոխանցմամբ՝ եթե հակառակորդն ունի 20 դիրք, ապա այդքան էլ հայկական կողմն ունի, ու շեշտեց` պետք չէ, որ քանակը բացահայտի։ Նա վստահեցրեց` հայկական բանակը ներկա դրությամբ զբաղեցրած բնագծում կատարում է իր առջև դրած խնդիրները։
ԶՈւ գլխավոր շտաբի պետը տեղեկացրեց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին ՀՀ ԶՈւ կողմից կրակ բացելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունը դեռևս հետաքննվում է։
«Ներքին Հանդի ուղղությամբ տեղի ունեցածի մասով հետաքննությունը դեռևս ավարտին չի հասցվել»,- նշեց Ասրյանը՝ հավելելով, թե ավարտական փուլ հասնելու պարագայում այդ մասին կտեղեկացվի։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 հայ զինծառայող էր զոհվել, 1-ը՝ վիրավորվել:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահներն են կրակ բացել, ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել։ Այժմ ՊՆ ռազմական ոստիկանությունը հետաքննում է այդ տեղեկությունը։